Փաստաբանների պալատի նախագահ վերընտրվեց Ռուբեն Սահակյանը
Այսօր ՀՀ Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն էր, որտեղ օրակարգային հարցերից մեկը Պալատի նախագահի ընտրություն էր: Հիշեցնենք, որ ՓՊ նախագահի թեկնածու առաջադրվել էր միայն գործող նախագահ Ռուբեն Սահակյանը: 351 մասնակիցներից 326-ը քվեարկել է Ռուբեն Սահկյանի օգտին, 14-ը` դեմ, 11 քվեաթերթիկ էլ անվավեր էր ճանաչվել:
Մինչ ընտրությունը առաջին անգամ տրվող «Փաստաբանության ասպետ» շքանշանին այսօր արժանացան վաստակաշատ երեք փաստաբաններ` Ռոբերտ Գրիգորյանը, Ելենա Շապոշնիկովան և Մասիս Ղազանչյանը:
Այսօրվա ժողովում Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը ներկայացրեց նաև ՓՊ անցած չորսամյա ճանապարհը: ՀՀ փաստաբանների պալատը ձևավորվել է 2005 թվականին: Ընդհանուր թվով 91 նիստերում 670 հարց է քննարկվել: Չորս տարվա ընթացքում պալատը ձեռք է բերել ժամանակակից տեխնիկական միջոցներ, վերակառուցել և վերազինել է մասնագիտական գրադարանը:
Փաստաբանների 60 տոկոսն այսօր ունի էլեկտրոնային հասցե, մինչդեռ 2005 թ. միայն 10 տոկոսն ուներ: Փաստաբանների պալատը նաև կայքէջ ունի, բայց այն այսօր չի գործում, քանի որ ենթարկվել է ադրբեջանական հակերների հարձակմանը:
Ռուբեն Սահակյանը որպես կարևորագույն խնդիր նշեց փաստաբանների վերապատրաստումը և ուսուցումը: Տարբեր ուսուցման ծրագրեր են իրականացվում, Եվրախորհրդի և Ֆրանսիայի փաստաբանական պալատի հետ, կան նաև պայմանավորվածություններ Երևանում և մարզերում սեմինարներ անցկացնելու համար:
«Ճիշտ է, աշխարհը պատած ֆինանսական ճգնաժամն իր լուրջ ազդեցությունն է թողել, և դրա պատճառով կտրուկ նվազել են աջակցության համար տրամադրվող ֆինանսական միջոցները, բայց մենք փորձում ենք նոր գործընկերների ներգրավման միջոցով կոմպենսացնել առաջացած բացը»,-ասաց Ռուբեն Սահակյանը:
ՓՊ նախագահը ներկաներին ուրախալի լուր հաղորդեց: Երեկ մեկնարկել է արդարադատության ծրագրի մատչելիոթյան ծրագիրը: Ստեղծվելու է փաստաբանական դպրոց, որն արժե մի քանի մլն եվրո:
Դատաիրավական բարեփոխումների 2009-2011թթ. ռազմավարական գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում առաջիկայում պալատին պետք է տրամադրվի շուրջ 350 մլն դրամի չափով միջոցներ Հանրային պաշտպանի գրասենյակի և փաստաբանների դպրոցի շինարարության կամ ձեռքբերման համար:
ՓՊ-ը նաև այլ երկրների հետ տեսակամուրջներ անցկացնելու տեխնիկական հնարավորություն ունի: Լոնդոնի հետ արդեն երեք տեսակամուրջ է անցկացվել, քննարկվել են Եվրոպական դատարան դիմելու, եվրադատարանի նախադեպերին վերաբերող հարցեր:
Ռուբեն Սահակյանի գնահատմամբ` Հանրային պաշտպանի գրասենյակը Հայաստանում նույնպես կայացել է. «Հանրապետության բոլոր մարզերում գործում են հանրային պաշտպաններ: Տարեց տարի զգացվում է, որ նրանք պատասխանատվությամբ են կատարում իրենց առաքելությունը` անվճար իրավաբանական օգնություն են տրամադրում բնակչության անվճարունակ խավին»:
Փաստաբանների որակավորման քննությունները արդյունքներով 800 հավակնորդներից 379-ին արտոնագիր է ստացել:
ՓՊ կարգապահական հանձնաժողովը դատարանի սանկցիաներով հարուցված վարույթներով կագապահական պատասխանատվության է ենթարկել երկու փաստաբանի:
«Սակայն դատախազությունը դատաիրավական համակարգի, մեզ հայտնի պաշտոնյաների չարության արդյունքում չորս փաստաբանների մեղավոր է ճանաչել, մեր համոզմամբ` հակասահմանադրական հանդիսացող ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի առաջին մասով, և նրանց նկատմամբ քրեական գործերը գտնվում են դատարանում»,-նշեց Ռ. Սահակյանը:
Պալատի խորհուրդը որոշել է դիմել Մարդու իրավուքնների պաշտպանին` նշված հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու խնդրանքով: Եվ ՄԻ պաշտպանը, ընդառաջելով պալատի խնդրանքին, դիմել է ՍԴ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել