Թուրքիան կճանաչի՞ Աբխազիան
Տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացները ստանում են նոր երանգներ, որոնք որքան անկանխատեսելի են, նույնքան տրամաբանական եւ օրինաչափ: Իր քաղաքական ակտիվությամբ հատկապես աչքի է ընկնում Թուրքիան, որը որոշել է ստեղծված իրավիճակից քաղել առավելագույն օգուտներ:
Թերեւս գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ զարգացումները, ամեն ինչից զատ, նոր դիվիդենտներ են տալու կողմերին, եւ Թուրքիան արդեն իսկ սկսել է օգտագործել դրանք` նոր բացված պատուհաններից ներս` Կովկաս մուտք գործելու համար: Երբ սեպտեմբերի սկզբին Վրաստան ժամանեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, երկու օր անց` սեպտեմբերի 10-ին, Աբխազիա մեկնեց Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ Ունալ Չեւիքոզը, ով հանդիպում ունեցավ Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբայի հետ:
Սա որեւէ թուրք պաշտոնյայի առաջին այցն էր Աբխազիա: Ճիշտ է, այս մասին վրացական ղեկավարությունը տեղեկացվել էր նախօրոք. Դավութօղլուն այդ մասին բարձրաձայնեց Թբիլիսիում, ավելին` հայտարարեց, որ ինքը եւս պատրաստվում է առաջիկայում այցելել Աբխազիա. «Մենք ցանկանում ենք ծանոթանալ Աբխազիային եւ փորձել կարգավորել նրա հարաբերությունները Վրաստանի հետ»:
Սրանով Անկարան, փաստորեն, ցույց տվեց նաեւ Վրաստանի եւ Աբխազիայի միջեւ հաշտարարի դեր խաղալու իր ցանկությունը: «Մենք շատ լավ գիտենք, որ առանց Վրաստանի խաղաղությունը եւ կայունությունը ապահովելու` դժվար կլինի նույնն անել Հարավային Կովկասում»,- հայտարարեց Դավութօղլուն:
Միաժամանակ նա վերահաստատեց Թուրքիայի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Թուրք բարձրաստիճան դիվանագետի այցը Աբխազիա, այնուամենայնիվ, աննախադեպ իրադարձություն էր, եթե հաշվի առնենք, թե ինչ երկակի վիճակում է գտնվում Թուրքիան այս հարցում:
Դեռ 1992 թ. վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Անկարան չեզոք մնաց, սակայն Թուրքիայում հյուսիսկովկասյան մեծ սփյուռքի առկայության պատճառով թուրքական մամուլը եւ հասարակական կարծիքը աբխազների կողմն էր: Որոշ տվյալներով` Թուրքիայում կովկասյան ժողովուրդների սփյուռքի թիվը հասնում է 7 միլիոնի, որոնցից կես միլիոնը աբխազներն են:
1992-1993 թթ. բազմիցս Թուրքիա է այցելել Աբխազիայի նախագահ Վլադիսլավ Արձինբան: Ու թեեւ նա ընդունելության չի արժանացել թուրքական պաշտոնատար անձանց կողմից, նրան ընդունել է ընդդիմությունը, իսկ կովկասյան սփյուռքի շատ կազմակերպություններ աջակցել են նրան:
Աբխազական սփյուռքը միշտ ակտիվ է եղել եւ ներսից ճնշում է գործադրել Անկարայի վրա` պահանջելով ավելի սերտ հարաբերություններ հաստատել Աբխազիայի հետ: Ներքին ճնշումը խիստ ուժեղացավ հատկապես վրաց-թուրքական վերջին սկանդալի շուրջ, երբ Աբխազիա վառելիք տեղափոխող թուրքական Բուկետ նավը` թուրք եւ ադրբեջանցի քաղաքացիներից բաղկացած անձնակազմով, բռնագրավվեց վրաց սահմանապահների կողմից` ծովային սահմանը խախտելու մեղադրանքով: Բեռնանավի` ազգությամբ թուրք կապիտանը 24 տարվա ազատազրկման դատապարտվեց:
Գործին միջամտեց Թուրքիայի ԱԳ նախարարը, եւ միայն դրանից հետո թուրք կապիտանն ազատ արձակվեց: Սակայն սա նման առաջին դեպքը չէր: Վերջին տասը տարում վրաց սահմանապահների կողմից բռնագրավվել է Թուրքիայից Աբխազիա ուղեւորվող ավելի քան 60 նավ: Եվ Թուրքիայի կովկասյան սփյուռքը, ինչպես եւ այս ուղղության մեջ ներգրավված արտահանողները, միշտ իրենց մտահոգությունն են արտահայտել, թե Անկարան չափազանց հանդուրժող է այս հարցում:
Որոշ դեպքերում, նրանց պնդմամբ, վրացիները թուրքական նավերը բռնագրավել են միջազգային ծովային տարածքում` խախտելով միջազգային ծովային իրավունքը: Վրաստանը, ինչպես հայտնի է, Աբխազիան համարելով «օկուպացված», արգելում է երրորդ երկրների նավերի մուտքը Աբխազիայի ծովային տարածք:
Թուրքիան, իր հերթին, սատարում է Աբխազիայի հանդեպ տնտեսական սանկցիաները: Սակայն վերջին շրջանում երկրի աբխազական սփյուռքն ավելի հաճախ է կոչ անում իշխանություններին դադարեցնել Աբխազիայի հանդեպ տնտեսական էմբարգոն, ծովային (Տրապիզոն-Սուխումի) եւ օդային կապ հաստատել Թուրքիայի եւ Աբխազիայի միջեւ: Հարկ է նշել, որ առանձին թուրք բիզնեսմեններ (այդ թվում նաեւ աբխազական ծագման) արդեն իսկ իրենց բիզնեսն ունեն Աբխազիայում:
Ուստի Ունալ Չեւիքոզի` Աբխազիա մեկնելու մեջ որոշակիորեն իր դերն է խաղացել աբխազական սփյուռքի ակտիվ քարոզչությունը: Սակայն ակնհայտ է նաեւ, որ այս քայլը լիովին համապատասխանում է Անկարայի տարածաշրջանային քաղաքականությանը:
Դրա մասին է մասնավորապես վկայում Չեւիքոզի ընտրությունը: Չեւիքոզը փորձառու դիվանագետ է: Նա եղել է Թուրքիայի դեսպանը Ադրբեջանում, ակտիվորեն աշխատել ռուս-վրացական օգոստոսյան պատերազմում Թուրքիայի կողմից լարվածությունը մեղմելու ուղղությամբ, մասնակցել Անկարայի` Կովկասի կայունության եւ համագործակցության պակտի նախաձեռնությանը:
Սուխումիում այս այցը խիստ դրական է ընդունվել, բանակցությունները` կառուցողական: Ավելին, պաշտոնական Սուխումիին այն Թուքիայի կողմից ճանաչվելու հույսեր է տվել:
«Մենք, իհարկե, հույս ունենք, որ Թուրքիան կճանաչի Աբխազիան: Կան որոշ դրական ահազանգեր, սակայն դրանք դեռ պետք է նյութականանան: Մենք ավելի ակտիվ մոտեցում ենք սպասում»,- հայտարարել է Աբխազիայի ԱԳ նախարար Սերգեյ Շամբան թուրքական «Hurriyet Daily News & Economic Review»-ի հետ հեռախոսազրույցում:
Շամբան նաեւ հայտնել է Թուրքիայի հետ տնտեսական եւ հումանիտար կապեր հաստատելու, ուղիղ կապ եւ ուղեւորների փոխադրում իրականացնելու Աբխազիայի ցանկությունը: Միաժամանակ Շամբան չի բացառել մոտ ապագայում Անկարա այցելելու հնարավորությունը:
«Մենք կայուն կապեր ունենք տարբեր մակարդակներում: Եթե հարկ լինի, մենք կարող ենք այցելել»,- նշել է նա: Ակնհայտ է դառնում, որ Թուրքան Աբխազիան դիտում է որպես իր տարածաշրջանային քաղաքականության կարեւոր մաս: Աբխազիայի հետ ուղիղ կապի հաստատումը մի շարք դիվիդենտներ է տալիս Թուրքիային:
Նախ` Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ Թուրքիան ավանդաբար է սերտ կապեր հաստատել` հաճախ արժանանալով այստեղ անջատողական տրամադրությունները սատարելու Մոսկվայի մեղադրանքներին:
Ուստի Կովկասում թուրքական ազդեցության տարածման հարցում Հյուսիսային Կովկասը միշտ իր յուրահատուկ դերն է խաղացել: Անկարան Աբխազիայի հետ հարաբերությունների մեջ է մտնում բացահայտ` նախօրոք այս մասին տեղեկացնելով Թբիլիսիին եւ հայտարարելով, թե դրա նպատակը Աբխազիայի եւ Վրաստանի հաշտեցումն է:
Դրանով Թուրքիան վերահաստատում է տարածաշրջանային գերտերության եւ հաշտարարի իր հավակնությունները, որը կրկին բխում է Կովկասյան պակտի նախաձեռնության տրամաբանությունից: Միաժամանակ, այս քայլը հնարավորություն չի տալիս Թբիլիսիին որեւէ կերպ ընդդիմանալ Թուրքիա-Աբխազիա կապերին: Թբիլիսիի համար, անշուշտ, ավելի ձեռնտու է Աբխազիայի հետ հարաբերվել Անկարայի, քան Մոսկվայի միջոցով:
Թուրքիա-Աբխազիա անմիջական կապին չի կարող բացահայտորեն դեմ դուրս գալ նաեւ Ռուսաստանը: Վերջինիս համար գրավիչ է Թուրքիայի կողմից Աբխազիայի ճանաչման հնարավորությունը կամ միայն այն փաստը, որ, ուղիղ հարաբերություններ հաստատելով Աբխազիայի հետ, Անկարան դե ֆակտո ճանաչում է այն:
Բացի այդ, դա կարող է լրացուցիչ շփման գծեր ստեղծել կովկասյան պատերազմից հետո տարածաշրջանում ձեւավորված ռուս-թուրքական համագործակցության համար: Սակայն պետք է հաշվի առնել, որ Անկարան կցանկանար Աբխազիան տեսնել ոչ միայն Վրաստանից, այլեւ Ռուսաստանից անկախ` դրանով մեծացնելով նաեւ իր ազդեցությունը Սեւ ծովում: Միաժամանակ, անիրատեսական է Թուրքիայից սպասել մոտ ապագայում Աբխազիայի ճանաչումը:
Անկարան ոչ մի դեպքում չի անի այնպիսի քայլ, որը կհարվածի Ղարաբաղյան հակամարտության հարցում իր դիրքորոշման «լեգիտիմությանը», չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ժամանակին ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը:
Աբխազիան իրականում ռազմավարական նշանակություն ունի Անկարայի համար: Այստեղ ազդեցության տարածմամբ Անկարան ոչ միայն կամբողջացնի իր Կովկասյան քաղաքականությունը, այլեւ կամրապնդի իր դիրքերը Սեւ ծովում: Իսկ դա մեծ առավելություններ կտա վերջինիս դեռեւս նոր-նոր ուրվագծվող` Սեւ ծովի համար մղվող աշխարհաքաղաքական պայքարում:
Մեկնաբանել