
«ԼՂՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպություն»-ը դիմել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ընդդեմ ԼՂՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի բաժնի, որի օգոստոսի 3-ի թիվ 2 որոշմամբ մերժվել է կազմակերպության գրանցումը:
Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ԼՂՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը:
Գրանցումը մերժվել է հիմնվելով կրոնի գործերով պետական լիազորված մարմնի կողմից տրված փորձագիտական բացասական եզրակացության, որի համաձայն` կազմակերպության խորհրդի նախագահի կողմից ներկայացված` գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը չեն բավարարում «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի ենթակետերով սահմանված պայմաններին:
Աշոտ Սարգսյանի փոխանցմամբ` կրոնական կազմակերպություններից 5-ն արդեն ստացել են պետական գրանցում` Հայ առաքելական եկեղեցին, Արցախի Հայ կաթողիկե եկեղեցին, Արցախի Հայ ավետարանական եկեղեցին, Արցախի ռուս ուղղափառ եկեղեցին, Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցությունը:
ԼՂՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպություն»-ից բացի մերժում է ստացել նաեւ «Արթնության կրակ» եկեղեցին, իսկ գործող մնացած 4 կազմակերպությունները դեռ չեն դիմել պետական գրանցման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել