HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ընդդիմադիր թերթերը խնդիրներ ունեն «Գինդ» տպարանի հետ

press«Հայք», «Հրապարակ» եւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթերն այլեւս չեն տպագրվում «Գինդ» տպարանում. երեքի դեպքում էլ համագործակցությունը խաղաղ ճանապարհով չի դադարեցվել: Տպարանի տնօրենը թերթերին մեղադրում է ֆինանսական պարտավորություններից խուսափելու մեջ եւ նրանց դեմ հայցեր է ներկայացնում դատարան, իսկ լրատվամիջոցների ղեկավարները տպարանի հետ հարաբերությունների վատացման այլ պատճառներ են նշում եւ հիշեցնում են, որ «Գինդ» տպարանը վարկ է ստացել միջազգային կազմակերպություններից, որպեսզի աջակցի անկախ լրատվամիջոցներին:

Տպարանի տնօրենն էլ վստահեցնում է, որ «Գինդը» գերազանց է կատարել իր վրա դրած պարտավորությունը: ««Գինդը» այլընտրանք ստեղծեց մենաշնորհ ունեցող տպարանին, եւ թերթերի որակը դրանից լավացավ: Ճիշտ է, տպարանին վարկ են տվել, մենք 4 տարի առաջ փակել ենք այդ վարկը, այժմ կախվածություն չունենք»,- ասում է տպարանի տնօրեն Կարեն Ավետյանը:

«Հրապարակ» եւ «Հայք» 05_10-a_ohanyan

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Հետքին» տված հարցազրույցում ասաց, որ տպարանի կողմից ընդդիմադիր թերթերին ճնշելու միտում է տեսնում. «Կարելի էր համարել, որ մեր դեմ ուղղված «Գինդ»-ի հայցը զուտ ծառայություն մատուցող կազմակերպության ընդվզում է, որ նա ընդամենը իր փողն է ուզում, եթե դա միայն «Հրապարակ»-ին վերաբերեր, բայց մենք տեսնում ենք, որ նա 3 թերթի դատի է տվել, եւ այդ թերթերը պատահական չեն ընտրված, ինչո՞ւ որեւէ իշխանամետ թերթի նկատմամբ դա չի արվում: Դրանից ելնելով` ես ենթադրում եմ, որ կա քաղաքական ենթատեքստ»,- ասում է Արմինե Օհանյանը: 05_10-k_avetyanԻսկ «Գինդ» տպարանի տնօրեն Կարեն Ավետյանը «Հետքին» վստահեցրեց, որ ինքը որեւէ քաղաքական պատվեր չի կատարում. «Ես 10 տարվա մեջ որեւէ անգամ չեմ դադարեցրել որեւէ թերթի տպագրություն: Այդ թերթերը տպարանին պարտք են, դրա համար էլ ես դիմել եմ դատարան, որպեսզի մեր գումարները ետ ստանանք»:  Ավետյանի խոսքով, չնայած առկա պարտքերին, տպարանը երբեք չի դադարեցրել թերթերի տպագրությունը. «Բայց օրինակ «Հայքը», մեզ պարտք լինելով հանդերձ, առանց մեզ զգուշացնելու` գնում է այլ տպարանում տպագրվելու, եթե ուրիշ տպարանին փող տալու հնարավորություն ունեին, ինչո՞ւ մեր գումարը ետ չէին տալիս: Մենք դիմեցինք դատարան, որից հետո նրանք վճարեցին պարտքերը»,- ասում է տպարանի տնօրենը: Հիշեցնենք, որ մինչ տպարանի հետ համաձայնության գալը դատական ակտերի հարկադիր կատարողները արգելել են տպագրել «Հայք» օրաթերթի 6 համար: Թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Նազարյանը «Հետքին» ասաց, որ դժվար է եղել տպարանի տնօրենի հետ համաձայնության գալ: «Ավետյանը շատ վատ էր վերաբերվում թերթերին: Անցած տարի ռուս-վրացական պատերազմի ժամանակ նա զանգահարեց եւ ասաց, որ թղթի ներկրումը բարդացել է, մի փոքր տպագրության գինը կբարձրացնենք: Բոլոր թերթերն ըմբռնումով մոտեցան դրան, հետո թղթերը բերելու նոր ուղի առաջացավ, բայց նա մոռացավ, որ ժամանակավոր էր գինը բարձրացրել: Դրանից հետո եւս մեկ անգամ գինը բարձրացրեց, ուզում էր գերշահույթներ ստանալ»,- ասում է Գեղամ Նազարյանը եւ ավելացնում, որ տպարանի այդպիսի գնային քաղաքականությունը պայմանավորված էր նրանով, որ «Գինդը» մենաշնորհային դիրք էր ձեռք բերել: «Սա շատ լավ օրինակ է, թե ինչու Հայաստանում չպետք է մենաշնորհներ լինեն»: «Հայքի» գլխավոր խմբագիրը չի բացառում, որ տպարանը կարող է նաեւ քաղաքական պատվեր կատարել, սակայն դա քիչ հավանական է համարում: «Հրապարակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցում «Գինդը» կրկին պահանջել էր դադարեցնել թերթի տպագրությունը, սակայն դատարանը չէր բավարարել այդ պահանջը: «Եթե տպարանի նպատակն այն էր, որ մենք իրենց պարտքը վերադարձնեինք, ապա պետք է ոչ թե խոչընդոտեր մեր աշխատանքին, այլ աջակցեր: Եթե թերթը չտպագրվի, ինչպե՞ս պետք է պարտքերը փակի, դրանից ի՞նչ ես շահելու»,- հարցնում է «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Տպարանի տնօրենն էլ թերթերին մեղադրում է պարտքերը վճարելուց խուսափելու մեջ: «Թերթերը, հայերեն ասած, ուզում էին մեզ «քցել», իրենք քննադատում են իշխանություններին, որ նրանք անօրինական են, բայց թող մի մեծ հայելի վերցնեն ու նայեն իրենց անօրինական դեմքերին»,- ասում է Ավետյանը: Թերթերի խմբագիրներն էլ վստահեցնում են, որ իրենք տպարանին խաբելու միտում չեն ունեցել, պարզապես պարտքեր են գոյացել, որոնք ժամանակի ընթացքում մարել են: «Ես չեմ հրաժարվել պարտքից, ես դատարանում ընդունել եմ պարտքս եւ հաշտության պայմանագիր եմ կնքել, նույնն էլ «Հայքն» է արել»,- ասում է Արմինե Օհանյանը: Ի դեպ, դատական ակտերի հարկադիր կատարողները արգելանք էին դրել «Հրապարակ» օրաթերթի բանկային հաշվի վրա, այն վերջերս է հանվել, երբ օրաթերթը պարտքն ամբողջությամբ մարել է:

«Չորրորդ իշխանություն» եւ «Հայկական ժամանակ»

Կարեն Ավետյանի հետ զրույցից տեղեկացանք, որ դատական վեճ է եղել նաեւ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի հետ: ««Չորրորդ իշխանությունն» առանց մեզ տեղյակ պահելու սկսեց տպագրվել այլ տպարանում, որը, ինչպես հետո իմացանք, հենց իրենք էլ հիմնադրում են: Փաստորեն, իմ պարտքը չեն տալիս, բայց կարողանում են տպարան բացել, ես էլ «Չորրորդ իշխանությանը» դատի տվեցի, կա դատարանի վճիռ` դադարեցնել նրանց տպագրությունը եւ կալանքի տակ դնել նրանց հաշիվը: Բայց մինչեւ օրս թերթը տպվում է»,- ասում է տպարանի տնօրենը: «Չորրորդ իշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ «Գինդ» տպարանի հետ ունեցած խնդիրների վերաբերյալ, միայն ասաց, որ իրենք դատական նիստի են պատրաստվում: «Գինդ» տպարանի հետ համագործակցությունը ցանկանում է դադարեցնել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթը: Թերթի լրատվական գործունեություն իրականացնող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանը, «Հետքին» ասաց, որ իրենց խնդիրները զուտ ֆինանսական են, եւ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: «Մեզ ձեռնտու չէ «Գինդ» տպարանի առաջարկած գումարով տպագրվելը, ես տնօրենի հետ խոսել եմ, նա ասում է, որ տպարանը չի կարող դրանից ցածր գնով աշխատել: Մենք պայմանավորվել ենք, որ եթե ավելի մատչելի գնով տպագրվելու հնարավորություն ունեցանք, մենք այլ տպարանի հետ կաշխատենք»,- ասում է Աննա Հակոբյանը: «Հայկական ժամանակ» թերթը դեռ շարունակում է «Գինդ»-ում տպագրվել, այն մոտ 5 մլն դրամ է պարտք տպարանին, որն էլ, ըստ Աննա Հակոբյանի, գոյացել է տպագրության բարձր գների պատճառով: «Այլ տպարան տեղափոխվելուց առաջ մենք կմարենք մեր պարտքն ամբողջությամբ»,- ասում է «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրենը:

Հ.Գ. «Գինդի» տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, թե պատրաստվում է եւս մեկ հայց ներկայացնել «Հրապարակ» օրաթերթի դեմ, քանի որ կարծում է, որ վերջերս թերթում տպագրված հոդվածով իրեն բարոյական եւ նյութական վնաս է հասցվել: «Իմ դեմ հոդված են գրել, բայց ես լրիվ բարոյական իրավունք ունեմ դատի տալու «Հրապարակ»-ին եւ փոխհատուցում պահանջել»,- ասում է Կարեն Ավետյանը: «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ կարծում է, որ թերթի պաշտպանության միջոցը բաց, հրապարակային ելույթ ունենալն է: «Եթե ես չեմ կարող նաեւ մեր խնդիրների մասին գրել, ապա ինչի՞ համար է այդ թերթը: Հայաստանում բարոյական վնասի փոխհատուցում գոյություն չունի, օրենքը դա չի սահմանում, իսկ նյութական վնասը միայն ասելով չէ, պետք է ապացուցել, որ մեր հոդվածի պատճառով տպարանը վնասներ է կրել, բայց միայն այն դեպքում, եթե ես սխալ բան եմ գրել»,- ասում է խմբագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter