HY RU EN

Սոնա Ավագյան

Պետոն

«Ես չեմ կռվել: Երբեմն եղել եմ Ղարաբաղում, երբեմն ուղեկցել եմ տղերքին, ոչ միայն Պետոյին: Ես առաջին անգամ Ղարաբաղ գնացի 89-ին, Հադրութի շրջան: Ես մարտական այդպիսի կենսագրական չունեմ: Կարելի է ասել` մարտական գործողություններին չեմ մասնակցել»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) եղբայրը` Գագիկ Ղեւոնդյանը:

Պետոյի` զրույցին ներկա ընկերներից մեկը նշեց, թե Արցախի հերոս Պետոն էլ, հավանաբար, նույն կերպ կասեր. «Երեւի չեմ մասնակցել պատերազմին»: Իրականում Գագիկը եւս մասնակցել է պատերազմին: Նա նաեւ պատերազմի ժամանակ նկարահանումներ է արել: Գագիկի որդին` Վարդանը, 14 տարեկանում գնացել է Շուշի եւ քաղաքում է եղել հրետակոծության ժամանակ:

«Ինքնաթիռը խփելուց հետո, երբ Պետոն տուն եկավ (դե, բնական է, մի օր պիտի տուն գար, չէ՞), ողջագուրվելու պահից հետո նստել ենք տանը, եւ գիտի` հիմա պիտի հարցեր լինեն ինքնաթիռից, խփելուց: Ասում է. «Ուզո՞ւմ եք պատմեմ, թե ինքնաթիռը ոնց խփեցի»: Դե, իհարկե, ուզում ենք, որ պատմի: Եվ ինքը պատմեց, թե ինչպես Պավլիկը ականանետով արկը նետում է թուրքերի տեխնիկայի վրա: Ինքը սա պատմեց»,- ասաց Գագիկ Ղեւոնդյանը:

Պետոն երբեք չի խոսել իր արածների մասին: Ավելին, նա ընտանիքի անդամներին խնդրում էր ոչ ոքի չասել, թե ուր է գնում: Գագիկ Ղեւոնդյանի խոսքերով` իր շրջապատի տղաներից ոչ ոք չի թմբկահարել ազատամարտիկ լինելը, ու պատերազմի ժամանակ այստեղ ոչ ոք նրանց ձեռքին զենք չի տեսել` չնայած միշտ էլ ունեցել են զենք:

Պետոյի քույրը` Անահիտը, ով Գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության սպա է, նշեց. «Մայրս նույնիսկ համազգեստով չի տեսել տղաներին: Դրա համար երբ մեզ արդեն պարտադրում էին համազգեստ հագնել, ասում էի. «Աստված, այս եղբայրներիս կողքին ես ո՞նց համազգեստ կրեմ»:

Անահիտը կրթությամբ զինվորական չէ, սկզբում աշխատել է Կադրերի վարչությունում եւ դժվարությամբ է հարմարվել Զինված ուժերում աշխատելու մտքին: «Իհարկե, պիտի գնաս»,- Անահիտին ասել է Պետոն:

Պետրոս Ղեւոնդյանը ծնվել է 1964 թ. Պռոշյան գյուղում: Գագիկը նշեց, որ Պռոշյանից շատերն են կամավոր եղել: «Եվ ովքե՞ր հաղթեցին Ղարաբաղի պատերազմը. երիտասարդները, գրեթե պատանիներ: Անչափահաս երեխաները Պռոշյանից փախչում, գնում էին Ղարաբաղ պատերազմի: Ես աղոթում էի, որ որեւէ բան չպատահի:

Երբ մեր տղաները մարզվում էին, նրանք, ովքեր համեմատաբար ավագ տարիքի էին (բայց դարձյալ երիտասարդներ էին` 20-25 տարեկան տղերք` Պետոն, Կարոտը), այն փոքրերը գալիս էին, նախանձով էին նայում այդ ամենին, եւ իրենք էլ սկսեցին մասնակցել: Կային երեխաներ, օրինակ Արտակը: Փոքր էր, անչափահաս տղա էր եւ ուզում էր, հնարավոր չէր այդ տղային բռնել: Եվ խեղճ տղան զոհվեց»,- ասաց Գագիկ Ղեւոնդյանը:

Պետրոս Ղեւոնդյանը 1989 թ.-ից ակտիվ մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը եւ ազատագրական մարտերի Արցախի ամբողջ տարածքում: 1993 թ. հունվարին Սրխավենդում խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը, ինչի համար Արցախի բանակից ստացած գումարը փոխանցեց զոհված ընկերների ընտանիքներին:

1994 թ. հունվարին Պետոն փոքր խմբով անցնում է Քարվաճառ` Օմարի լեռնանցք` տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով: Նա մշակում եւ իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը: 1992-ից Պետրոսը Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատարն էր:


Անդրադառնալով Շուշիի առանձնակի գումարտակին` Պետոյի եղբայրը նշեց. «Անձնակազմի քանակի, ազատագրված տարածքների եւ կորուստների առումով մեր գումարտակը իր հավասարը չի ունեցել:

Հրամանատարական կազմը` Ժիրայր Սեֆիլյան, Պետրոս Ղեւոնդյան, Ռոմիկ Մարգարյան, արել են ամեն ինչ, որ քիչ զոհեր ունենանք: Յուրաքանչյուր զոհը մեզ համար սարսափելի կորուստ է եղել: Դրա համար հետախուզություններին մասնակցում էին հենց այդ տղաները, Հարմիկի մասին ասենք, Բորիսի մասին ասենք, հրաշք տղաներ, հրաշք հրամանատարական կազմ է ունեցել: Եվ տեսեք` հիմնականում ավելի շատ մենք կորուստներ ունեցանք հենց հրամանատարներից, Ագնեւոյի Հրաչը»:

Գագիկը միաժամանակ նշեց, որ անշնորհակալ գործ է հարցազրույցների ժամանակ անուններ տալը, քանի որ հերոս ազատամարտիկները շատ-շատ են:

Պետոյի հայրը` 82-ամյա Արշալույս Ղեւոնդյանը, ասաց, որ Պետոն չէր ուզում տանը մնալ, անգամ երբ վիրավորվել էր:

«Ոչ մի անգամ չեմ ասել` մի գնա: Իհարկե, ծնողը ինչքան էլ դեմ լինի, եթե ինքը ձգտում է գնալու, պիտի գնա: Ու գնաց»,- ասաց Արշալույս Ղեւոնդյանը: Իսկ Անահիտը նշեց. «Ոչ մի մայր իր որդուն պատերազմ սիրով չի ուղարկում: Մայրս ընդդիմացավ, բայց ամբողջ գիշեր 2 զույգ ձեռնոց գործեց, մեկը Գագոյի համար, մեկը` Պետոյի: Ու այդպես ճամփեց»:

Պետոյի մարտական ընկերներից Արթուր Մուրադյանը նշեց, որ Պետոն միշտ ինքն էր կատարում ամենավտանգավոր հետախուզությունները, որից հետո առաջնորդում մյուս ազատամարտիկներին:

«Ինքը առաջինն էր գնում, նոր իր ետեւից` մեր մարտական ընկերները: Էնտեղ սպա-զինվոր հարաբերություն չկար, կար մարդկայնություն»,- ասաց Արթուրը:

Նա ռազմադաշտ է գնացել կամավոր, երբ դեռ 17 տարեկան էր, 93 թ.-ից մինչեւ զինադադար կռվել է Շուշիի առանձնակի գումարտակում: Արթուրը Պռոշյանում է ապրում, էլեկտրամոնտյոր է աշխատում: Նա երկու դպրոցական երեխա ունի:

Գագիկ Ղեւոնդյանը նշեց, որ պատերազմի ժամանակ ազատամարտիկները չէին պատկերացնում, որ Հայաստանը հետագայում այսպիսին կլինի: Պատերազմի ժամանակ իրենք ակնկալում էին, որ Հայաստանը կլինի «աշխարհի զարգացվածության իմաստով համապատասխան մակարդակի երկիր»: Մինչդեռ այսօր, նրա խոսքերով, Հայաստանում արտագաղթի համար նպաստավոր վիճակ է:

«Ո՞վ է դուրս գալիս իր տնից: Ով ինչ-որ բան է փնտրում: Եթե այստեղ լիներ, կվերցներ կբերեր տուն: Բայց այստեղ չկա: Դրա համար ինքը մի քիչ ավելի հեռու է գնում: Հետո` երբեմն գնալով մոռանում են, թե ինչի համար եկան: Մնում են, մնում են, մնում են, խնդիրներ, պրոբլեմներ, թաղում, թաղում, թաղում են, տարիքն էլ անցնում է, ծերանում են:

Ցավոք, մենք որակ ու քանակ ենք կորցնում ամբողջ աշխարհով: Գալիս են այստեղ, Արագած լեռն են բարձրանում. «Օ, խաշանոցը տեսանք, շատ համով էր»: Բայց եթե իրենց ասես, որ Յոսեմիթի ազգային պարկի հսկա լեռան վրա մի հատ խաշանոց սարքենք, կասեն. «Խե՞նթ ես, ի՞նչ ես»: Իսկ այստեղ ընդունվում է, չգիտես ինչու: Ամբերդի կողքին սրճարանը շատ «լավ» օբյեկտ է: Բայց ամոթ է, Արագած լեռան վրայի խաշանոցը խայտառակություն է, ոչ թե հիացմունք: Ես չեմ տրտնջում, չեմ լացում, բայց այսպես է. պատերազմը շատ լավ տարանք, հետեւանքը մի քիչ մշուշոտ է»,- ասաց նա:

Լուս.` Հակբերի

Պատերազմից հետո Գագիկ Ղեւոնդյանը տեղափոխվել է Արցախ եւ այնտեղ ապրել մինչեւ 1998 թ.: Այժմ նա ժամանակավորապես աշխատում է Միացյալ Նահանգներում: Միաժամանակ Գագիկ Ղեւոնդյանը նշեց, որ լավատես է, հակառակ դեպքում ամեն ինչ վերջացած կլիներ, «ամեն եղած-չեղածը կլցնեինք մի պարկի մեջ, կտանեինք»:

«Այնպես չէ, որ շատ ուրախ էի, հիմա հիասթափվեցի, կամ ուրիշ ակնկալիք ունեի, հիմա հիասթափվեցի: Հիասթափությունս ողբ ու լացուկոծ չէ. հիմա այսպես է: Բայց յուրաքանչյուր իրավիճակից դուրս գալու ձեւերը կան: Եթե որոշ բաներ կան, ընդհանրապես եկեք մերժենք այդ ամենը: Ես հիասթափվող ու նստողը չեմ. պիտի աշխատենք»,- ասաց նա:

Պետոն զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրավոր զինվոր էր միայնակ մնացել: Շտապօգնության մեքենայի անձնակազմը չէր համարձակվում առաջ շարժվել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնության մեքենայի ղեկին եւ միայնակ դուրս բերում վիրավոր զինվորին: Պետոն զոհվում է ականի պայթյունից:

«Քանի որ ձյուն էր, վիճակն էլ` սոսկալի, ոտքը հետո են գտնում տղերքը: Այդ ոտքը կամ պիտի բերեինք նորից իր գերեզմանի մեջ ամփոփեինք, կամ ոչ: Դա իմ որոշումը եղավ, իհարկե, ասացի. «Ինքը իր ոտքը թողեց Ղարաբաղում, թող Ղարաբաղում էլ մնա»: Եվ ոտքը բերեցինք Շուշի: Հետո երբ գումարտակը կազմավորվեց, արդեն տեղափոխվեց Սրխավենդ, ոտքը պատվով, արարողակարգով տեղափոխեցինք Սրխավենդ, հուղարկավորեցինք զորամասի տարածքում: Մինչեւ հիմա զորամասի տարածքում է, եւ ոտքի վրա էլ կանգնեցված են խաչքար եւ կիսանդրի»,- ասաց Գագիկ Ղեւոնդյանը:

Պետոյի անունն են կրում Եղեգնուտի եւ հարազատ Պռոշյանի դպրոցները: 2007 թ. ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, որտեղ սովորել է Պետրոսը, նրա անունը կրող լսարան է բացվել: 1994 թ. լույս է տեսել Համլետ Գեւորգյանի «Պետոն» գիրքը:

2001 թ. Պետրոս Ղեւոնդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում: Պետոյի եղբոր համոզմամբ` այդ կոչումը վերաբերում է նաեւ այն գումարտակին, որի կազմում կռվում էին Պետրոսն ու մյուս տղաները:

Իսկ Պետրոսի քույրը հիշեց, թե ինչպես Արցախի նախագահն իրեն հանձնեց Ազգային հերոսի վկայականը:

«Վարդանն ինձ հետ էր, եւ շատ ուզում էի, որ այր մարդու տրվեր այդ վկայականը, բայց չտվեցին Վարդանին: Նախագահը ասաց, որ «չէ, անպայման քրոջը պիտի հանձնեմ»»,- ասաց Անահիտը:

10 ամիս առաջ ծնվեց Գագիկի թոռնիկը, որը նույնպես Պետրոս Ղեւոնդյան է: Պետոյի անունն են իրենց տղաներին տվել նաեւ նրա մարտական ընկերներից շատերը:

Անահիտն ասաց. «Երբ մեր տան Պետոն ծնվեց, զանգեցինք տղաներից մեկին` Հովսեփին, որ տեղեկացնենք, թե ինչ լավ լուր ունենք մենք. արդեն Ղեւոնդյան Պետրոսը ծնվել է: Ինքը շատ ուրախացավ, ասում է. «Մեր տանն էլ ծնունդ է. իմ Պետոն էլ է այսօր ծնվել»: Նրա տղան արդեն մեծ է, բայց նույն օրն են ծնվել: Ժիրոյի տղան էլ է Պետո, Արտաշինն էլ է Պետո, Հովսեփինը Պետո է, եւս շատ ուրիշները կան: Որքան ես գիտեմ` բոլոր Պետոները շատ աշխույժ տղաներ են»:

Լուս.` Հակոբ Պողոսյանի

2010թ. մարտի 22