HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մարզպետ Գիզիրյանի որոշումը կվիճարկվի Վարչական դատարանում

Գյումրիի թիվ 28 դպրոցի նախկին տնօրեն Համլետ Ավետիսյանն այս տարվա օգոստոսի 5-ին իր պաշտոնից ազատումն համարում է անօրինական: Նախկին տնօրենի 65 տարին լրանում է 2011թ.-ի նոյեմբերի 11-ին եւ  մեկ ամիս շուտ կամ մեկ ամիս ուշ, միեւնույն է, ազատվելու էր աշխատանքից: Սակայն Համլետ Ավետիսյանին վրդովվեցրել էր Շիրակի մարզպետարանի Կրթության վարչության իր նկատմամբ դրսեւորած վերաբերմունքն ու, ըստ նրա, օրենքի խախտումներով գործելակերպը:

«Եթե ինձ կանչեին, ասեին` գիտես ինչ, պետք է դիմում գրես աշխատանքից ազատվելու համար, որովհետեւ ՊՈԱԿ-ի օրենքով այլեւս պաշտոնավարելու իրավունք չունես, ես կանեի, բայց ամեն ինչ արվել է թաքուն, անգամ ծանուցում չի ուղղարկվել, այնինչ պարտավոր էին 42 օր առաջ ծանուցել այդ մասին,-«Ասպարեզ» ակումբում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Համլետ Ավետիսյանը,-իմ` աշխատանքից ազատման վերաբերյալ մարզպետի որոշումը թվագրված է օգոստոսի 5-ին, իսկ ես այդ մասին տեղեկանում եմ միայն ամսի 16-ին»:

Համլետ Ավետիսյանն ընդունում է, որ թոշակային տարիքի լրանալու հետ կապված ինքը չէր կարող մասնակցել հավաստագրերի համար անցկացվող մրցույթներին, սակայն, չգիտես ինչու, իր անունը հայտնաբերել է մրցույթին մասնակցած եւ դուրս մնացած տնօրենների ցուցակում, որոնք աշխատանքից ազատվել են այդ հիմնավորմամբ: Աշխատանքից ազատելու որոշման հետ կապված թիվ 28 դպրոցի նախկին տնօրենը փորձել է հանդիպել եւ խոսել մարզպետ Աշոտ Գիզիրյանի հետ:

Վերջինիս արձակուրդում գտնվելու պատճառով նրան ընդունել է փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, ով, տեղեկանալով խնդրին, Համլետ Ավետիսյանին ասել է, որ մարզպետի որոշումն ենթակա չէ վերանայման: Չհաջողեցնելով անձնական հանդիպում ունենալ մեկ օր առաջ արձակուրդից վերադարձած մարզպետի հետ, Համլետ Ավետիսյանը խոստովանեց, որ հույս ունի իր բողոքը տեղ հասցնել լրատվամիջոցների օգնությամբ: Նա պատրաստվում է դիմել նաեւ Վարչական դատարան` պաշտոնում վերականգնվելու նպատակով. «Թեկուզ 5 օր աշխատեմ, հետո ես իմ ձեռքով դիմում կգրեմ դուրս կգամ»,-հայտարարեց Համլետ Ավետիսյանը:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը, ներկայացված մեղադրանքներին ի պատասխան, նշեց, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում: 2003թ-ից, երբ դպրոցները դարձան ՊՈԱԿ-ներ, ընդունվեց օրենք, որի համաձայն` մրցույթով անցած տնօրենները 5 տարուց ավելի աշխատելու իրավունք չունեն, իսկ թիվ 28 դպրոցի նախկին տնօրենը դեռ մի բան էլ ավել է պաշտոնավարել` 7 տարի:

«Ոչ մի իրավական խախտում որոշման մեջ չկա մի պարզ պատճառով. Համլետ Ավետիսյանը աշխատել է թիվ 28 դպրոցի տնօրենի պաշտոնակատար առանց պայմանագրի: Ինքը մեկ տարով հրամանագրվել է որպես ժամանակավոր պաշտոնակատար մարզպետ Նանյանի օրոք, իսկ ներկայիս մարզպետի օրոք` անորոշ ժամանակով եւ առանց պայմանագրի, որն իրավունք է վերապահում գործատուին համապատասխան հոդվածին հղում կատարելով, առանց զգուշացման ազատել նրան զբաղեցրած պաշտոնից: Սա զուտ իրավական հիմքն եմ ասում,-նշեց Սահակ Մինասյանը,-Համլետ Ավետիսյանը քաջատեղյակ էր, որ չէր շարունակելու աշխատանքը, որովհետեւ ի սկզբանե չէր էլ մասնակցել հավաստագրման գործընթացին եւ բացի դրանից չուներ նաեւ հստակ աշխատանքային պայմանագիր. նա հրամանագրված էր անորոշ ժամանակով»:

8 տարի թիվ 28 դպրոցում պաշտոնավարած Համլետ Ավետիսյանի կուսակցական /ՀՅԴ/  պատկանելիությունը աշխատանքից ազատելու հետ ոչ մի կապ չունի. «Հետքի» հարցին ժխտողական պատասխան տվեց Սահակ Մինասյանը: Նույնը պնդեց նաեւ նախկին տնօրենը` ասելով, թե 15 տարի համագործակցելով Կրթության վարչության հետ երբեւէ խնդիրներ չի ունեցել, անգամ նկատողության չի արժանացել: Սակայն, Սահակ Մինասյանի կարծիքով, ընդդիմացողի կեցվածքով իրավունքներից ու խախտումներից խոսող Համլետ Ավետիսյանն այլ նպատակ է հետապնդում:

Թե ինչ նպատակ, կրթության վարչության պետը չմանրամասնեց` ասելով, թե զերծ է մնում տեղեկատվություն տալուց, միայն նշեց, որ շահարկումը Համլետ Ավետիսյանի կողմից անտեղի չէ: Իսկ մեզ հասած տեղեկություններով, դաշնակցական տնօրենը պատրաստվում է Ամերիկա մեկնել, եւ հալածվողի կերպարն այս դեպքում լավագույն փաստարկն է` քաղաքական ապաստան խնդրելու:

Նոր ընտրություններ թիվ 28 դպրոցում անցկացվելու են սեպտեմբերի 26-ին: Մինչ այդ այստեղ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Մարիամ Առաքելյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter