«Միցուբիշի Պաջերոն» գլորվել է ձորը. կա 2 զոհ, 2 վիրավոր
Այսօր գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում` թունելի հարևանությամբ, Վանաձորի թեթև ատլետիկայի մարզադպրոցի մարզիչ, 48-ամյա Յուրի Փաշինյանը, վարելով «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 07 ՍՕ 891 համարանիշի ավտոմեքենան, հարվածել է ճամփեզրին մոտ գտնվող մետաղե խողովակին, շրջվել եւ գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Փաշինյանը և ավտոմեքենայի ուղևոր 45-ամյա Սամվել Սիրադեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, իսկ մյուս ուղևորները` 34-ամյա Ազնիվ Սիրադեղյանը և Գևորգ անունով մի տղամարդ տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզի Վանաձորի փրկարարները, ինչպես նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները:
Դեպքի վայրում են եղել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` հրամանատար Կամել Դադյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանը: Այնտեղ է եղել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձագետ Դավիթ Նալբանդյանը:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վանաձորի վարչության տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել