Ալավերդի քաղաքին հատկացված պետբյուջեի 21 մլն դրամի ծախսումներն անարդյունավետ են համարվում
Համաձայն ՀՀ կառավարության 23.12.2004 թ.-ի թիվ 2139-Ն` «Վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման կարգի մասին» որոշման` Լոռու մարզպետարանն իր 23 հունիսի 2009 թ.-ի թիվ 183-Ա որոշմամբ հաստատել է ըստ մարզի համայնքների ֆինանսական միջոցների բաշխման, ծրագրերի ուղղվածության եւ դրանց իրականացման ժամանակացույցը: Ըստ այդմ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով Ալավերդի քաղաքում նախատեսվել է 7 ծրագիր, այդ թվում` քաղաքի Թումանյան եւ Զորավար Անդրանիկ փողոցների հեղեղների բերվածքների մաքրման, Սանահին գյուղական թաղամասի փողոցների մաքրման եւ ջրամատակարարման ներքին ցանցի նորոգման, Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհի փլվածքների եւ ջրատար առուների մաքրման եւ եզրապատերի ներկման, Դեբեդ եւ Էնգելս թաղամասերի փողոցների եւ շենքերի մաքրման եւ բարեկարգման, Բաղրամյան թաղամասի հեղեղատարների մաքրման եւ փողոցների բարեկարգման, Ակներ գյուղական թաղամասի փողոցների մաքրման եւ ջրամատակարարման ներքին ցանցի նորոգման եւ Սանահին կայարան թաղամասի ճանապարհի վերանորոգման օժանդակ աշխատանքներ:
Ըստ ժամանակացույցի` վերոնշյալ 7 ծրագրերից մեկը 2,7 մլն դրամ ֆինանսական հատկացումով իրականացվել է այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը, եւ կատարվել են Ալավերդի քաղաքի Թումանյան եւ Զորավար Անդրանիկ փողոցների հեղեղների բերվածքների մաքրման աշխատանքներ: Հինգ ծրագրեր իրականացվել են հուլիս-սեպտեմբեր ամիսների ժամանակամիջոցում, ծրագրով նախատեսված Բաղրամյան թաղամասի հեղեղատարի մաքրման եւ փողոցների բարեկարգման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 1-ին եւ պետք է ավարտվեն մինչեւ նոյեմբերի 1-ը: Ալավերդու քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սոխակյանից տեղեկացանք, որ 7 ծրագրերի իրականացման համար Կառավարությունը քաղաքապետարանին հատկացրել է 11,8 մլն դրամ, որից, ըստ Ալավերդու զբաղվածության կենտրոնի, աշխատավարձ է վճարվել 10,8 մլն դրամ:
Ալավերդու զբաղվածության կենտրոնի տնօրեն Նունե Անտաշյանը փաստեց, որ «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի նպատակը գործազուրկներին ժամանակավոր աշխատատեղերով ապահովելն է: Ծրագրի իրականացումը մասամբ մեղմացրել է սոցիալական լարվածությունը Ալավերդիում: Այս կապակցությամբ քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետը հայտնեց. «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում քաղաքապետարանը 7 ծրագրերի իրականացման ընթացքում Ալավերդու զբաղվածության կենտրոնի ներկայացրած ցուցակներով ժամանակավոր աշխատանքով ապահովել է 72 գործազուրկների, որոնցից 23-ը աշխատել են 3 ամիս, 49 մարդ աշխատել է 2 ամիս: Աշխատողների օրավարձը կազմել է 2400 դրամ, որն ամսվա կտրվածքով, առանց սոցվճարների, կազմել է 46-50 հազար դրամ:
Ամենաուշագրավը Սանահին եւ Ակներ գյուղական թաղամասերի փողոցների մաքրման եւ ջրամատակարարման ներքին ցանցերի վերանորոգման ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքներն են: Դեռեւս 2008 թ. համայնքի բյուջեին ՀՀ կառավարության հատկացրած բնապահպանական սուբվենցիաներից քաղաքապետ Արթուր Նալբանդյանը 12 մլն դրամ հատկացրել է Ակների գյուղական թաղամասի խմելու ջրի, 9 մլն դրամ` Սանահին գյուղական թաղամասի խմելու ջրի ջրագծեր կառուցելու համար: Թեեւ ջրագծերի կառուցման աշխատանքներն ավարտվել են 2008 թ.-ին, առ այսօր Ակներում եւ Սանահինում վերջնականորեն լուծված չեն խմելու ջրի ջրամատակարարման խնդիրները, որին մի քանի անգամ անդրադարձել են նաեւ լրատվամիջոցները:
Խնդիրն այն է, որ ջրագծերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերում գյուղերի` խորհրդային տարիներից ժառանգություն մնացած ջրամատակարարման ներքին ցանցի վերակառուցում կամ վերանորոգում չի նախատեսվել, որի պատճառով էլ գյուղացիները չէին օգտվում խմելու ջրից, քանի որ վթարված ու քայքայված ջրագծերով անհնար է խմելու ջուրը հասցնել բնակարաններ: Ստեղծված իրավիճակում պետբյուջեի 21 մլն դրամի ծախսումները գյուղական բնակչությունն ու մամուլը անարդյունավետ ծախսեր են համարում:
Դեռ 2009 թ. տարեսկզբին քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, ի պատասխան մամուլի հրապարակումների, Ակներ եւ Սանահին գյուղերի ջրամատակարարման խնդրի վերջնական լուծումը կապում էր «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի իրականացման հետ: Թե այդ ծրագրի շրջանակներում նշված գյուղերի նախատեսված աշխատանքների ավարտից հետո ինչ արդյունքներ են արձանագրվել Ակների եւ Սանահինի խմելու ջրամատակարարման գործում, քաղաքապետ Արթուր Նալբանդյանը պատասխանեց. «Ծրագրի ավարտից հետո Ակներ գյուղի 200 ընտանիքներից 170-ը կապահովվեն խմելու ջրով: Դեռեւս լուծված չէ 30 ընտանիքների ջրամատակարարման հարցը»:
Սանահին գյուղի ջրամատակարարման մասին էլ քաղաքապետը հայտնեց. «Սանահին գյուղի ջուրը «Հայջրմուղկոյուղու» տնօրինության տակ է: Գյուղի ներքին ցանցի մեջ ջուր կա, սակայն բնակիչներն, ըստ «Հայջրմուղկոյուղու» պահանջի, «Ագարակի» ջրագծից սնվող գյուղի ջրամբարից կարող են ջուր ստանալ միայն ջրաչափեր տեղադրելուց հետո, որն էլ բնակիչները զլանում են տեղադրել»: Թե ինչու նման խնդիր չի առաջացել Ակներ գյուղում` Արթուր Նալբանդյանը բացատրեց. «Ակներ գյուղի նորակառույց ջրամբարը սնուցվում է լեռնային աղբյուրների ջրից, որը «Հայջրմուղկոյուղու» ենթակայության տակ չի գտնվում, թեեւ նախատեսվում է այստեղ եւս մատուցվող ջուրը վաճառել բնակիչներին, եւ այդ նպատակով նույնպես պահանջվելու է ջրաչափեր տեղադրել»:
Սանահին գյուղական թաղամասում բնակիչներից Ժենյա Օդաբաշյանը հայտնեց, որ Ագարակից սնուցվող ջրագծից օգտվում է գյուղի շատ փոքր հատվածը, մնացածները դեռեւս տեղեկություններ չունեն ջրի ճակատագրից: Սանահինցի Արմո Երիցյանը, որը նույնպես մասնակցել էր «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված Սանահին գյուղական թաղամասի ջրագծերի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներին, տեղեկացրեց. «Ծրագրով այստեղ 10 բանվորներ ենք աշխատել, մեզ ամսական վճարվել է 50 հազար դրամ աշխատավարձ, մենք ջրամբարից մինչեւ Սանահին գյուղի հրապարակ փորել եւ բացել ենք հին ներքին ցանցի ջրագծերը եւ վթարված ու քայքայված խողովակները չիգանկա ենք արել կամ բետոնով ամրացրել ենք»: Այդուհանդերձ, թե ինչպես կլուծվի Սանահին գյուղական թաղամասի բնակիչների` գյուղի նորակառույց ջրագծից օգտվելու խնդիրը, դեռեւս անորոշ է: Քաղաքապետարանը որոշակի լուծում չի գտել նաեւ Ակներ թաղամասի 30 ընտանիքներին խմելու ջրով ապահովելու համար:
Ակնհայտ է, որ բացի ջրաչափեր տեղադրելը` քաղաքապետարանը ջրամատակարարման այլ խնդիրներ ունի Սանահին գյուղի հետ կապված, քանի որ գյուղում սոցիալապես ապովված շատ բնակիչներ կարող են տեղադրել ջրաչափեր եւ ջուր ստանալ: Սակայն, ինչպես տեղեկացանք Ժ. Օդաբաշյանի հետ զրույցից, բնակիչներն այդ պահանջին տեղյակ չեն: Սանահինում բնակիչներն առայժմ խմում են գյուղի «Աստծոնազ» հանդամասից բնակարաններ հոսող ոռոգման ջուրը, որն անձրեւներին ցեխաջուր է դառնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել