HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». եղունգ ունես՝ գլուխդ քորիր

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախորդ շաբաթ այցելել է Կոմիտասի պողոտայում գտնվող «Կոլոմբո» խանութ և այնտեղից բավականին հուսալի դռան փական գնել: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը չհերքեց այս տեղեկատվությունը. «Ոչ հերքում եմ, ոչ հաստատում: Անձնական կարիքների համար կատարվող գնումները, չեմ կարծում, որ հրապարակման ենթակա են»,- «ՀԺ» թղթակցի հարցին ի պատասխան`ասել է Տռուզյանը:

Նրա ձայնից զգալի է եղել, որ այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչու ենք հետաքրքրվում այդպիսի տեղեկատվությամբ: Սովորական պայմաններում սա գուցե իսկապես չհետաքրքրեր մեզ, բայց «Կոլոմբո» խանութին մերձակա շենքերի բնակիչները նկատել են, որ Աղվան Հովսեփյանն իր դռների հուսալիության մասին հավելյալ հոգացել է օգոստոսի 24-ին, այն նույն օրը, երբ լրագրողների հետ զրույցում մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Երևանում տեղի ունեցած աղմկոտ ավազակային հարձակումների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այդ հարձակումների թիրախը հիմնականում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տներն են: Մինչև օրս այդ ավազակախմբի զոհ են դարձել «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինարարություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդվարդ Բեզոյանը, Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանը, ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրահանգով այդ բոլոր գործերը միացվել են մեկ վարույթի մեջ և քննվում են միասնաբար: Ու քանի որ պարոն Հովսեփյանը հենց այս կապակցությամբ թանկարժեք ու հուսալի փականներ է գնում, ենթադրվում է, որ համոզված չէ, որ հայրենի իրավապահները կբացահայտեն գործը: Կամ էլ` համոզված է, որ հանցագործներն անպատիժ գործելու դաբրո ունեն և չի բացառվում` նախկին պաշտոնյաներից անցում կատարեն ներկաներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter