Կարգադրիչը մեղադրվում է գումար հափշտակելու մեջ
Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է դատական կարգադրիչի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Պարզվել է, որ Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական կարգադրիչ Հ. Խաչատրյանն իր ծանոթ Ս. Այվազյանի եւ Մ. Ղանդիլյանի միջեւ եղած դատական վեճը հօգուտ Ս. Այվազյանի լուծելու նպատակով անցյալ տարվա հունիսին, դատավորին կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ Ս. Այվազյանից վերցրել է 518 500 դրամին համարժեք 1700 ԱՄՆ դոլար գումար:
Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Հ. Խաչատրյանը որեևէ գումար չի տվել դատավորին եւ նրա անունն օգտագործելով` ստացել եւ խարդախությամբ հափշտակել է Ս. Այվազյանի գումարները:
Իսկ Մ. Ղանդիլյանի եւ Ս. Այվազյանի միջեւ եղած քաղաքացիական գործով հօգուտ Ս. Այվազյանի վճիռ չի կայացվել. կողմերը միմյանց հետ կնքել են հաշտության համաձայնագիր:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Հ. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել «Խոշոր չափերով խարդախություն» կատարելու համար: Քրեական գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել