«Ով` էշը, մենք` փալանը»
«Գյուղապետի ուժերից վեր ա: Իրա ձեռն ի՞նչ կա»: 2007 թ. ընթացքում 740 բնակիչ ունեցող Գեղադիրի համայնքապետարանը 7 դիմում է ստացել: Ճիշտ է` ընդունելություններ կազմակերպվում են համարյա ամեն օր, սակայն գյուղացիները հիմնականում անձնական բնույթի հարցերով են թակում համայնքապետարանի դուռը: Ավագանու նիստերի ու կայացված որոշումների մասին գյուղացիները ոչ մի կերպ չեն իրազեկվում: «Դե, տարվա մեջ մի երկու անգամ հաշվետու ժողով ենք անում»,- նշեց համայնքապետ Հրաչյա Սարգսյանը:
Հանքավանում ավագանու կայացրած որոշումները պարտադիր «հրապարակվում են». դրանք փակցվում են համայնքապետարանի պատուհանին կամ գյուղի միակ խանութի դռան վրա: «Բայց հիմնականում պատռում են, չեն կարդում»,- ասաց աշխատակազմի քարտուղար Անժելա Գասպարյանը: Մեզ հետ զրույցում հանքավանցի երիտասարդ Նոռա Խաչատրյանը հիշեց, որ նման որոշումներ խանութում տեսել է, բայց չի կարդացել:
Հիմնականում անձնական բնույթի դիմումներ է ստանում նաեւ Բյուրեղավանի քաղաքապետարանը: Իսկ կայացված որոշումները չեն հրապարակվում: «Փակ տեղ չունենք փակցնելու: Առաջ քաղաքապետարանի շենքի առաջին հարկում էինք փակցնում, վերանորոգումից հետո համապատասխան տեղ չունենք»,- բացատրեց աշխատակազմի քարտուղար Լիաննա Դալլաքյանը:
Սարալանջում ավագանու եւ համայնքի ղեկավարի կայացրած որոշումները փակցվում են համայնքապետարանի կամ ակումբի պատին, սակայն ընթերցողներ այստեղ էլ չկան: Սարալանջցիների խոսքով` իրենք վստահում են իրենց համայնքապետին. դե, բյուջեն փոքր է, կասկածները` քիչ:
Պետք է նկատել, որ «բնակիչ-պահանջատեր չափանմուշը» առայժմ խորթ է հայաստանյան համայնքներին: Բնակիչները տեղեկատվության հրապարակման նկատմամբ անտարբեր են գրեթե բոլոր բնակավայրերում: Նրանց այսօր քիչ է հետաքրքրում, թե որքա՞ն է իր համայնքի բյուջեն, ինչպիսի՞ ծախսեր են նախատեսվում գալիք տարվա համար եւ այլն: Եվ պատճառը համայնքապետարանի գործառույթների ու նրա հնարավորությունների մասին մարդկանց անտեղյակությունն է:
Հունվարի 17-ին Չարենցավանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում քննարկման եւ հաստատման էր դրված համայնքի կարեւորագույն փաստաթուղթը` 2008 թ. բյուջեն: Մինչ քննարկումը, բյուջեի նախագիծը փակցվել էր քաղաքապետարանի շենքում, ինչպես նաեւ` քաղաքի 5 բանուկ վայրերում: Սակայն մինչեւ հունվարի 17-ը որեւէ գրավոր առաջարկություն չէր ներկայացվել. ավագանու անդամներն էլ իրենց դիտարկումները բանավոր էին կատարել: Բյուջեի հաստատման օրը բացակայում էին ոչ միայն տարբեր հասարակական ուժեր ու բնակիչներ, այլեւ ավագանու 12 անդամներից ներկա էին միայն 8-ը: Ավագանու անդամ, միեւնույն ժամանակ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս-Արեւմտյան» տարածքային մասնաճյուղի «Չարենցավան» տեղամասի պետ Մանուկ Ասատրյանը իր բացակայությունը պատճառաբանեց զբաղվածությամբ (Արգելում ջրագիծը վթարվել էր)` նշելով, որ ինքը նախապես ուսումնասիրել է նախագիծը, կատարել իր նկատառումները: «Ասել էի, որ ջրամատակարարմանը գումար չեն հատկացրել, պետք է որ ուղղած լինեն»,- ասաց Մ. Ասատրյանը:
Ընդհանուր առմամբ, բյուջեի քննարկումն անցավ առանց լուրջ առարկությունների, եւ ավագանու անդամները միաձայն ընդունեցին Չարենցավանի` 2008 թ. կարեւորագույն փաստաթուղթը:
Իրենց «պասիվությունը» (թեեւ դժվարությամբ էին համաձայնվում այդ բառի հետ) ավագանու անդամները կապեցին նախապես կատարած դիտարկումների ու առաջարկությունների հետ, որոնք ընդգրկվել էին նախագծում: Իսկ քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը վստահության նման մթնոլորտը մեկնաբանեց կատարվող աշխատանքով:
Թերթելով տարբեր համայնքների ավագանու կայացրած որոշումները` հազվադեպ կարելի է հանդիպել «դեմ» քվեարկության: Բյուրեղավանի քաղաքապետարանում դա բացատրեցին այն հանգամանքով, որ բոլոր նախագծերը նախապես լավ քննարկվում են, գալիս են փոխհամաձայնության, հետո են միայն դրանք ներկայացնում նիստին: Նման բացատրություն տվեց նաեւ Գեղադիրի համայնքապետը` խոստովանելով, որ սխալ կլինի ասել, թե ավագանին ակտիվ է:
Իսկ Սարալանջ գյուղը երկար ժամանակ ավագանի չի ունեցել: «Ինձ ասում էին` բյուջե ունե՞ս, որ գանք վերահսկենք»,- պատմեց համայնքապետ Գեղամ Զիլիֆյանը: Ինչեւէ, գյուղում, վերջիվերջո, ավագանու 5 անդամ գտնվել է:
Կոտայք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել