Նինոծմինդայի շրջանում բանտ են կառուցում
Շինտարածքը տեղակայված է վարչական սահմանի մոտ, որը բաժանում է Սամցխե-Ջավախեթին Քվեմո Քարթլիից: Կողքով անցնում է ավտոմայրուղին եւ այս շրջանը Թբիլիսիի հետ կապող երկաթգիծը:
Տեղի բնակչությունն անհանգստացած է. ը՛չ իրենք, ո՛չ էլ տեղական իշխանությունները գործնականորեն չունեն տեղեկատվություն այն մասին, թե ինչ բանտ է դա լինելու, եւ թե եր՞բ եւ ինչո՞ւ են որոշել այն կառուցել հենց այստեղ:
Վրաստանի արդարադատության նախարարության տեղեկությամբ` շինարարական աշխատանքներն ընթանում են արդեն մեկ ամիս, բայց տեղաբնակները պնդում են, որ շինարարությունն ավելի վաղ է սկսվել:
Երբ մենք այնտեղ էինք, շինարարական ոչ մի աշխատանք չէր տարվում: Շինությունը պահպանում էին միայն տեղացի երկու մարդ:
Քրեակատարողական դեպարտամենտի մամուլի կենտրոնի տնօրեն Սալոմե Մախարաձեի տեղեկությամբ` բանտը նախատեսված է երեք հազար մարդու համար: Այնտեղ կլինեն նախնական կալանքի բաժամունք եւ գաղութ: Ըստ Մախարաձեի` այս տարի բանտի շինարարությանը կենտրոնական բյուջեից հատկացվել է 4մլն լարի: Մնացած ֆինանսավորումը նախատեսվում է հաջորդ տարվա բյուջեով: Բանտը կշահագործվի մեկ- մեկուկես տարի հետո:
Մախարաձեի խոսքերով` Վրաստանի արդարադատության նախարարությունը բանտի շինարարության թույլատրությունը տվել է «Սատխա» ՍՊԸ շինարարական ընկերությանը: Մրցույթ չհայտարարելու պատճառը նա բացատրեց նրանով, որ սա հատուկ հաստատություն է, եւ նման ծրագրերը պետք է մնան գաղտնի:
«Մենք որոշեցինք այստեղ կառուցել բանտ, որ այն մոտ լինի օրենսդիր մարմիններին` դատարանին եւ դատախազությանը: Եւ որ մենք ամեն անգամ ստիպված չլինենք կալանավորներին այստեղ-այնտեղ տանելու` դրա վրա օրեր ծախսելով»,- ասում է Սալոմե Մախարաձեն:
Վրաստանում կա 17 ուղղիչ հաստատություն: Դրանցից շատերը մոտ են մեծ քաղաքներին` Թբիլիսիին, Ռուսթավիին, Քութաիսիին եւ Բաթումիին: Արեւելյան եւ արեւմտյան Վրաստանում ուղղիչ հաստատություններ չկան:
Վերջին երկու տարիներին Վրաստանում կառուցվել եւ վերականգնվել է 5 բանտ: Մոտակա երկու տարիներին նախատեսվում է կառուցել եւս երեքը: Արդարադատության նախարարության պաշտոնական տվյալներով` ընթացիկ տարվա հոկտեմբերին ուղղիչ հաստատություններում կար 20 000 մարդ: Ուղղիչ ոլորտում բարեփոխումներով զբաղվող «Penal Reform International» միջազգային կազմակերպության տվյալներով` Վրաստանում կալանավորների քանակն ամսեամիս ավելանում է 400-ով:
Այդ կազմակերպության Կովկասյան ներկայացուցչության ղեկավար Մերի Մերֆիի խոսքերով` վրացական կառավարությունը դատական համակարգը բարեփոխելու փոխարեն ավելացնում է կալանավորների թիվը: Ըստ նրա` մեծաքանակ կալանավորների պատճառով շատ բանտերում բացակայում են տարրական պայմանները, որոշ բանտերում էլ մահճակալների պակասը ստիպում է կալանավորներին քնել հերթով:
Վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը ջանում է բանտերում կալանավորների կենսապայմանները մոտեցնել միջազգային չափանիշներին: Այդ նպատակով ուղղիչ համակարգի ֆինանսավորումը աճել է գրեթե վեց անգամ եւ հասել 67 մլն լարիի:
Մերի Մերֆիի խոսքերով` արեւելյան Վրաստանում նոր բանտ կառուցելու վրացական կառավարության մտադրության մասին նրանք գիտեին դեռ վաղուց, բայց այն, որ վերջինս պետք է կառուցվի Նինոծմինդայի տարածաշրջանում, իմացել են վերջերս: Նա զարմացած է, քանի որ ընդունված միջազգային չափանիշներով բանտերը կառուցում են ջրամատակարարման եւ ջեռուցման կարգավորված համակարգով ապահովված տեղանքներում` որպես կանոն մեծ քաղաքների հարեւանությամբ, ինչպես նաեւ` այնտեղ, որտեղ կան ճանապարհային ենթահամակարգեր: Բանտի շինարարությունն այն շրջանում, որտեղ երբեք չեն եղել նման հաստատություններ, մեծ ծախսեր է պահանջում:
Սալոմե Մախարաձեն նշում է, որ Սամցխե-Ջավախեթիում նոր բանտ կառուցելու որոշումը կայացրել է արդարադատության նախարարության հատուկ հանձնաժողովը դեռեւս անցած տարի: Այդ պատճառով էլ հնարավոր եղավ դրա համար անցած տարվա բյուջեից միջոցների հատկացումը: Բայց այն մասին, որ Սաղամո գյուղի կողքը կառուցվելու է բանտ, տեղաբնակներն իմացել են միայն շինարարական աշխատանքները սկսվելու ժամանակ:
«Սկզբում մենք մտածում էինք, որ հողային աշխատանքներ են ընթանում: Հետո, երբ տրակտորներ բերեցին, մենք մոտեցանք եւ հարցրեցինք, մեզ պատասխանեցին, որ այստեղ բանտ են կառուցելու»,- ասում է Սաղամո գյուղի բնակիչ Համլետ Գուլիջանյանը:
Տեղաբնակների մեծամասնության նման, Գուլիջանյանը հիմնականում ապրում է գյուղատնտեսության հաշվին: Նրա խոսքերով` բանտը կառուցվում է հենց արոտավայրում: Բացի դրանից, շինարարությունը հատել է սարի ճանապարհը, որտեղից գյուղի բնակիչները խոտ էին բերում անասունի ձմեռման համար:
«Եթե այս սեզոնն անձրեւային լինի, անհնար կդառնա խոտը սարերից բերելը, բոլոր մեքենաներն էլ շուռ կգան»,- ասում է Գուլիջանյանը:
Գյուղի երկու բնակիչների խոսքերով` շինարարությունն ընթանում է իրենց հողատարածքներում: Նրանց արդեն տարածքներ են խոստացել այլ վայրերում: Հողատերերից մեկը` Տիրուն Գուլիջանյանը, պնդում է, որ իրեն հող են հատկացրել գյուղից հեռու, եւ ինքը կգերադասեր դրամական փոխհատուցումը:
Քրեակատարողական դեպարտամենտում մեզ հայտնեցին, որ երբ բանտը պատրաստ լինի շահագործման, նրանք կհայտարարեն սպասարկման անձնակազմի մրցույթ, եւ տեղաբնակները կկարողանան ստանալ նոր աշխատատեղեր, եթե միայն կարողանան անցնել մրցույթը:
«Մեր գյուղն անասնաբուծական է, եւ մեզ համար ավելի լավ կլիներ, որ կաթի գործարան կառուցեին»,- ասում է տեղի դպրոցի ուսուցչուհի Հեղինե Նալբանդյանը: «Իսկ նրանք մտածում են, որ գյուղը փոքր է, ոն՞ց կարող ենք նրանց հետ մրցել: Նրանք ուժեղ են, ահա եւ ճնշում են»:
Հեղինե Նալբանդյանը տեղաբնակների մեծամասնության նման մտավախություն ունի, որ երբ բանտը կառուցվի, գյուղում հանցագործությունները կշատանան: «Ին՞չ կլինի մեզ մոտ, եթե կառուցեն բանտը, ին՞չ կլինի մեզ հետ: Ասենք մի քանի կալանավոր փախան, հետո ի՞նչ անենք: Հավանաբար կլինի նույնը, ինչ Սումգայիթում հայերի հետ եւ դեռ երկու անգամ էլ ավելի վատ»,- պնդում է Նալբանդյանը:
Մերի Մերֆին ասում է, որ նման պատկերացումները մնացել են սովետական ժամանակներից: Այն ժամանակ հիմքեր կային նման մտավախությունների համար, բայց ներկայիս Վրաստանում իրավիճակը շտկվում է:
«Այս տեսանկյունից Վրաստանի կառավարությունն իրեն լավ կողմից է ներկայացրել. պայքարում է կոռուպցիայի եւ այն ամենի դեմ, ինչն ավանդաբար զուգորդվում է բանտի հետ: Այնպես որ, նման պատկերացումները հնացել են»,- ասում է Մերի Մերֆին:
Տեղի իշխանությունների համար նոր շինարարության սկիզբը նույնպես անսպասելի էր: Տեղական խորհրդի նախագահի (սակրեբուլո) եւ տարածաշրջանային վարչության ղեկավարի (գամգեբելիի) խոսքերով` այն մասին, որ այստեղ կառուցվելու է բանտ, նրանք իմացել են շինարարների գալուց հետո: «Տվյալ պահին ես ոչինչ չգիտեմ: Արդարադատության նախարարությունից ինձ նոր են դիմել, որ մենք բանտի կառուցման համար կազմենք այս տարածքի քարտեզը»,- ասում է Նինոծմինդայի տեղական ինքնակառավարման մարմնի նախագահ Սուրեն Մոսոյանը:
Շրջխորհրդի նախագահ Ստեփան Երանոսյանն այս բանտի շինարարության հետ կապված բազում հարցեր ունի:
«Ոչ ոք պաշտոնապես չգիտի, թե ի՞նչ է կատարվում: Եկան եւ սկսեցին ինչ որ աշխատանքներ: Ո՞վ է կառուցում, ու՞մ համար է կառուցում, ի՞նչ հրամանով, ծրագիր կա՞, թե՞ ոչ, անցկացվե՞լ են բնապահպանական կամ այլ բնույթի փորձաքննություններ, ոչինչ հայտի չէ»,- ասում է նա:
Երանոսյանի հարցերից մեկը տարածաշրջանում ազգային այգի հիմնելու հետ է կապված: Նա մտավախություն ունի, որ եթե այստեղ բանտ կառուցվի, ապա այգու հարցը կհետաձգվի:
Հայաստանի եւ Վրաստանի առողջապահության նախարարությունները արդեն մի քանի տարի է, ինչ խոսում են երկու երկրների սահմանամերձ տարածքում ազգային այգու ստեղծման մասին: Հատուկ դրա համար փոփոխվեց օրենսդրությունը, եւ եվրոպական ներդրողների համար մշակվեց նախնական ծրագիր:
Ազգային այգու գաղափարի հիմքում հազվագյուտ թռչնատեսակների պահպանման հարցն է, որոնք ամենամյա չուի ժամանակ կանգ են առնում ջավախեթյան լճերի մոտ: Այդ լճերից մեկն էլ Սաղամո լիճն է:
Շրջակա միջավայրի եւ ռեսուրսների պահպանության նախարարության, արգելավայրերի դեպարտամենտի ծրագրման բաժնի պետ Թեա Բարբակաձեն ասում է, որ մոտ ժամանակներս իրենք մտադիր են հայտարարել այն միջազգային կազմակերպության անունը, որը կզբաղվի ազգային այգու ծրագրմամբ անմիջապես տեղում:
Քրեակատարողական դեպարտամենտում մեզ ասացին, որ չունեն տեղեկություն այն մասին, թե արդյո՞ք տեղեկացվել են տեղական իշխանությունները: Ըստ Սալոմե Մախարաձեի` նման որոշումները համաձայնեցվում են տարբեր պետական գերատեսչությունների հետ` միաժամանակ քննարկելով բոլոր վիճելի հարցերը: Բայց Թեա Բարբակաձեն, որն անմիջականորեն զբաղվում է ազգային այգու հարցով, նույնպես չգիտեր, որ այնտեղ կառուցվելու է բանտ:
«Լճի շրջակայքում պետք է լինեն մի քանի մետր արգելոցներ: Եթե բանտը չկառուցվի արգելոցների տարածքում, ապա ոչ մի խնդիր չի լինի»,- ասում է Բարբակաձեն: «Բայց ես չգիտեմ` կուրախանա՞, արդյոք, զբոսաշրջիկը` այնտեղ բանտ տեսնելով»,- ավելացնում է նա:
Հատուկ «Հետքի» համար
Մեկնաբանել