Ստեփան Մոսինյան. «Ամեն ինչ անելու ենք, որ բնակչությունը գոհ լինի բուժանձնակազմից»

Ալավերդու նախկին պոլիկլինիկայի, այժմ արդեն «Ալավերդու առողջապահական կենտրոն» ՓԲԸ-ի շենքի կապիտալ վերանորոգման համար ՀՀ կառավարության միջոցներից վերջին 10 տարիներին մի քանի անգամ պատկառելի գումարներ են հատկացվել Լոռու մարզպետարանին: Առողջապահական կենտրոնի ներկայիս շենքը, որպես 88-ի երկրաշարժից տուժած և վթարային, կապիտալ վերանորոգման է ենթարկվել 1999-2001 թթ.-ի Լոռու մարզի աղետի գոտու վերականգնման եռամյա ծրագրով:
Այս վերանորոգումից 1-2 տարի հետո հիվանդանոցի նախկին տնօրինության կողմից շուրջ 60մլն դրամ` աշխատողների աշխատավարձի գումարներ, փոշիացվել են շենքի կապիտալ վերանորոգման անվան տակ: Այդ պարտքերից այսօր դեռ վճարում է առողջապահական կենտրոնի տնօրինությունը: Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի` 1999-2004 թթ.-ին հիվանդանոցի ֆինանսական միջոցների նկատմամբ ցուցաբերած, մեղմ ասած` թողտվության պայմաններում Ալավերդու հիվանդանոցը հայտնվել էր փակման շեմին: Եվ կփակվեր, եթե չլիներ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի միջամտությունը, որը տեղեկանալով հիվանդանոցում ստեղծված իրավիճակին` պետբյուջեից 10մլն դրամ հատկացրեց հիվանդանոցի ֆինանսական առողջացման համար և ձեռնարկեց այլ միջոցառումներ: Առողջապահական կենտրոնի շենքն այս տարվա սեպտեմբերի 1-ից նորից վերանորոգվում է: Նախատեսված աշխատանքների մասին կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը պատմեց. «Առողջապահական կենտրոնի ստացիոնար մասի հիմնանորոգման համար շուրջ 2 տարի նախագծային աշխատանքներ էին կատարվում: Նախագծային աշխատանքներում նախասեսված էին 230 մլն դրամի կապիտալ վերանորոգման աշխատանքներ, դրա մեջ մտնելու էին շենքի տանիքը, 2-3-րդ հարկերի վիրաբուժական և ընդհանուր թերապիայի բաժանմունքների վերանորոգումը, Բաղրամյան թաղամասից ծննդատան տեղափոխումը հիվանդանոցի մասնաշենք, որտեղ պետք է կառուցվի նոր վիրասրահ, շենքի ջեռուցման կաթսայատուն, նախատեսվում էր վերելակի ապամոնտաժում և ջեռուցման համակարգի ստեղծում: Բայց քանի որ սկզբնական փուլում հնարավոր եղավ Սոցներդրումների հիմնադրամի կողմից սկսել ծրագիրը, առայժմ կատարվել է 107մլն դրամի հատկացում, որոշվեց աշխատանքները կատարել փուլերով: Առաջին փուլում 107մլն դրամ նախահաշվային գնով աշխատանքներ կատարելու համար մրցութային կարգով հաղթեց Վանաձորում գրանցված «Կանակա» շինարարական ԲԲԸ-ն, որը սեպտեմբերի 1-ին սկսել է աշխատանքները: Ծրագրի շինարարական աշխատանքները, ըստ պայմանագրի, տևելու է 210 օր, շուրջ 7 ամիս: Երկրորդ փուլի աշխատանքները սկսելու և Սոցներդրումների հիմնադրամի կողմից կրկին գումարներ հատկացնելու համար Ալավերդու ավագանին Սոցներդրումների հիմնադրամին արդեն տվել է իր որոշումը»: Մեզ հետ զրույցում Առողջապահական կենտրոնի տնօրենը հայտնեց, որ ժամանակակից պահանջներին համապատասխան հիվանդանոց կառուցելու համար առանց գույքի անհրաժեշտ է 230մլն դրամի ներդրումներ: Կենտրոնում բժշկական նոր սարքավորումների ներդրման կապակցությամբ Ս. Մոսինյանն ասաց. «Աշխատանքների սկզբից մինչև այսօր և' ՀՀ առողջապահության նախարարը և' Լոռու մարզպետը քննարկումների ժամանակ արծարծել են այդ հարցը, պարզապես աշխատանքը փուլերով է լինելու: Առաջին փուլում հիմնովին կվերանորոգվեն շենքի տանիքը, ինչպես նաև 2-րդ և 3-րդ հարկերը: Երկրորդ փուլում հիվանդանոցի մասնաշենքում տեղի կունենա ծննդատան վիրասրահի կառուցում, առաջին հարկի հիմնանորոգում, վերելակի ապամոնտաժում, թթվածնային ամբարի կառուցում, կաթսայատան կառուցում իր ջերմամատակարարման համակարգով: Երրորդ փուլում արդեն պետք է իրագործվի գույքի և սարքավորումների ապահովման հարցը: Ըստ պայմանավորվածության` հիվանդանոցը պետք է ունենա ժամանակակից պահանջներին համապատասխանող հիվանդասենյակներ: Առաջին փուլի աշխատանքները կյանքի են կոչվել, երկրորդ փուլի կազմակերպչական աշխատանքներն են արդեն հունի մեջ մտել: Ես հույս ունեմ, որ 3-րդ փուլն էլ է իրականություն դառնալու, և Ալավերդին կունենա ժամանակակից հիվանդանոց»: Վերջին տարիներին առողջապահական կենտրոնում բժշկական կադրերի ծերացում է արձանագրվում, հիվանդանոցը երիտասարդ բժիշկներով համալրելու կարիք կա: «Առայժմ եռակողմ պայմանագրերով մենք բնակաչության կողմից ամենապահանջարկ ներկայացնող կադրերին ենք բերում հիվանդանոց: Շուրջ 6 ամիս մեզ մոտ եղան Երևանի բժշկական կենտրոններից գործուղված մանկաբարձ գինեկոլոգներ, հիմա այս պահին ունենք վիրաբույժ, Լոռու մարզպետարանին և ՀՀ առողջապահության նախարարությանը ներկայացրել ենք տեղեկություն, որ մեր բժիշկների մեծ մասը մոտենում է կենսաթոշակային տարիքին, թեև անկախ տարիքից` պրոֆեսիոնալ բարձր մակարդակ ունեցող բժիշկը, եթե ի վիճակի է, պետք է աշխատի: Երիտասարդ կադրերին հիվանդանոց գործուղելու հարցը բարձացվելու է ՀՀ կառավարության առջև: Իմ տեղեկություններով` առողջապահության նախարարությունը հարցի հետ առնչվող ծրագրեր է մշակում Կառավարությանը ներկայացնելու համար»,- տեղեկացրեց Ս. Մոսինյանը: Հիվանդանոցի` բժշկական սարքավորումներով ապահովվածության մասին էլ պրն Մոսինյանը հայտնեց. «Այժմ մինիմալ հնարավորություններ ենք մենք կարողանում ապահովել: Մայրաքաղաքի բժշկական հիմնարկների հնարավորությունները չունենք, թեև վերջին 3 տարիներին որոշակի վերազինում կատարվել է»:
Տնօրենը հավատացած էր, որ կգա այն ժամանակը, երբ Ալավերդու առողջապահական կենտրոնը կդառնա հանրապետության հյուսիսային շրջանի բնակավայրերի առողջության պահպանման լավագույն օջախը. «Երբ սկսել եմ աշխատել առողջապահական կենտրոնի տնօրեն, փորձել եմ իրականացնել ղեկավարման իմ մաքսիմալ հնարավորությունները, Կենտրոնի առողջացման հետ կապված ցանկություններս մեծ են, ամեն ինչ անելու ենք, որ Ալավերդու բժշկական կենտրոնը մամուլում բացասական առումով չներկայանա, և բնակչությունը գոհ լինի բուժանձնակազմից: Մեր գնահատականը տալու է ժողովուրդը: Դրա համար մենք պետք է լավ աշխատենք և կարողանանք հիվանդանոցը ապահովել բժշկական լավագույն կադրերով»: Հիվանդանոցում մի քանի տարի առաջ հիվանդներ գրեթե չէին բուժվում, ալավերդցիներն իրենց առողջության հետ կապված խնդիրները լուծում էին մայրաքաղաքում, մարզկենտրոնում կամ հարևան քաղաքներում: «Ներկայումս հիվանդանոցում ծննդատան հետ միասին ամիսը 140-150 հիվանդներ են բուժվում»,- ասաց տնօրենը: Քանի որ առողջապահական կենտրոնը Ս. Մոսինյանն ընդունել էր խոշոր պարտքերով, ավելորդ չհամարեցինք նրան հարցնել նաև պարտքերի մարման ընթացքի մասին. «Կենտրոնի երեք կառույցները միասին` հիվանդանոց, պոլիկլինիկա և ծննդատուն, ընդունել եմ 42 մլն դրամ կրեդիտորական պարտքով: Այս պահին մենք ունենք 10մլն դրամ պարտք: Արդեն 2 տարի է մենք աշխատում ենք շահույթով: Պարտքը փակում ենք շահույթի հաշվին: Հուսով եմ, որ 2010 թ.-ի առաջին եռամսյակում մեր բոլոր պարտքերին լուծում կտանք»:
Ս. Մոսինյանը նաև տեղեկացրեց, որ հիվանդանոցի բժիշկների միջին աշխատավարձը կազմում է 180 հազար դրամ, իսկ միջին բուժանձնակազմի աշխատավարձը` 35-65 հազար դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել