HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գոնե հիմա թող պատասխանի, բացատրի, թե դատված մարդուն ինչու են զենք տալիս ու կանգնեցնում առաջին գծում...»

Չնայած ռազմագործողություններ չկան, սակայն մեր բանակում զինվորներ են սպանվում ոչ միայն թշնամու գնդակներից։ Ցավը երիցս մեծ է երկրորդ դեպքում, երբ հայրենակիցն է պատճառ դառնում մի այլ երիտասարդի ողբերգական վախճանի... Սկզբում ողբերգությունները փորձում են ներկայացնել որպես ինքնասպանություն կամ դժբախտ պատահարի արդյունք, սակայն երբ ամեն ինչ պարզվում է, հասկանում ես, որ սպանության համար մեղավորը ոչ միայն նա է, ով քաշել է ձգանը...

Գաբրիել Առաքելյանը դեռ 14 տարեկան էր, երբ 1991 թ. կամավորագրվեց ինքնապաշտպանության այն ջոկատում, որի վրա դրված էր Կրկժանի պաշտպանությունը եւ որի հիման վրա կազմավորվեց 6-րդ վաշտը: Վաշտի հրամանատար Կարեն Ներսիսյանը չէր ուզում պատանուն ընդունել, բայց տեսնելով նրա համառությունը, ստիպված ընդունեց իր վաշտ: Գաբրիելի մայրը` Էլմիրա Առաքելյանը, նույն այդ վաշտում խոհարար էր աշխատում:

1996 թ. Գաբրիելն ընդունվել է Հունաստանի ցամաքային զորքերի կադետային ռազմական ակադեմիա եւ չորս տարի հաջող ուսումնառությունից հետո վերադարձել Արցախ ու անցել ծառայության 4-րդ պաշտապանական շրջանում: Հետախույզի մասնագիտությամբ երիտասարդը մի քանի լեզու գիտեր`անգլերեն, ռուսերեն, թուրքերեն ու նաեւ չինարեն ու հրեերեն էր սկսել ուսումնասիրել: «Խելացի տղա էր ու, ինչպես հայտնի է, անգետները խելոք մարդկանց չեն սիրում ու նախանձում են»,- ասում է տիկին Էլմիրան:

Նրանց տանը հիմա տարբեր ռազմական թանկարժեք սարքավորումներ կան. գիշերային տեսունակության համար սարքեր, օպտիկական սարքեր եւ այլն: «Մեր տանը հիմա երեք միլիոն դրամի ռազմական գույք կա»,- ասում է մայրն ու սկսում պատմել իր համար չափազանց ծանր պատմությունը. «Մի օր գումարտակի հրամանատարը կանչել է որդուս ու ասել. «Չհասկացանք, ոչ դու ես «ուտում», ոչ էլ մեզ ես «կերակրում»»: Իսկ որդիս պատասխանել էր. «Ես երբեք զինվորից կոպեկ չեմ վերցնի»:

Դրանից հետո Գաբրիելին սկսեցին ճնշել: Ըստ տիկին Էլմիրայի՝ գումարտակի հրամանատարը գնացել է գնդի հրամանատարի մոտ ու զրպարտություններ բարդել Գաբրիելի գլխին: «Նման դեպքերում նա անպայման պիտի կանչեր որդուս ու ճշտեր, թե ինչն ինչոց է. կարգն է այդպիսին: Սակայն գնդի հրամանատարը, որեւէ մի բան չպարզած, մի քանի էջից բաղկացած զեկուցագիր է ուղարկել նախարարին, որտեղ բողոքել է Գաբրիելից...

Երբ որդուս վաշտի հրամանատար են նշանակել, նա վաշտի ընդունման ժամանակ դիրքերում էր: Այդ վաշտը գույքի մեծ պակասորդներ ուներ, նույնիսկ վաշտի երեք ավտոմեքենան անսարք վիճակում էին գտնվում։ Գաբրիելն այս ամենի համար շատ էր սրտնեղում, եւ շատ անգամ իր միջոցներով էր վաշտի պակասորդները փակում: Նշված զեկուցագրից հետո նախարարի հրամանով նրան աստիճանազրկել ու պաշտոնազրկել են եւ տեղափոխել մեկ այլ վաշտ` որպես դասակի հրամանատար: Այդ վաշտի դասակներից մեկում էր ծառայում Սաքոյան Վլադիմիրը, որը նախկինում Ջաբրաիլում էր ծառայել եւ արդեն երկու անգամ հասցրել էր դատվել` սկզբում գողության, հետո` սպա ծեծելու համար»,- պատմում է տիկին Էլմիրան:

Սաքոյանը պայմանագրային հիմունքներով ծառայող շարքային էր, որն էլ կրակեց Գաբրիելի վրա:

2010-ի ամռանը՝ մարտական հերթապահության ժամանակ, Գաբրիելը ինժեներական աշխատանքներն էր ստուգում: Խրամուղով անցնելով հարեւան դիրքը, որտեղ նույն վաշտի դասակն էր մարտական հերթապահություն իրականացնում՝ նկատել է, որ դիտակետերից մեկի դիտորդը քնած է, իսկ հարեւան դիտակետում ընդհանրապես մարդ չկա: Դիտորդին արթնացրել ու նրանից իմացել է, որ Սաքոյանն իբր զուգարանում է, բայց իրականում նա նույնիսկ մարտական հերթապահության էլ չէր դուրս եկել: Գաբրիելն այդ ամենը ֆիքսել է տեսախցիկով ու առանց որեւէ մի բան ասելու գնացել դասակի հրամանատարի մոտ, սակայն վերջինս ոչ մի բան չի ձեռնարկել: Քիչ անց գետնատնակում Սաքոյանին հասցրել էին պատմել եղածի մասին: Իմանալով, որ Գաբրիելը պիտի վերադառնա՝ ասել էր. «Գնամ ասեմ, որ նկարները ջնջի, թե չէ իր համար վատ է լինելու»:

Սաքոյանը հրամայական տոնով մի քանի անգամ ասում է` նկարները ջնջիր, իսկ Գաբրիելը հրաժարվել է դա անել: Նա արդեն լիցքավորել էր իր ավտոմատը, եւ, երբ հանել ու մատը դրել է ձգանի վրա, Գաբրիելը, հասկանալով, որ այդ պահին նրանից ամեն ստորություն կարելի է սպասել, հանել ու գցել է իր ավտոմատի պահեստատուփը: Սակայն դա չօգնեց. Սաքոյանը տասնվեց փամփուշտ արձակեց Գաբրիելի վրա, որից մեկը կպավ: Գնդակը ջարդել է աջ ոտքի ոսկորն ու մտել որովայնը (զարկերակը կտրելով, այն մտել էր աղիքների մեջ)...

Փոխանակ Գաբրիելին օգնեին, փախչում են, իսկ Սաքոյանը գոռում է՝ «թուրք եմ խփել, թուրք եմ խփել»: Ամբողջ երկու ամիս Ղարաբաղում խոսակցություններ էին պտտվում, որ իբր Գաբրիելի վրա կրակել են՝ նշանաբառը չասելու պատճառով: Դա հորինել էր Սաքոյանը:

«Որ ժամանակին տեղ հասցնեին Գաբրիելին, որդիս կենդանի կմնար, նույնիսկ եթե մատներով փորձեին արյունահոսությունը կանգնեցնել: Թողել են որդուս արյունաքամ լինելիս, իսկ իրենք փախել՝ մտածելով միայն այնպես անել, որ հետագայում այս պատմությունից չոր դուրս գան,- պատմում է տիկին Էլմիրան, որ որդու հետ կատարված ծանր դժբախտության մանրամասներին տեղյակ է նաեւ դատական նիստերին տրված ցուցմունքներից:- Քսան րոպե էր անցել, բայց որդիս դեռ կենդանի էր: Հավաքվել են, որ Գաբրիելին դնեն ավտոմեքենայի մեջ, իսկ նա՝ լրիվ արյան մեջ կորած… Մինչդեռ որդուս դեղարկղում անհրաժեշտ ամեն ինչ կար։ Նրանք հետո են հասկացել, որ արյունահոսությունը կանգնեցնելու համար կարելի էր ավտոմատի փոկն օգտագործել, բայց արդեն ուշ էր… Գնդից եկած բժիշկը փոխանակ զարկերակը փակի, ծնկից ներքեւ է կապում: Ինչո՞ւ առաջին գծում բժիշկներ չկան, չէ՞ որ դա առաջին գիծ է: Գնդի շտապ օգնության ավտոմեքենան լավ վիճակում չէր գտնվում: Վարորդն էլ ամբողջ ճանապարհին «աստված, աստված» էր կանչում, որպեսզի ավտոմեքենան հանկարծ չկանգնի: Թարսի պես էլ ավտոն փչանում է: Զանգում են գունդ՝ նոր մեքենայի համար, իսկ ժամանակն անցնում էր… Որդուս կարող էին փրկել, եթե ավտոմեքենան չփչանար, եթե…,-  չկարողանալով արցունքները զսպել՝ պատմում է Գաբրիելի մայրը:- Երբ դասակի հրամանատար Դավիթ Ավետիսյանը մոտենում է, որպեսզի օգնի որդուս, Գաբրիելը նրան է փոխանցում իր տեսախցիկը: Քանի որ Սաքոյանը Դավիթի զինվորն էր, վերջինս տեսախցիկի միջից հանում է չիպը, որպեսզի հետագայում խուսափի պատասխանատվությունից: Իսկ երբ ռազմական ոստիկանությունից իմանում են, որ տեսախցիկի հետ կապված պատմություն է եղել, Դավիթը նրանց վերադարձնում է տեսախցիկը, բայց առանց չիպի:

Ոստիկանություն գնալու ժամանակ Սաքոյանը վախեցնում է վաշտի անձակազմին, հետո էլ համոզում, որ բոլորը պատմեն նշանաբառի մասին հորինված պատմությունը՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ կարգին է լինելու: Սակայն երբ Երեւանից հետաքննող անձնակազմ է գալիս, Սաքոյանի համածառայակից Սեւակ Գրիգորյանը սպիպված պատմում է իրողությունը»։

Առաջին ատյանը Սաքոյանին 15 տարի է տվել: Նրանք դիմել են վերադասին, վերջինս վճիռը թողել է անփոփոխ:

«Գումարտակի հրամանատարն ինձնից ներողություն խնդրեց, իսկ թաղման ժամանակ գնդի հրամանատարը չմոտեցավ ինձ ցավակցելու: Նախարարն էլ հավաստիացնում էր, թե նշանաբառը չասելու համար են Գաբրիելին սպանել, բայց դեռ հետաքննություն չկատարած ինչպե՞ս կարելի է նման պնդումներ անել: Նա թաղման ժամանակ ինձ մոտ մի տասը մարդ էր ուղարկել, որոնք ինձնից խնդրեցին, որպեսզի հանկարծ չկոպտեմ նրան։ Նախարարն ու գեներալներից ոչ ոք չմոտեցավ ինձ ցավակցելու:

Որդուս ճնշումներից փրկելու համար դիմել եմ տարբեր պաշտոնյաների: Երկու անգամ դիմել էի բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Արմեն Ղահրամանյանին, որպեսզի Գաբրիելին տեղափոխեն քաղաք, քանի որ ես 3-րդ կարգի հաշմանդամ եմ ու Գաբրիելը մինուճար զավակս է. օրենքով դա հասնում էր Գաբրիելին: Երեք անգամ դիմել եմ նախագահ Բակո Սահակյանին, որին տեղեկացրել եմ, որ եթե ինձ չօգնի, գոնե այնպես անի, որ որդուս այլ զորամաս տեղափոխեն: Սակայն նա չի պատասխանել: Իմ դասընկեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էլ եմ դիմել, որպեսզի նա ինձ պարզապես ընդունի: Նրա աշխատակազմից տեղեկացրել են, որ նամակը ստացել են, բայց առայսօր այն այդպես էլ մնացել է անպատասխան: Դիմել էի նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանին, եւ նա խոստացել էր, բայց… Մեր ՊԲ նախարարին էլ եմ նամակով դիմել, որպեսզի նա ինձ ընդունի որպես պատերազմի վետերանի, որպես 9 տարվա առաջավորի, բայց նա ասել էր, որ ժամանակ չունի: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին էլ եմ դիմել, նա եւս ինձ չի ընդունել... Գոնե հիմա թող պատասխանի, բացատրի, թե, դատված մարդուն ինչու են զենք տալիս ու կանգնեցնում առաջին գծում...»։

Հուզմունքը զսպելուց հետո տիկին Էլմիրան շարունակեց. «Պարոն Սարգսյան եւ պարոն Օհանյան, եթե խղճի խայթ ունեք, ապա ինձ ընդունեք, ես ձեզ ասելիք ունեմ: Արդեն Գաբրիելի զոհվելուց հետո դիմել էի գեներալ Սամվել Կարապետյանին, որն ինձ ընդունել էր ու ասել, որ համազգեստ կրողները պիտի պատրաստ լինեն նույնիսկ զոհվելուն: Ես համաձայն եմ, բայց եթե որդիս զոհվեր թուրքի գնդակից:

Որդուս նման մի քանի լեզու իմացող գրագետ սպաներ մեր բանակում գրեթե չկան, իսկ մենք կրակում ենք նրանց վրա: Որդուս ճնշում էին, նա չէր ուզում ծառայել այդ անձնակազմի հետ, նա ուզում էր ծառայել սպեցնազում կամ հետախուզությունում, որովհետեւ նա իր գիտելիքները լրիվությամբ ուզում էր պրագմատիկորեն օգտագործել, լրիվ տալ հայրենիքին: Նախարարին խորհուրդ են տվել Գաբրիելին աշխատանքի վերցնել գլխավոր շտաբում, սակայն նա ասել էր, որ բանակը լեզու իմացողների տեղ չէ...»։

Գաբրիելին սպանել են անցյալ տարվա հուլիսի 8-ին՝ մոր ծննդյան օրից մի օր առաջ: Իսկ մի ամիս հետո՝ օգոստոսի 13-ին, նա պիտի դառնար 33 տարեկան:

«Գաբրիելից հետո ինձ համար դժվար է դարձել ապրելը, կյանքը կորցրել է իր իմաստը: Նրանից բացի ես ոչ ոք չունեմ...»,- սրբելով արցունքները՝ վերջացրեց տիկին Էլմիրան:

Սամվել Ղազարյան

Մեկնաբանություններ (9)

sofia
zzveli e amen inc hetaqrqir e naxagahe ajs sajde kardum e kam ohanjane
Hay
Սենց տղերքը, սենց ախպերները իրոք ազգի հերոս են ու իրանք պետքա լինեն մեր բանակի ամենավերևներում առնվազն գենեռալներ պետքա լինեն. Ու ետ վախտ կտենաք ինչ բանակ կունենանք:Փառք Գաբրիելին ու իրա նման մնացացած տղերքին.Որ եսօր Մոնտեն լիներ մեր բանակը սենց `չէր լինի, բայց չկա ....
Stepanakert
Խորին ցավակցություններս տիկին Էլմիրային: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել այն սպաներին, ովքեր տարիներով, նույնիսկ ամբողջ 20 տարով իրենց կյանքն անց են կացնում խրամուղիներում: Երևի ամենադժվար ծառայությունը դասակի ու վաշտի հրամանատարներինն է: Մեկ անգամ էլ ուզում եմ այն սպաներին շնորհակալություն հայտնել, որոնք զինվորից ու բանակից տասը կոպեկ չեն վերցնում: Ինչ վերաբերում է ինքնսպանություններին կամ : Բանակում իրոք ինքնասպանություններ լինում են: Սպայական կազմը մեղավոր է, բայց այս դեպքում ավելի շատ մեղավոր են լինում համածառայակիցները: հասկացությունը միչև մեզնից չվերանա, շատ խնդիրներ կունենանք: Երբ նորակոչիկը կորանտին է անցնում, առաջին մեկ ամսում նրան բացատրում են, որ կարգուկանոն պահպանող սպան 603 է, որը նույնիսկ քո աշխատավարձից 10 կոպեկ չվերցնում, հետևող է, որ քեֆիդ կպնող չլինի սպա է: Ու 603ության կնիքը դրվում է: Ու դրան նպաստում են հայկական ալիքներով ցուցադրող պոռնոմթերքները, որոնք սաերիալ են կոչվում, որոնք պատանու ուղեղը փտեցնում են ներսից: Մեզնում, ոչ միայն բանակում, այլ կաշառք չվերցնող ու իր պաշտոնը չչարաշահող մարդը դիտվում է որպես աննորմալություն: Մենք պետք է հարգենք բոլոր այդ մարդկանց: Ես գնդապետ գիտեմ, որի պատերը մինչ օրս սև են և որը ավտոմեքենա էլ չունի: Գաբրիելի նման կադրային ու գրագետ սպաների վրա կրակելը.... Սաքոյանը կրակողն էր, բայց ոչ սպանողը: Մենք թուլանում են, նման մարդիկ կորցնելով: Ամոթ է, ԼՂՀ ՊԲ նախարար, ամոթ է Ղահրամանյան: Ձեր դիզածն ու կուտակածը չեք մարսելու:
Վեհարի
Նախարարը ասել էր, որ բանակը լեզու իմացողների տեղ չէ... : Այս Մեջբերումը Սամվել Ղազարյանի հոդվածից, թիվ 5 իմ մեկնաբանության սկզբնամասից դուրս է թռել, հնարավոր է դրածս չակերտների պատճառով:
Վեհարի
: Այս մեջբերումով ուզում եմ ընդգծել, որ եթե ըստ նախարարի մեր բանակը գրագետ մարդկանց տեղը չի, ապա ըստ նրա և իրականում մեր բանակում իշխում են տգետները, և քրեական պատժի արժանի հանցագործները: Մեր բանակում երկար տարիներ շարունակ հրամանատարների կողմից կազմակերպած սպանությունների և ,,ինքնասպանություների այս անվերջանալի շարանի իրական պատասխանատուն հենց պաշտպանության նախարարն է և իհարկե նրան հովանավորող հանրապետության նախագահը: Իսկ մտածել եք թե ինչու մենք հայտնվել ենք այսպիսի իրավիճակում : Քանի որ մեր երկրի անվտանգության իրական երաշխավորը Ռուսաստանն է, ապա հասկանալի պատճառներով, որպես մեր պաշտպանության նախարար, կարող է նշանակվել միմիայն ռուսաստանի իշխանությանը բավարարող անձ: Իսկ երբ տարիներ շարունակ մեր բանակում տեղի ունեցած բազմաթիվ սպանությունների դեպքերը պաշտպանության նախարարության քննիչների և ղեկավարության կողմից վարպետորեն կոծկվում են և Մոսկվային /մեր պաշտպանության երաշխավորին/ զեկուցում են, թե իբր տարածաշրջանում մեր բանակը ամենալավն է , այդ պատճառով նախարարին մեկ այլ` ավելի արհեստավարժ մեկ ուրիշով փոխարինելու լիազորված անձի գլխում այդ միտքը չի ծագում: Եվ ընդհանրապես, մեր երկրում ոչ թե միտքն է իշխում և ղեկավարում, այլ նորին մեծություն համատարած Կաշառակերությունը և այդ երևույթի հրամանով նշանակված Քաջ Նազարներն ու նրանց պնակալեզները:
Karen
Ժողովրդական խոսք կա՝ երբ հոտը շրջվում է, կաղ ու քոսոտները հայտնվում են առջևում։ Դժբախտաբար այս առածը մեզանում կյանքի է կոչվել։ Հիմա նրանց ժամանակն է...
Stepanakert
«Եթե ազնիվ ու իմաստուններն են կառավարում տխմար ու ստորներին, ապա կարգուկանոն է տիրում: Իսկ եթե տխմար ու ստորներն են կառավարում ազնիվ ու իմաստուններին, ապա խառնուկություն կլինի» Մո-Ցզի Գաբրիելը խելացի տղա էր և տխմար ու ստորներին ձեռ չէր տալիս: Նա նրանց համար մարդ էր:
Baron
Nax uzum em im xorin harganqn u ankexc cavakcutyuns haytnel tikin Elmirayin. Xosqs uxxum em mer petakan ayrerin sksac hanrapetutyan naxagahic- hargeli paronayq gamanakn e ushqi galu, aysor mer banak@ petq e lini dzer ushadrutyan amenakentronum, mi moraceq vor vax@ vtangi depqum ayd nuyn zinvornern en pashtpanelu dzez ev voch dzer andznakan hashivneri gumarner@ ev voch el hastaviz tiknazorner@, voronq arajinn en paxnelu. Im hamar hatkapes zarmanali e Seyran Ohanyani pahvacq@ - ov ov bayc pashtpanutyan naxarar@ petq e imana zinvori gin@ ayn el paterazmi tohubohov ancac [email protected] miayn tikin Elmirayi djbaxtutyun@ che sa azgi djbaxtutyun e. De isk gumartaki kam gndi hramanatari pahvacq@ im hamar zarmanali che nranq aveli shat vaxenum en zoramasi chakertavor lav txerqic qan tshnamuc ev xusapum en nranc het konfliktner unenaluc. Paronayq spaner spa linel@ miayn usadirner krel che...
Arsen
Մեր բանակը ուժեղա մեր բանակը հզորա եսնց բաներ են լսում հեռուստացույցով, բա ուրա մեր հզորությունը, ուրա մեր ուժը,էս ինչա կատարվում մեր երիտասարդներից վաղը հարկ եղած ժամանակ ովա գնալու էս երկրի դիրքերը պահելու, ով կռիվ անելու: Այսօրվա երիտասարդներից 90 տոկոսին որ հարցնում ես պատերազմ լինելու դեպքում կռվի գնալու եք ասում են ում համար գնանք կռվենք մենք կռվենք որ իր տղերքը ջպերով ֆռֆռան հա: Ամոթա չի կարելի նենց արեք որ վաղը զինվոր ունենաք, որ ուզենան գնան կռվելու հայրենիքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter