HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Հարկադիր կատարողները 3000 դրամը դարձրին 24000

2006 թ. մարտին Երեւանի բնակիչ Արտակ Առաքելյանի ավտոմեքենան օդանավակայանի ճանապարհին կանգնեցնում է Պետավտոտեսչության ոստիկանը եւ ճանապարհային երթեւեկության կանոնը խախտելու համար տուգանում 3000 դրամով: Օրենքով սահմանված ժամկետներում Արտակ Առաքելյանը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղում վճարում է 3000 դրամ տուգանքը:

Արտակն արդեն մոռացել էր այս դեպքի մասին, երբ հինգ ամիս հետո ՀՀ Ոստիկանության ՊԱՏ ծառայությունը դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան եւ ստանում Արտակ Առաքելյանից արդեն հնգապատկված (15.000 դրամ) տույժի գանձման հարկադիր կարգադրություն: Արտակ Առաքելյանը փոստով ստանում է դատարանի կարգադրությունը, որտեղ գրված էր` կամ վճարել 15.000 դրամ կամ ներկայանալ դատարան: «Քաշքշուկներից խուսափելու համար» Արտակը որոշել է կատարել դատարանի պահանջը եւ «ԻԹԲ միջազգային առեւտրային բանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղում վճարելով` պետական գանձարան է փոխանցել 15.000 դրամ: Այս ամենից մի քանի ամիս անց, հանկարծ ԴԱՀԿ ծառայությունից զանգահարում են Արտակին եւ հայտնում, որ իր նկատմամբ ունեն թիվ 6856/06 կատարողական վարույթ, եւ նա պետք է կատարի 9500 դրամի վճարում: Զարմանալի է, բայց Արտակ Առաքելյանը, չկասկածելով գանձումների օրինականությանը, այս անգամ էլ պատրաստակամություն է հայտնում, որ կկատարի վճարումը: ԴԱՀԿ ծառայությունը 2007 թ. օգոստոսին Ա. Առաքելյանից գանձում է 9.500 դրամ, այդ թվում 5000 դրամը` որպես կատարողական ծախսեր: «Ինձ նորմալ չբացատրեցին, թե ինչու են գումար ուզում, ասացին, որ պետք է գնամ պետավտոտեսչություն, ես վիճեցի, հետո էլ գլխացավանքից ազատվելու համար վճարեցի նաեւ 9.500 դրամը»,- պատմում է Արտակ Առաքելյանը: Անհավատալի է, սակայն փաստ, որ մեկ տարի հետո Առաքելյանին կրկին զանգահարում է ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը եւ հայտնում, որ նոր կատարողական վարույթի համաձայն` իրենից պետք է բռնագանձեն եւս 20.000 դրամ: Մեկ տույժի գումարը մի քանի անգամ վճարելուց հետո Արտակ Առաքելյանը վերջապես գիտակցում է, որ նրան «օրենքով» պարբերաբար թալանում են: Նա անմիջապես ներկայանում է ԴԱՀԿ ծառայություն եւ ցույց տալիս իր բոլոր վճարումների անդորրագրերը: Դրանց հիման վրա ԴԱՀԿ ծառայության Ճանապարհային ոստիկանության ծառայության օգտին բռնագանձվող աշխատանքային խմբի հարկադիր կատարող Ս. Բարխուդարյանը, ուսումնասիրելով կատարողական վարույթի նյութերը, որոշում է կարճել 20.000 դրամի գանձման կատարողական վարույթը: «Ես չէի հասկանում, որ գումար են շորթում միեւնույն խախտման համար, մտածում էի, որ էլի խախտումներ եմ արել, հետո ուշադրությամբ նայել եմ ամսաթվերը եւ նոր եմ հասկացել, որ ինձանից անօրինական գումարներ էին պահանջում»,- պատմում է տուժողը: Ընդհանուր առմամբ` Արտակ Առաքելյանը պետությանը վճարում է 24.000 դրամ, որն այժմ ցանկանում է ետ ստանալ: «Պետական մարմիններն օգտվել են քաղաքացու` օրենքի եւ իրավունքի չիմացությունից եւ անխիղճ վերաբերմունք դրսեւորել նրա նկատմամբ, ես այստեղ տեսնում եմ Ոստիկանության ՃՈԾ-ի եւ ԴԱՀԿ ծառայության համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից թույլ տված խաբեություն, անխիղճ եւ անտարբեր վերաբերմունք ոչ միայն քաղաքացու, այլ նաեւ իրենց աշխատանքի եւ ծառայության նկատմամբ»,- ասում է Սախարովի անվ. Մարդու իրավունքների պաշտպանության հայկական մասնաճյուղի կենտրոն հ/կ-ի իրավաբան Մերի Խաչատրյանը: Սեպտեմբերի 4-ին կենտրոնի իրավաբանը նամակ է գրել Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին եւ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Մարգար Օհանյանին` պարզելու, թե ինչու է քաղաքացու նկատմամբ միեւնույն տուգանքի համար հարուցվել երկու կատարողական վարույթ: Գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանը չի պատասխանել: Ճանապարհային ոստիկանության ծառայության պետն ընդունել է, որ տեղի է ունեցել քաղաքացու իրավունքի խախտում, եւ պատճառաբանել է, որ իրենք շատ ուշ են ստացել բանկի ներկայացրած հաշվետվությունները քաղաքացու վճարումների մասին, սակայն իրավաբան Մերի Խաչատրյանը կարծում է, որ այս պատասխանն անհիմն է. «Ոստիկանությունը դատարան դիմել է 5 ամիս հետո, իսկ այդ ընթացքում հնարավոր չէ, որ նրանք չվերահսկեին բանկի ներկայացրած ֆինանսական հաշվետվությունները տուգանքների վճարումների վերաբերյալ»,- ասում է իրավաբանը: Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Մ. Օհանյանը նամակում նաեւ բացատրել է, որ Արտակը պետք է դիմի Ֆինանսների նախարարություն` իրենից շորթած գումարները ետ ստանալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter