HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

«Ամեն առավոտ, երբ արթնանում ես` պետք է փառք տաս Աստծուն»

Նելսոն Պետրոսյանը վիրավորվել ու մի ոտքն է կորցրեց իր ծննդավայրում՝ Ֆիզուլիում: 1989-ին 8-րդ դասարանը նոր էր ավարտել, երբ ընտանիքով ստիպված եղան թողնել իրենց տունն ու տեղափոխվել Ստեփանակերտ: Եկան ու հաստատվեցին այստեղ, որտեղ էլ մինչ օրս ապրում են: 10-րդ դասարանն ավարտելուց հետո Նելսոնը երկու տարի սովորեց արհեստագործական ուսումնարանում` նկարչության բաժնում, որից հետո իր հասակակիցների հետ զենք վերցրեց` պաշտպանելու հայրենիքը:

Նելսոնն առաջին անգամ ձեռքից վիրավորվեց 1993-ին, Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղի պաշտպանության ժամանակ: Մի քանի ամիս բուժվելուց հետո նա նորից միացավ իր մարտական ընկերներին` Աշոտ Ղուլյանի (Բեկորի) գումարտակի տղաներին: Նելսոնը մասնակցել է բազմաթիվ բնակավայրերի ազատագրման համար մղվող մարտերի, մի քանի անգամ վիրավորվել, սակայն 1994-ի հունվարին վիրավորվելուց հետո այլեւս չկարողացավ միանալ մարտական ընկերներին: Ծանր վիրավորվեց Ֆիզուլիում, երբ փորձում էին առաջ շարժվել դեպի թշնամու դիրքերը, սակայն ադրբեջանցի զինվորներին հաջողվում է շրջափակման մեջ գցել նրանց:

«Մութ էր, ու դժվար էր այդ շրջափակումից դուրս գալը, բայց պայքարեցինք մինչեւ վերջ: Շատ զոհեր տվեցինք: Թշնամու գնդակը կպավ նաեւ իմ ոտքին, բայց ժգուտով կապեցի ու շարունակեցի պաշտպանվել, շատ արյուն կորցրի»,- հիշում է Նելսոնը: Նա ուշքի եկավ մի քանի օր հետո` Ստեփանակերտի հոսպիտալում: Հոսպիտալի բժիշկները հույս չունեին, որ Նելսոնը կապրի, Երեւան տեղափոխելն էլ անհնար էր, քանի որ արյուն շատ էր կորցրել: «Ինձ արդեն դրել էին կողքի, որ ուղարկեն դիահերձարան, բայց բժիշկներից մեկը տեսավ, որ շարժվում եմ, գործընկերներին խորհուրդ տվեց էլեկտրաշոկի միջոցով փորձել կյանքս փրկել, ինչն էլ հաջողվեց: Դրանից հետո արդեն հայտարարեցին, որ արյուն է անհրաժեշտ: Առաջինն ինձ արյուն տվեց հենց Բեկորի քույրը` Աիդան»,- պատմում է Նելսոնը:  Բժիշկները 20 տարեկան Նելսոնի ոտքը հեռացրին:

05_10-nelson-1

«Նելսոնն իմ ընկերուհու եղբայրն է, ու շփումը միշտ կար մեր մեջ, նա ինձ շատ էր դուր գալիս, դրա համար էլ որոշեցի չմերժել ամուսնության նրա առաջարկը, չնայած ծնողներս դեմ էին եւ խորհուրդ էին տալիս նման քայլի չգնալ: Ի պատասխան` հորս ասացի, որ կյանքս պետք է կապեմ հենց նրա հետ ու դժվարությունները կհաղթահարենք երկուսով»,- ասում է Նոնան: Նոնան ու Նելսոնը ունեն երկու զավակ` 12-ամյա Արթուրը ու 8-ամյա Վալերին: Նելսոնն առաջին կարգի հաշմանդամություն ունի, ամսական 76 հազար դրամ նպաստ է ստանում, իսկ մեկ-մեկ էլ, իր խոսքերով, ինչ-որ պատվերներ է ունենում (հիմնականում նկարների ու գծագրերի), որից էլ կարողանում է լրացուցիչ եկամուտ ստանալ: Այժմ, ինչպես Նելսոնն է ասում, այդ հմտություններն օգտագործում է տանը: Ճիշտ է, դա նրանց տունը չի, այլ կնոջ մոր, բայց նա այստեղ էլ ձգտում է հնարավորինս նորմալ պայմաններ ստեղծել:

«Անձամբ եմ արել խոհանոցի կահույքի դիզայնը: Հիմա փորձում եմ տունը վերանորոգել` բոլորն իմ ուժերով: Դեռ ոչ մի վարպետի փող չեմ տվել, ինչ հնարավոր է` անում եմ, իսկ մնացած գործերում էլ օգնում են ընկերներս ու բարեկամներս»,- ասում է նա ու ցույց տալիս իր աշխատանքը: Նելսոնն ասում է, որ պարապությունից ցավերը սկսում են նեղել իրեն: Նա հաճախակի է գլխացավեր ունենում, դրա համար էլ նախընտրում է օրը լցնել տարբեր գործերով: «Ինչու պետք է տխրեմ: Ես բնավորություն չունեմ բողոքելու եւ նվնվալու, պետք է շարունակել ապրել, քանի որ երեխաներ ունենք, որոնց համար ենք ապրում, որոնք մեր կյանքի իմաստն են: Ամեն առավոտ, երբ արթնանում ես` պետք է փառք տաս Աստծուն: Ու ամենակարեւորը` պետք է դիմացինիդ բարին ցանկանաս ու վստահես նրան, առանց դրա ապրել հնարավոր չէ»,- գտնում է Նելսոնը:

Ընտանիքը ներկայումս բնակարանային հերթացուցակում է: Նելսոնն այս հարցում էլ հույսը չի կորցնում, քանի որ տեղեկացել է` մինչեւ 2016 թ. նման արտոնյալ խմբերի ներկայացուցիչներից եւ ոչ մեկը բնակարանային խնդիր այլեւս չի ունենալու: Օրերս մոսկվաբնակ բարերար Արթուր Վարժապետյանի տրամադրած ձեռքի կառավարման մեքենան էլ ինչ-որ չափով կթեթեւացնի Նելսոնի հոգսը:

«Եթե առաջ տաքսի էի պատվիրում շուկա, ծնողներիս ու ընկերներիս տուն գնալու համար կամ նստում էի երթուղային տաքսի, ինչն ինձ համար որոշակի դժվարություն էր ներկայացնում, ապա այսուհետ կարող եմ իմ սեփական մեքենայով երթեւեկել»,-ասում է Նելսոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter