
Ջայլամաբուծությունն ապագա ունի՞ Արցախում
Արցախում ջայլամներ բազմացնելն Արարատ Բաղրյանի` գյուղատնտեսության ոլորտում մտահղացումներից մեկն է ընդամենը: Նա ասում է, որ գաղափարներ շատ կան, ուղղակի ներկա դրությամբ այդ մեկը հնարավոր եղավ իրագործել: Ընտրությունն էլ ինքնանպատակ չէ: Այս ոլորտում իրացման խնդիր չկա: Միջազգային շուկայի միայն 20 տոկոսն է ապահովված, 80 տոկոսը ազատ է:
Մեկ տարի ջայլամաբուծության միջազգային և հայաստանյան շուկան ուսումնասիրելուց հետո, հաշվի առնելով նաև հայաստանյան գործընկերների փորձը, Ա.Բաղրյանը ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հատկացրած 25 միլիոն դրամ վարկով և սեփական միջոցներով 50 երեք ամսական ջայլամներ ներկրեց Մարտունու շրջանի Գիշի գյուղ:
«Ջայլամների ձեռքբերումը, տեղափոխումը Արցախ,տեղավորումը և սնունդը արժեցավ 39 միլիոն դրամ: Միայն վարկով անհնար էր բոլոր ծախսերը հոգալ, մնացած անհրաժեշտ գումարն ինձ տրամադրել են հարզատներս ու ընկերներս: Այդ միջոցներով էլ հայրենի գյուղի մոտակայքում կառուցել եմ հատուկ ֆերմա: Երևանից գործընկերներիս խորհրդով ու հրահանգներով եմ առաջնորդվել այն կառուցելիս, ուստի պայմանները լիովին բավարարում են ջայլամներին անհրաժեշտ բոլոր պահանջները»,- ասում է ֆերմերը:
Ջայլամները ներկրվել են Աֆրիկայից` Քենիայի Հանրապետությունից, և մեկ ջայլամի տեղափոխումը տրանսպոտի ծախսերի հետ ֆերմերին արժեցել են մոտ 240 հազար դրամ:
Ա.Բաղրյանը պատմում է, որ սկզբի մի քանի ամսիների համար բերել են նաև հատուկ կեր` հատիկավոր բույսերից և խոտաբույսերից ստացված: Հետագայում նրանց կերակրելու են ցորենով, եգիպտացորենով, գարիով, սոյայով:
«Ջայլամների կեր հանդիսացող 11 մշակաբույսերի և խոտաբույսերի մեծամասնությունը հնարավոր է տեղական պայմաններում աճեցնել»,- համոզված է ֆերմերը՝ հավելելով, որ դա էլ խթան կհանդիսանա գյուղատնտեսության ոլորտում այդ մշակաբույսերի իրացմանը:
Ա.Բաղրյանը պատմում է, որ ջայլամներն իրենց էությամբ մարդակերպ են, նրանք ճանապարհը դժվար են տանում, հաճախակի սթրեսներ են ունենում կապված միջավայրը փոխելու հետ: Նա վստահեցնում է, որ մնացած կենդանիների նման անհնար է որևէ սրսկում անել ու հանգիստ տեղափոխել: Ջայլամները կամ տանում են ճանապարհը, կամ ոչ:
«Մեր բախտը բերել է, բարեհաջող տեղ են հասել, ու, չնայած մեր մտավախություններին, որ մոտակա մի քանի շաբաթները ջայլամները սթրեսի մեջ կլինեն, նրանք առաջին օրվանից շատ շուտ հարմարվել են նոր միջավայրին ու լավ սնվում են»,- ասում է Ա.Բաղրյանը:
Ինչ վերաբերում է կլիմայական նկատելի տարբերությանը, ապա ֆերմերը վստահեցրեց, որ խնդիրներ չեն առաջանա, և, չնայած ջայլամները Աֆրիկայից են, պլյուս 40 և մինուս 40 ցելսիուս աստիճանի տատանումներին կարողանում են ադապտացվել:
Ջայլամների իրացման երկու եղնակ կա` մորթի ենթարկել (առանձին սպառել միսը, ճարպը, փետուրները և կաշին), կամ սպասել երեք տարի մինչև ձվադրումը:
«Ոնց էլ որ անես, շահավետ է, սպառման եղանակը արդեն անհատական որոշում է և իհարկե կապված է ֆինանսական միջոցների հետ: Ես դեռ չեմ որոշել, թե ինչպես եմ վարվելու, մտածելու ժամանակ դեռ կա»,- ասում է Ա.Բաղրյանը:
Նա խոստովանում է, որ այսօր ջայլամի միսն այնքան էլ տարածված չէ Հայաստանում: Ինքը հանդիպել է միայն մի քանի հանրախանութներում և ռեստորաններում: Մեկ կիլոգրամ ջայլամի միսը արժե մոտ 15 հազար դրամ:
«Ասեմ ձեզ, միսը բավականին յուրահատուկ համ ունի և մեծ քանակությամբ արտադրություն ապահովելու դեպքում կարելի է հասնել, որ նրա գինը շատ քիչ տարբերվի մեզ համար սովորական դարձած տավարի կամ խոզի մսի գնից»:
Արցախում միակ ջայլամների ֆերման ընդամենը երկու շաբաթ է, ինչ գործում է: Այն, որ ջայլամների արտադրությունից ամեն ինչ պահանջարկ ունի, Ա. Բաղրյանը կասկած չունի: Իսկ թե ինչ է անհրաժեշտ, որ ջայլամաբուծությունը Արցախում դառնա գյուղատնտեսության զարգացման ճյուղ, ֆերմերը դժվարացավ ասել, բացատրելով, որ դեռ շատ շուտ է կոնկրետ կանխատեսումներ անել, քանի որ ինքը դեռ նոր է սկսել և այս երկու շաբաթների ընթացում հասցրել է հասկանալ միայն, որ յուրահատուկ է և դժվար:
«Գյուղատնտեսության զարգացման հեռանկար կա արտադրության պահանջարկի առումով: Գարի, ցորեն, եգիպտացորեն, սորգո, սոյա և այլ կերակրատեսակներ, որով կարող է զբաղվել մի տնտեսություն և չմտածել դրանց իրացման մասին: Դա էլ ենթադրում է աշխատատեղ ու շահույթ»,- ասում է ֆերմերը հավելելով, որ միանգամայն մտավախություն չունի, որ ջայլամների արտադրությամբ զբաղվողները շատանան: Մրցակցության մասին խոսելը նա ավելորդ է համարում, հաշվի առնելով միայն հայաստանյան շուկայում առկա մեծ պահանջարկը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել