
Պահանջում են դադարացնել ապօրինի շինարարությունը Նալբանդյան 106/1-ում
Այս պահին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հարյուրավոր օգտատերեր գրոհում են քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջը՝ պահանջելով դադարեցնել ապօրինի շինարարությունը Նալբանդյան 106/1 հասցեում:
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ կառուցապատողը, օգտվելով տարածքում հարաբերական անդորր վիճակից, սկսել է հապշտապ ցանկապատել Սայաթ-Նովայի պողոտա, Թումանյան, Նալբանդյան և Ավագ Պետրոսյան փողոցներով պարփակված ներբակային տարածքը:
Երեկ Նալբանդյան 106/1 հասցեում կայացավ «Ոչ՝ բետոնապատմանը» խորագրով քաղաքացիական ստուգայցը, որին մասնակցեցին ՆԳՆ նախկին մանկապարտեզի շրջակա շենքերի բնակիչներ, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Տեղի բնակիչների հետ Երևանի գլխավոր ճարտարապետի երրորդ հանդիպումից հետո նշված տարածքում հրապարակվել է նոր ցուցապաստառ, որտեղ պատկերված է առաջարկվող քաղաքաշինական նախագիծը: Բնակիչները դժգոհում են, որ գլխավոր ճարտարապետի հետ կարծես խաղաղ-կառուցողական քննարկումներից հետո, նշված նախագծի հրապարակմանը զուգընթաց՝ ձեռնարկվել են ցանկապատման լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում վնասվում է բակի կանաչ տարածքը:
Հանդիպման մասնակիցները ստիպված եղան անձամբ քայլեր ձեռնարկել ազատելու բակի հաստաբուն ծառերից մեկը, որի բունը փաստացիորեն օգտագործվել էր որպես ապագա շինհրապարակի ցանկապատի շինանյութ, դրա կեղևը վնասվել էր, վրան բազմաթիվ մեխեր և ամրալարեր էին կապկպվել, իսկ հիմքը պատվել էր բետոնով: Նմանատիպ վայրենությունների հեղինակները որպես կանոն խուսափում են գործողությունը որպես դիտավորություն ներկայացնելուց: Այստեղ, սակայն, շինարարության պատասխանատուներն ամեն կերպ պատճառաբանում էին, թե իրենք «կատարող» են, սակայն քաղաքի կենտրոնում սակավաթիվ ծառերի նկատմամբ նման վայրենաբարո վերաբերմունքը այդքանով դժվար թե արդարացվի: Մենք կունենանք առողջ հասարակություն, երբ «կատարողները» գիտակցեն, թե ինչ են կատարում և թե ինչի է դա հանգեցնելու տարիներ հետո:
Ակցիայի ընթացքում որոշվեց լայն հասարակական քննարկման դնել տարածքի համար առաջարկված քաղաքաշինական նախագիծը, ինչպես նաև պահանջել կոնկրետ հատակագիծը, որը հիման վրա բնակիչները կկարողանան նախագծի ծավալատարածական պարամետրերի առումով ավելի հստակ պատկերացում կազմել:
Այս պահին «Ֆեյսբուքում» ակնկալվում է քաղաքապետի պաշտոնական արձագանքը խնդրի առնչությամբ:
«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն
Մեկնաբանել