Առանց թափանցիկ աշխատաոճի` համայնքը զարգացման հեռանկար չունի
Լուսինե Թոփլաղացյան
Վարդենիս քաղաքի ցանկացած բնակիչ, եթե որոշել է դիմել քաղաքապետարան տեղեկանք ստանալու համար, դեռ քաղաքապետարան չմտած` շքամուտքի դռան ապակու վրա փակցված հայտարարությունից կտեղեկանա.
«Տեղեկանք վերցնելու համար հարկային բաժնում կատարեք ձեր հարկային պարտավորությունների գծով բոլոր վճարումները, որից հետո քարտուղարություն` տեղեկանք ստանալու»: Հակաօրինական այս հայտարարության կողքին միանգամայն հասկանալի է դառնում Վարդենիսի ՏԻՄ գործունեության մասին պահանջվող տեղեկատվական նյութերի իսպառ բացակայությունը: Քաղաքապետարանի առաջին հարկում տեղադրված մոտ 1 քմ մակերես ունեցող միակ տեղեկատվական ցուցատախտակին 2 նյութ է փակցված` համատիրության ընդհանուր ժողովի կայանալու մասին հայտարարությունը եւ քաղաքապետարանի աշխատակազմի 7 կետից բաղկացած ներքին կարգապահական կանոնները, որոնք չեն ներառում ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները եւ, հավանաբար, փակցվել են աշխատանքի պետական տեսչության պահանջով: Տեղեկանքի դիմաց հարկային պարտավորություններ կատարելու մասին հայտարարության առկայությունը եւ նրա բովանդակությանը հարիր աշխատաոճը, ցավոք, հատկանշական են հանրապետության համայնքների մեծ մասի համար: Մինչդեռ օրինական աշխատաոճը միանգամայն այլ մոտեցում է պահանջում: Եթե յուրաքանչյուր հարկատու ժամանակին տեղեկացված լինի իր հարկային պարտավորությունների մասին, եթե չվճարող հարկատուին գրավոր ծանուցեն պարտքեր կուտակելու դեպքում դատական ճանապարհով գանձելու մասին, եթե քաղաքացին պարբերաբար համայնքային ժողովների, տպագիր նյութերի, ԶԼՄ-ների միջոցով տեղեկացված լինի համայնքի ֆինանսական ռեսուրսների օգտագործման մասին, ապա նա ամեն կերպ կաշխատի պարտքեր չկուտակել: Փոխարենը բազմաթիվ համայնքապետարաններ տարիներ շարունակ չեն անհանգստացրել հարկատուներին` կարծելով, թե մարդկանց լավություն են անում: Պատճառաբանելով, որ նրանց սոցիալական վիճակը վատ է, իրենց տարեկան բյուջեները կազմել են` հիմք ընդունելով տվյալ տարվա համար տրամադրվող դոտացիայի չափը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը համարել են երկրորդական գործառույթ: Ավելին, կրկին ոչ քիչ թվով համայնքներ տարիներ շարունակ համայնքապետարաններում եւ իրենց ենթակայության հիմնարկներում կուտակել են աշխատավարձի ու սոցվճարների գծով պարտքեր` հույս ունենալով, որ մի օր պետությունը կհատուցի այդ գումարները: Հետաքրքիր է նաեւ այն, որ այս համայնքապետարանները տարիներ շարունակ պարտքեր են կուտակել ուռճացած հաստիքային միավորներ եւ բարձր դրույքաչափեր սահմանելու ճանապարհով: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչութան պետ Ադիբեկ Սահակյանի տեղեկացմամբ` ուռճացած հաստիքային միավորներ եւ բարձր դրույքաչափեր սահմանելու, ինչպես նաեւ սեփական եկամուտների հավաքագրումը թերակատարելու հետեւանքով համայնքապետարանների եւ դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի ու սոցիալական վճարների մասով մարզի 41 համայնքների ընդհանուր պարտքերի գումարը 2009 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 405 մլն դրամ: Այս գումարի շուրջ 85%-ը Վարդենիսի տարածաշրջանի համայնքների պարտքերն են կազմում: Դարանակ, Գեղամասար, Ջաղացաձոր եւ Փոքր Մասրիկ համայնքները նախորդ տարիներին կուտակած պարտքերին 2009 թ.-ին նոր պարտքեր են կուտակել: Ներկայումս արգելանքի տակ են Վարդենիսի տարածքի 6 գյուղական համայնքների (Դարանակ, Գեղամասար, Ջաղացաձոր, Փոքր Մասրիկ, Նորակերտ, Գեղամաբակ) հաշվարկային հաշիվները, ինչը թույլ չի տալիս այդ համայնքներին ինքնուրույն տնօրինել իրենց հաշիվներում կատարվող դրամական միջոցների հոսքերը, որի հետեւանքով էլ չի բացառվում տվյալ համայնքներում նոր պարտքերի առաջացումը: Պարտքեր կուտակած համայնքները դեռ քանի տարի հնարավորություն չեն ունենա որեւէ աշխատանք իրականացնել իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար, երբ անգամ սեփական եկամուտների հավաքագրումը լիարժեք իրականացնող համայնքները չեն կարողանում ֆինանսական միջոցներ պահանջող աշխատանքներ կատարել` ճանապարհների ընթացիկ նորոգում, հիմնանորոգում, բազմաբնակարան շենքերի ընթացիկ վերանորոգում, ջրագծի կառուցում եւ այլն: Դրա պատճառը հիմնականում այն է, որ ՏԻՄ-երը հաստատում են ուռճացած հաստիքներով աշխատակազմեր` ապավինելով պետության կողմից հատկացվելիք պաշտոնական դրամաշնորհներին: Այս կապակցությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչութան պետ Ադիբեկ Սահակյանը նշում է, որ թեեւ սահմանված չեն աշխատակազմերի ձեւավորման չափանիշները, սակայն յուրաքանչյուր համայնք պետք է պլանավորի այնպիսի բյուջե, որը կնպաստի իր համայնքի զարգացմանը: Վերջին ամիսների ընթացքում մարզպետարանի իրականացրած աշխատանքների շնորհիվ մարզի թվով 17 համայնքներ վերանայել են 2009 թ. բյուջեներով սահմանված աշխատողների թվաքանակը, դրույքաչափերը եւ բյուջեները դարձրել իրատեսական: Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետարանում կազմակերպված հաշվետու հանդիպման ժամանակ աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման վարչութան պետ Իվան Ասատրյանը նշեց, որ մարզի ավելի քան 2 տասնյակի հասնող համայնքներում ուռճացված են աշխատակազմերը, որի հետեւանքով առաջանում են աշխատավարձերի ահռելի պարտքեր: Իրականացված մեթոդական աշխատանքների շնորհիվ սկսվել են աշխատակազմերի օպտիմալացման գործընթացներ Նորակերտում, Գեղհովիտում, Վաղաշենում, Կախակնում, Ձաղացաձորում, Գավառում եւ այլ համայնքներում: Վարչության պետը նաեւ մտահոգություն հայտնեց որոշ համայնքների կադրերի ընտրության կապակցությամբ` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները լիարժեք չիրականացնելու առումով: Նա նշեց, որ գրեթե ամենուրեք թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթներին հիմնականում ներկայացվում է 1 հայտ, ինչը հնարավորություն չի տալիս ավելի որակյալ եւ բանիմաց կադրեր ընտրել: «Սա ցույց է տալիս, որ համայնքների ղեկավարները փորձում են իրենց կամքը թելադրել կադրերի ընտրության, նշանակման գործում»,- նկատեց պարոն Ասատրյանը: Ուռճացված աշխատավարձերից խուսափելու, արհեստավարժ աշխատակազմ ձեւավորելու, համայնքային բյուջեների միջոցները խելամիտ ձեւով տնօրինելու միակ եւ հուսալի միջոցը վերստին ՏԻՄ-երի հրապարակայնությանն ու թափանցիկությանը ապավինելն է: Իսկ այս առումով դեռեւս շատ անելիք կա:
Թեեւ վերջին շրջանում թափանցիկության ապահովման առումով շատ է կարեւորվում տեղեկատվական ցուցատախտակների տեղադրումը, սակայն ցուցատախտակները ՏԻՄ-երի գործունեության թափանցիկության, հրապարակայնության եւ համայնքի անդամների առջեւ հաշվետու լինելու գործընթացի իրականացման միայն մեկ գործիքը կարող են լինել: Եվ ոչ լավագույնը: Բացի այդ, համայնքապետարաններում ցուցատախտակների առկայությունը միայն հրապարակայնության պատրանք ստեղծելու միտում ունի: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը սահմանում է. «Ցուցատախտակները տեղադրվում են` ելնելով համայնքի բնակչության թվից` երեք հարյուր բնակչին ոչ պակաu, քան մեկ ցուցատախտակ»: Սակայն վստահաբար կարելի է նշել, որ հանրապետության որեւէ համայնք համապատասխան քանակով ցուցատախտակներ չունի` անկախ դրանց վրա փակցված տեղեկատվությունից: Համայնքապետարաններում տեղադրված ցուցատախտակներին մոտեցողները միանգամից արժանանում են համայնքապետարանների աշխատակիցների ուշադրությանն ու հարցերին: Որոշ տեղերում հնարավոր չէ ցուցատախտակներից որեւէ բան ընթերցել բարձր փակցված լինելու պատճառով: Արժե նաեւ նշել, որ բյուջետային տեղեկությունների ընթերցումը ցուցատախտակներից գրեթե անհնար է, քանի որ դրանք համարյա ամենուր մատուցվում են շարքային քաղաքացու համար ոչ հասանելի մասնագիտական լեզվով ու մանր տառատեսակով: Համայնքի յուրաքանչյուր բնակիչ պետք է հնարավորություն ունենա ցանկացած վայրում եւ ցանկացած տեղեկատվության միջոցով ծանոթանալ իր համայնքի ՏԻՄ-ի գործունեությանը: Եթե ՏԻՄ-ը սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունի, ապա պետք է այնպիսի միջոցառումներ պլանավորի, որոնք ֆինանսական զգալի միջոցներ չեն պահանջի: Տեղադրված ցուցատախտակների եւ հրապարակած տեղեկությունների քանակով Գեղարքունիքի մարզում առաջատար կարելի է համարել Մարտունու քաղաքապետարանը: Իհարկե, որոշ վերապահումներով: Քաղաքապետարանի միջանցքում տեղադրված են մի քանի ցուցատախտակներ, որոնք պարունակում են քաղաքապետի, ավագանու որոշումները, բյուջեի մասին տեղեկություններ եւ այլն: Սակայն ոչ բոլոր տեղեկություններն են փակցված ընթերցելու համար մատչելի բարձրության վրա, ինչպես նաեւ անբավարար է տարածքի լուսավորվածությունը: Քաղաքապետի եւ ավագանու որոշումները թվագրված են` 2009 թ. մարտ, ապրիլ ամիսներ, սակայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի պահանջով ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաu, քան երկու ամիuը մեկ անգամ պարբերականությամբ: Ուստի, միանշանակ կարող ենք պնդել, որ ավագանու կայացրած վերջին որոշումները տեղադրված չեն:
Գավառի քաղաքապետարանի առաջին հարկում տեղադրված ցուցատախտակին առկա են մի քանի տեղեկություններ, սակայն դրանք չեն ներառում օրենսդրությամբ պահանջվող բոլոր նյութերը: Քաղաքում տեղադրված տեղեկատվական ցուցատախտակներն ավելի տխուր բովանդակություն ունեն: Ազատության փողոցում տեղադրված ցուցատախտակին փակցված է քաղաքի մարզադպրոցի առօրյային առնչվող ֆոտոռեպորտաժ, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակում` «Հայփոստ»-ի շենքին տեղադրված ցուցատախտակին, փակցված է 2 նյութ` Գավառի քաղաքապետարանի 2006-2007 թթ. բյուջեի վերլուծությունը` 2006 թ. առաջին կիսամյակի բյուջեի կատարողականի հաշվետությունը ներառյալ եւ Գավառի քաղաքապետարանի 2006-2008 թթ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը: Մենք ցուցատախտակը լուսանկարեցինք օգոստոսի 25-ին, դրանից հետո այն հանվել է: Հուսանք, որ այն կնորոգվի եւ պատշաճ տեսքով ու անհրաժեշտ տեղեկություններով կրկին կտեղադրվի իր տեղում: Որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններն աշխատեն թափանցիկ եւ հրապարակային, առաջին հերթին հասարակությունը պետք է կարեւորի, արժեւորի այդպիսի աշխատաոճը: Իսկ հասարակությունը թափանցիկ ու հրապարակային աշխատաոճը կկարեւորի ու կարժեւորի այն դեպքում, երբ լուրջ ակնկալիքներ ունենա ՏԻՄ-երից: Ներկայումս հասարակությունը համայնքապետարանների գործունեությունը, մեծ հաշվով, չի տեսնում: Համայնքների անդամների այն հատվածը, որ այս կամ այն կերպ առնչվում է համայնքային իշխանության հետ, որոշակի տեղեկություններ ունի նրա գործունեության մասին, սակայն այս հատվածը փոքր է, նրա ընկալումները հիմնականում սուբյեկտիվ են: Որպեսզի համայնքների բնակիչների ընկալումները բխեն ՏԻՄ ներկայացուցիչների շահերից, այդ ուղղությամբ ՏԻՄ ներկայացուցիչները պետք է աշխատանք ծավալեն: Հարկ է, որ յուրաքանչյուր ՏԻՄ ունենա թափանցիկության ապահովման միջոցառումների տարեկան ժամանակացույց, պատասխանատու աշխատակից, այլապես այդ աշխատանքները կիրականացվեն տարերային եւ միշտ կիսատ-պռատ: Դրա փոխարեն հաճախ ՏԻՄ ներկայացուցիչները դժգոհում են, թե մարդիկ չեն տեսնում եւ չեն գնահատում իրենց աշխատանքը, իսկ թե ով պետք է մարդկանց պատմի այդ աշխատանքի մասին, նրանք չեն էլ կարեւորում: Սեփական կենցաղային խնդիրներով կամ տեղեկանքի պահանջով համայնքապետարանին դիմած ցանկացած բնակիչ այդ պահին դժվար թե կարեւորի համայնքապետարանի թափանցիկ աշխատանքի նշանակությունը, փորձի տեսնել, թե ի՞նչ տեղեկություններ են փակցված համայնքապետարանում, որքա՞ն է կազմում համայնքի տարեկան բյուջեն, ինչպե՞ս են ծախսվել ֆինանսական միջոցները, որքա՞ն հարկեր են հավաքագրվել եւ այլն: Սակայն հենց այս հարցերի պատասխաններն են, որ համայնքի բնակչին վերածում են քաղաքացու, իսկ ՏԻՄ-ի գործունեությունը դարձնում են թափանցիկ: Այս եւ հրապարակայնություն ապահովող բազմաթիվ այլ հարցեր նպաստում են ոչ միայն համայնքի բնակիչ-ՏԻՄ կապի հաստատմանը եւ կայացմանը, այլեւ նախադրյալներ են ստեղծում սեփական եկամուտների հավաքագրման եւ համայնքի համար սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ լուծելու համար: Ավելին` առանց թափանցիկ աշխատաոճի համայնքը զարգացման հեռանկար չունի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել