
«Ջուրը գնում է, ավազը մնում». ամերիկահայ ռեժիսորը՝ իր կորստի և արմատների հետ
«Պապիկս սիրում էր արձակուրդին լուսանկարել ընտանիքի անդամներին: Նա միշտ ուզում էր գնալ Ալյասկա և լուսանկարել Ալյասկան: Նրա մահանալուց հետո տատիկս, մայրս և մորաքույրս գնացին Ալյասկա՝ անելու այն, ինչ նա չկարողացավ անել: Ուստի, ֆիլմի գաղափարը այդտեղից եկավ, և մտածեցի, որ լավ և կարևոր կլինի, որ ֆիլմը Հայաստանում նկարահանվի»,- պատմում է ամերիկահայ ռեժիսոր Սարո Վարժապետյանը:
Նա այս օգոստոսին առաջին անգամ Հայաստանում էր՝ նկարահանելու իր «Ջուրը գնում է, ավազը մնում» ֆիլմը: Ֆիլմի անունը ռեժիսորը վերցրել է հայկական համանուն ասացվածքից, որը բացատրում է հետևյալ կերպ. ջուրը գնում է, ավազը մնում՝ մարդը գնում է, հիշողությունը մնում:
Ավազը ֆիլմի գլխավոր հերոսուհու՝ ամերիկահայ Թամարի հիշողությունն է մահացած ամուսնու մասին, որի հետ ապրել էր 60 տարի: Ֆիլմում 80-ամյա Թամարն առաջին անգամ իր երկու աղջիկների հետ գալիս է Հայաստան, որպեսզի իրականացնի ամուսնու երազանքը՝ ընտանիքին լուսանկարի Հայաստանում՝ Արարատի առջև:
Ֆիլմը նվիրված է Սարոյի պապիկի հիշատակին, ով մահացել է 4 տարի առաջ: Սյուժեն էլ որոշ առումով կապված է ռեժիսորի պապի հետ: «Ես շատ էի ուզում իմանալ, թե ինչպես կարելի է խաղաղ ապրել մարդու կորստի հետ: Եվ ֆիլմի միջոցով ուզում էի ինչ-որ ձևով մոտենալ այդ մարդուն՝ անելով այն, ինչ այդ մարդը սիրում էր»,- ասում է Սարոն:
Մյուս կողմից Հայաստան գալու և այստեղ ֆիլմ նկարահանելու միջոցով նա ուզում էր ավելի շատ բան իմանալ Հայաստանի, իր հայկական արմատների մասին:
Սարոն ասում է, որ պապիկին նվիրված ֆիլմը նկարահանելուց հետո իրեն ավելի լավ է զգում: Երբ պապը ողջ էր, Սարոյին թվում էր, թե նա միշտ իր կողքին է լինելու: «Ես դեռ զղջում եմ, որ ավելի շատ ժամանակ չանցկացրի նրա հետ, երբ նա իմ կողքին էր: Չեմ կարծում, որ դա կարելի է փոխել: Բայց այն ամենը, ինչ կարող եմ անել հիմա, ավելի շատ ժամանակ անցկացնելն է տատիկիս և ընտանիքի մյուս անդամների հետ, որոնք դեռ ողջ են, և վստահ լինել, որ չեմ կրկնի նույն սխալը»,- ասում է ռեժիսորը:
Սարոն ֆիլմով ուզում է հանդիսատեսին ասել, որ նույնիսկ 60 տարվա ամուսնուն կորցնելուց հետո կա կյանք, որը պետք է ապրել, կարելի է նոր իմաստ գտնել կյանքում, և Հայաստանից դուրս ապրող հայերի համար այդ նոր իմաստը կարող է լինել իրենց ինքնության և ընտանիքի հետ նորից կապ հաստատելը:
Ֆիլմում թեև Թամարին այդպես էլ չի հաջողվում իրականացնել ամուսնու երազանքը, քանի որ ռուս սահմանապահները թույլ չեն տալիս նկարահանում անել սահմանին՝ Արարատի առջև, սակայն ռեժիսորի համար ավելի կարևոր է այն, որ Թամարը այս փորձառության միջոցով ավելի է կապվում իր երկու դուստրերին, այսինքն՝ նրանց ընտանիքն ավելի ամուր է դառնում:
«Եվ ավելի կարևոր է այն, որ իր դուստրերի, տաքսու վարորդի և Հայաստանում լինելու միջոցով նա սովորում է խաղաղ ապրել ամուսնու կորստի հետ: Նա հասկանում է, որ ավելի կարևոր է ոչ թե լուսանկարը, այլ այն, որ նա այս ամենի միջով անցավ իր ընտանիքի հետ, մի բան, որ միշտ ցանկացել էր անել ամուսինը»,- ասում է Սարո Վարժապետյանը:
«Ջուրը գնում է, ավազը մնում» ֆիլմում տղամարդիկ գրեթե չկան. սա ֆիլմ է 4 հայ կնոջ մասին: Ֆիլմի կարևոր կերպար է տաքսու վարորդը, որը ևս կին է և Թամարին ու դուստրերին տանում է սահմանամերձ գյուղ: Բոլորը Սարոյին ասում են, որ Հայաստանում կին տաքսու վարորդներ չկան, բայց Սարոն համոզված է, որ Երևանում ու Գյումրիում կա 2-3 կին տաքսու վարորդ, թեև ինքը չի տեսել նրանց:
Ֆիլմում տաքսու վարորդի պատմությունը նման է Թամարինին. նա էլ է կորցրել ամուսնուն և տաքսի է քշում, քանի որ իր ամուսինը տաքու վարորդ էր: Սարոն ասում է, որ եթե տաքու վարորդը տղամարդ լիներ, ապա Թամարի հետ նույն հոգեկան կապվածությունը չէր ստացվի:
Սարոն Սևանում տեսել է Աղթամարի արձանը և այնտեղ լսել իրական պատմությունը Աղթամարի մասին: Բայց միևնույն է՝ Սարոյին դուր էր գալիս լեգենդի այն փոփոխված տարբերակը, որն իրեն պատմել էին նախկինում: Եվ նա հանկարծակի որոշեց իր ֆիլմում ներառել Աղթամարի պատմությունը՝ հենց այդ փոփոխված տարբերակով. մի օր Թամարին թույլ չեն տալիս վառել ճրագը, և սիրած տղան, կորցնելով ճանապարհը, խեղդվում է, իսկ Թամարը, լսելով տղայի ճիչը, այնքան մեղավոր է զգում իրեն, որ կանգնում է այնտեղ ու դառնում արձան, որը սպասում է սիրեցյալին:
Առաջին հայացքից «Աղթամարի» այս տարբերակը կապ չունի «Ջուրը գնում է, ավազը մնում» ֆիլմի սցենարի հետ: Բայց ռեժիսորի համար կապն ակնհայտ է. ֆիլմի հերոսուհի Թամարը ևս սպասում է իր մահացած ամուսնուն:
Սարոյին մնացել է նկարահանել փոքր դրվագներ: Հետո նա կմոնտաժի ֆիլմը և կներկայացնի միջազգային ու հայկական բոլոր գլխավոր կինոփառատոներին: Ֆիլմի սցենարը Սարոն ինքն է գրել իր ամերիկահայ դասընկեր, ռեժիսոր Մարգո Առաքելյանի օգնությամբ:
Այժմ Սարո Վարժապետյանը սովորում է Կոլումբիայի համալսարանում: Իբրև օպերատոր՝ նա մասնակցել է շատ ֆիլմերի նկարահանումների: Իբրև ռեժիսոր՝ «Ջուրը գնում է, ավազը մնումը» նրա 3-րդ կարճամետրաժ ֆիլմն է, որը ներկայացնելու է համալսարանին՝ որպես ավարտական թեզ:
Կոլումբիայի համալսարանի դասախոսները հասկացել ու հավանել են ֆիլմի սցենարը, քանի որ դրանում համընդհանուր թեմա կա. ամեն մարդ կորցնում է իր ընտանիքի անդամի, սիրելիի ու տառապում դրանից:
«Իմ ուսուցիչները նաև աջակցեցին, որ ես ի հայտ բերեմ իմ շատ յուրօրինակ մշակութային ինքնությունը: Ուստի, կարծում եմ, որ նրանք շատ անհամբերությամբ են սպասում ֆիլմին»,- ասում է Սարոն:
Նրա համոզմամբ՝ լավագույնը, ինչին ռեժիսորը կարող է հույս ունենալ հասնել, այն է, որ ֆիլմը ստիպի մարդկանց փիլիսոփայորեն մտածել կյանքի մասին և ազդի նրանց զգացմունքների վրա: Նա հուսով է, որ «Ջուրը գնում է, ավազը մնում» ֆիլմը մարդկանց կստիպի հարցեր տալ, ինչ-որ բան կսովորեցնի հայկական մշակույթի կամ ընտանիքի ու հարաբերությունների մասին:
Ֆիլմի վերջում Թամարը որոշում է շարունակել ճամփորդել Հայաստանով և տեսնել երկիրի մյուս վայրերը: Սարոն էլ է Հայաստան իր առաջին այցի ժամանակ ճամփորդել: Եղել է Գյումրիում, Ջերմուկում, Սևանում, Շուշիում, Ստեփանակերտում, Դիլիջանում, այցելել Տաթև, Նորավանք:
Նա ասում է, որ Հայաստանի բնությունը «զարմանալիորեն գեղեցիկ» է, իսկ գյուղերում մարդիկ այնքան ջերմ էին, որ երբ տեսնում էին, որ տեղացի չէ ու հայերեն շատ դժվարությամբ է խոսում, ուզում էին օգնել իրեն, նույնիսկ կերակրել:
«Ստեփանակերտում ես պետք է ընկերոջս զանգահարեի, և նա պետք է գար, ու մեքենայով գնայինք: Բայց երբ հասա այնտեղ, հեռախոսս չէր աշխատում, ինտերնետ չունեի, և հնարավորություն չունեի կապվելու որևէ մեկի հետ: Ես շատ խանութներ մտա՝ ասելով «աս կոտրած է», «չեմ կրնար զանգեմ»: Սա է այն ամենը, ինչ կարող էի ասել: Ես մի խանութ գտա, որտեղ մի մարդ կար, նա անգլերեն գիտեր: Նա խանութի հեռախոսից զանգեց իմ ընկերոջը: Հետո նա ինձ սուրճ ու ջուր տվեց: Միակ ինֆորմացիան որ ունեի, Շուշիում «Նարեկացի» կենտրոնի այցեքարտն էր: Նա կազմակերպեց, որ ինձ Շուշի տանեն և ուզեց հաստատ իմանալ, որ ինձ հոգ կտանեն»,- պատմում է Սարոն:
Միաժամանակ նա նշում է, որ Հայաստանում ում հետ խոսել է, բոլորն ասել են, որ աշխատանք գտնելը շատ բարդ է: Ամերիկահայ ռեժիսորի խոսքերով՝ Հայաստանի գյուղերում, ԱՄՆ-ում իր ապրած ու տեսած կյանքի չափանիշներով, կենսապայմանները շատ վատ են: Օրինակ՝ տներում հոսող ջուր չկա, և ջուրը պետք է դույլերով բերել: Իսկ Շուշիում Սարոյին թվացել է, թե շենքերը հիմա փլվելու են:
2-րդ, 3-րդ և 4-րդ լուսանկարները տրամադրել է Սարո Վարժապետյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել