«Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյան եմ»
Ով ծանոթ չէ Գրիգորի Խաչատրյան երեւույթին, նրան առաջին անգամ հանդիպելիս կարող է կարծել, թե խենթ է: Նա կարծում է, որ չկան մարդիկ եւ ազգություններ, այլ կա Գրիգոր Խաչատրյան, իսկ մյուս մարդիկ պարզապես Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն են: Ամենաանլուրջ բաների մասին Գ.Խաչատրյանն այնպիսի լրջությամբ է խոսում, որ կարող է կասկածես, թե մեղքը քոնն է, որ նրան չես հասկանում:
Այս շաբաթ Գրիգոր Խաչատրյանը կազմակերպել էր Պատահականությունների պլանավորման միջազգային կենտրոնի շնորհանդեսը: Կենտրոնը սկսել է գործել դեռ 2008 թվականի սեպտեմբերից, այն ժամանակ ազգային էր կոչվում, հիմա դարձել է միջազգային: Կենտրոնում գործում են քաղաքական գործընթացների եւ բնակլիմայական փոփոխութունների պլանավորման գրասենյակներ:

-Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք պլանավորելու պատահականությունները:
-Պատահականությունն ամենաազատ բանն է, ոչ ոք չի կարող նրան ձեռ տալ, ընդհանրապես ազատությունը սահմաններ չի ճանաչում, այդ առումով պատահականութունն ու անակնկալներն ամենաազատ բաներն են: Նրանք օգնում են, որ դու ազատության հետ սերտ կապի մեջ մտնես:
-Իսկ ինչպե՞ս եք պլանավորելու, այսինքն` սահմանափակելու այդ ազատութունը:
-Ես չեմ սահմանափում ազատությունը, ես նրա հետ աշխատում եմ: Դա պատահականությունների պլանավորման գաղտնիքի մեջ է մտնում, որը եթե բացում ես, այլեւս չի դառնում պատահականություն: Բայց այն ինչ կատարվում է, ես դրա համար պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, ցանկացած պատահականության դեպքում:
-Եթե ես այսօր պատահաբար մեքենայի տակ ընկնեմ, դո՞ւք եք պատասխան տալու, ինչպե՞ս:
-Բարոյահոգեբանախոհափիլիսոփայական հարթության վրա:
-Պատահականությունների պլանավորման գաղտնիքը միա՞յն Ձեզ է հասու:
-Այո:
-Ինչո՞ւ հենց Դուք:
-Որովհետեւ ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյան եմ, Դուք մարդ չեք, Դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն եք:
-Տպավորություն է ստեղծվում, թե Դուք չափից ավելի ինքնահավան եք:
-Ես այդ առումով աշխատանք ունեմ, որը կոչվում է. «Ես ավելի մեծ եմ, քան ես կարծում եմ»: Այսինքն այդ հարցերն այնքան են առաջացել, որ այդ ֆորմատի մեջ գործ է առաջացել:
-Մինչ օրս եղած անակնալներից ո՞րն էիք Դուք պլանավորել:
-Իսկ Ձեզ համար ո՞րն էր անակնկալը:
-Օրինակ` «Ժառանգություն» կուսակցությունում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
-Ուրեմն` դա ես էի պլանավորել: Եթե ես դա ծրագրավորած չլինեի, մեխանիզմը չէր աշխատի:
-Իսկ հայ ազգի համար Դուք որեւէ բան պլանավորե՞լ եք:

Լուսավոր ապագա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել