
Կաթողիկոսը սպասում է ճարտարապետական խորհրդի եզրակացությանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխավոր ճարտարապետ Արտավազդ Նազարեթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում կառուցապատումը դադարեցված է. սպասում են շինության նախագծին: Այն պետք է հաստատվի Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի կողմից, այնուհետև մշակույթի նախարարության հետ համաձայնեցվի, որից հետո կորոշվի կառույցի հետագա ճակատագիրը:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի որդին` Դավիթ Ղազինյանը կառուցապատում էր սկսել` առանց շինարարական թույլտվության:
Արտավազդ Նազարեթյանը տեղում նայել է շինությունը: Ասում է, որ Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում եկեղեցուն «որոշ խանգարող բաներ կան»: «Ամեն դեպքում մենք այնտեղ դադարեցրել ենք շինարարությունը, պիտի նախագծի քննարկում լինի, որպեսզի կարողանանք դա ինչ-որ ձևով ավարտուն տեսքի բերել»,-հավելեց Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետը:
Հարցին, թե որպես Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ ինքը կո՞ղմ է այդ շինության կառուցմանը, Արտավազդ Նազարեթյանը պատասխանեց. «Եվ ոչ մի ճարտարապետ չի կարող միանշանակ հարցին պատասխան տալ, որովհետև ճարտարապետական ձևերը կարող են հնարավորություն տալ այնտեղ ունենալ կառույց, այդ տարածքում կառույցներ հնարավոր է լինեն, հարկավոր է ճիշտ կառուցապատել և ճիշտ մոտեցում ունենալ»:
Թե ինչու մինչ շինարարության մեկնարկը նախագիծ չի ներկայացվել, գլխավոր ճարտարապետը չկարողացավ պատասխանել, որովհետև դրա մասին ինքը ոչ մի տեղեկություն չի ունեցել. «Երբ որ իմացել ենք, տեղում նայել ենք, տեղում դադարեցրել ենք»:
Ա. Նազարեթյանի խոսքով, կաթողիկոսը նույնպես տեղյակ է խնդրին (տեղեկացել է մամուլից): Հարցին, թե կաթողիկոսն ի՞նչ կարծիք ունի շինության մասին, գլխավոր ճարտարապետն ասաց, որ սպասում է ճարտարապետական խորհրդի եզրակացությանը:
Սուրբ Հարություն եկեղեցու «հովանավորը» գեներալ Գասպարյանն է
Կեչառիսի վանական համալիրի Սուրբ Հարություն եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Եկեղեցի ներսում նախկինում բազալտե հատակը այժմ սալիկապատվել է: Արտավազդ Նազարեթյանն ասում է, որ, տեղում տեսնելով սալիկապատումը, մտածել է, որ լավ կլիներ այնտեղ մեկ այլ նյութ լիներ:
Հարցին, թե արդյո՞ք եկեղեցում թույլատրելի է սալիկապատումը, Ա. Նազարթեյանը պատասխանեց. «Եկեղեցում անթույլատրելի է անբարեկարգ տարածք ունենալ,-ասաց գլխավոր Ճարտարապետն ու խոստովանեց,-անկեղծ ասած` ես այնքան էլ կողմ չեմ սալիկապատմանը, դրանք ուղղակի բարերարների ցանկությունն է, որոնք շատ հաճախ արվում են առանց մեզ հետ համաձայնեցնելու»:
Թե ով է բարերարը, Ա. Նազարեթյանի խոսքով, ինքը չգիտի: «Հետքի» տվյալներով, եկեղեցու բարերարը պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանն է:
Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, արդյոք ինքը, որպես գլխավոր ճարտարապետ, իրավունք չունի՞ փոփոխություններ մտցնել հարցին` պատասխանեց. «Իհարկե, ունեմ»:
«Ուրեմն ի՞նչ եք արել այս դեպքում»:
«Ես թեմի առաջնորդի հետ եմ զրուցել»,-ավելացրեց Ա. Նազարեթյանը:
Մեկնաբանություններ (24)
Մեկնաբանել