Քաղաքապետ. «Շինարարության նոր մշակույթի ձևավորումը անհրաժեշտություն է»
Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում շինարարության նոր մշակույթի ձևավորումն անհրաժեշտություն է:
Անդրադառնալով շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչներին` Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ շինարարությանը հարող տարածքներում կառուցապատողները պարտավոր են քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների երթևեկության համար ապահովել անվտանգ ու հարմարավետ տեղաշարժ. «Մայրաքաղաքում պետք է ձևավորվի և պահպանվի շինարարության մշակույթը: Սկսած նրանից, թե շինհրապարակը ինչպես եք կազմակերպում, որ հարամարվետ լինի Երևանի ու երևանցիների համար, ինչ քայլեր եք ձեռնարկում, որ շինանյութ մատակարարող մեքենաները չկեղտոտեն քաղաքը և այլն»: Քաղաքապետի կողմից պահանջ է դրվել խստորեն հետևել ոչ միայն այդ չափորոշիչների, այլև շինարարության ժամկետների պահպանմանը.
«Մենք դիմել ենք բոլոր այն կառուցապատողներին, ովքեր խախտել են շինարարության ժամկետները: Մենք չենք ուզում խոչընդոտել կառուցապատողների աշխատանքին: Հակառակը, փորձում ենք ստեղծել համապատասխան միջավայր և հետադարձ կապ, որպեսզի կարողանանք խնդիրները հասկանալ և համակարգված աշխատանքի արդյունքում լուծումներ գտնել»,-շեշտել է քաղաքապետը:
Նշելով, որ քաղաքապետարանի կողմից լուրջ քայլեր են ձեռնարկվել ներդրողների համար մայրաքաղաքում առավել բարենպաստ և արդարացի միջավայր ձևավորելու ուղղությամբ` Կ. Կարապետյանն ընդգծել է, որ արհեստական կամ ոչ օբյեկտիվ խոչընդոտներ ու խնդիրներ առաջանալու դեպքում քաղաքապետարանը պատրաստ է գործող օրենսդրության շրջանակում աջակցել կառուցապատողին:
Քաղաքապետարանում բավականին պարզեցվել է շինարարական ծրագրերի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, բացի այդ հստակ պահպանվում են փաստաթղթերի տրամադրման սահմանված ժամկետները:
Կարևորելով մայրաքաղաքում բնակարանային ֆոնդի տվյալների լիարժեք բազայի ստեղծման անհրաժեշտությունը` Կարեն Կարապետյանն առանձնացրել է նաև քաղաքապետարանի կողմից նախատեսված ծրագրերի այն շրջանակը, որը կարող է նպաստել բնակարանային շուկայի աշխուժացմանը:
Քաղաքապետը նշել է նաև, որ Երևանի համաչափ զարգացումն առաջիկա տարիներին ապահովելու նպատակով մշակվում է գործողությունների հստակ ծրագիր, որը կներառի մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացումն ու նախատեսվող քաղաքաշինական ծրագրերը:
Հանդիպման մասնակիցներին ներկայացնելով քաղաքապետարանի ներդրումային առաջարկները. Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ ծրագրերը կարող են հետաքրքրել հնարավոր ներդրողներին. «Դրանք Հաղթանակ զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, «Արտ Վիլիջ» ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման, «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի կառուցման, գլխավոր պողոտայում «Հին Երևան» անվանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային առաջարկներն են, ինչպես նաև հյուրանոցային համալիրների կառուցման և Հրազդանի կիրճում բարեկարգման և հանգստի գոտու ստեղծման նախագծերն են»,-նշել է քաղաքապետը:
Հանդիպման ընթացքում կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները համատեղ լուծում պահանջող մի շարք հարցեր են առաջադրել և, գնահատելով նման հանդիպումների կարևորությունը, նշել են, որ դրանք կնպաստեն առկա խնդիրների հաղթահարմանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել