«Պետք է պատրաստվենք թուրքական ջրհեղեղին»
«Առաջին ամիսներին շատ մտահոգ էի, քանի որ չէի կարծում, որ մենք պատրաստ ենք այս քայլն անել, քանի որ այդ երկիրն ամեն ձևով պատրաստված էր թվում, իսկ մենք դեռ պատրաստ չէինք»,- անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացմանը` «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գործարար Վահագն Հովնանյանը:
Հիմա արդեն, գործարարը կողմ է սահմանների բացմանը: Նա գտնում է, որ հետաձգելու կարիք չկա: «Քանի անգամ ասել եմ, որ կարծես թե նոր ջրհեղեղ է լինելու` թուրքական ջրհեղեղ: Բայց մենք պետք է պատրաստվենք դրան, միևնույնն է` այդ հարցը բարձրանալու է»,- ասաց նա:
Վ. Հովնանյանը գտնում է, որ կյանքն ամեն օր նոր մարտահրավերներ է բերում իր հետ: Իսկ մենք Թուրքիայի հետ հարևաններ ենք. ուզենք, թե չուզենք, ողջ կյանքներս նրանց հետ ապրելու ձև պետք է գտնենք:
«Եթե ամեն օր հետաձգենք, չգիտեմ, թե որ օրն ենք պատրաստ լինելու: Ավելի ճիշտ է այսօր դա անենք, քան հետաձգենք վաղվան: 20 տարի է արդեն, որ մենք բանտում ենք, պաշարված ենք: Պետք է մեր դռները բացենք ու նոր ձևով ապրենք: Վախը մահ է, եթե հրավիրված ես մարտի ու վախով ես մոտենում դրան, լավ չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով սփյուռքահայության արձագանքին` գործարարը նշեց, որ երկու Հայաստան է ստեղծվել` սփյուռքահայության Հայաստանն ու բուն Հայաստանը: Բուն Հայաստանը հողային պահանջ չունի: Սակայն նույնը չենք կարող ասել «սփյուռքահայության Հայաստանի» համար: «Սյուռքահայությունն է այդ ամենը կրել, ջարդերը տեսել: Նրանք պահանջ ունեն»,- կարծում է Վ. Հովնանյանը:
Նախագահի համահայկական այցը Վ. Հովնանյանը ճիշտ է համարում: Գտնում է, որ նա շատ ճիշտ է արել, որ համարձակորեն գնացել, ասել է` այսպես եմ ուզում անել:
«Որովհետև ինքն է պատասխանատու, ամեն մարդ պատասխանատու չէ դրա համար: Նախագահն ինքն է առել իր ուսերին այն որոշումը, որ այսօր ժամանակն է այդ հարաբերություների»:
Սփյուռքի մոտեցումն էլ նախագահի այցին Վ. Հովնանյանը նույնպես բնական է համարում: Ծայրահեղություններ կան, բայց շատ առողջ արտահայտություն է դա:
«Մեկը մտահոգ է, կարող է բողոքել: Սա ազատ ձայնի դրսևորումն է: Ես միայն չէի ցանկանա, որ որևէ հայ գնար այնտեղ` Թուրքիա, ապրելու: Ո՞վ կուզենա այնտեղ ապրել: Հայաստան չեն գալիս կամ Արցախ, ինչո՞ւ պետք է գնան Թուրքիա` ապրելու համար: Սա պարզապես պետք է լավ առիթ լինի Հայաստանի համար` իր դիրքերն ամրապնդելու»,- ասաց նա:
Արդյոք կարո՞ղ է այս ամենը սփյուռքի ու Հայաստանի միջև սեպ խրել: Գործարարի կարծիքով, դա հնարավոր է, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու: «Հայաստանը չի կարող այս ձևով ապրել, պետք է հազարումեկ դռներ ունենա»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել