Խորհրդարանական ընտրություններ
20:00 - ԱԺ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Ժամը 20:00-ին սահմանված կարգով պետք է փակվեն բոլոր ընտրատեղամասերը եւ սկսվի քվեարկության արդյունքների ամփոփումը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, այսինքն` մարտի 13-ին ժամը 20:00, պաշտոնապես պետք է հրապարակի ԱԺ-ի` համամասնական ընտրակարգով ընտրությունների նախնական արդյունքները, իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները` քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:
19:55 - Շենգավիթ համայնքի 12/17 ընտրատեղամասից ժամը 17.30-ի սահմաններում մեզ հայտնեցին, որ նույն համայնքի Շահվերդյան փողոցում գտնվող համատիրությունում ընտրողներին 5000-ական դրամներ են բաժանում։ Մեր թղթակիցը նշված համատիրության արդեն «փակ» (համատիրության աշխատակիցները ներսում էին) դռան մոտ հանդիպել էր Շահվերդյան փողոցի մի խումբ բնակիչների։ Բնակիչների պատմելով՝ վաղ առավոտից իրենց հարեւանները, ընտանիքի անդամները անձնագրերով ներկայացել են համատիրություն, գրանցվել՝ ստանալով 5000-ական դրամ եւ հատուկ գրիչ, որով պիտի նշում կատարեին իրենց քվեաթերթիկների վրա։ «Մեկ է, ով որ պետք է ընտրվի, արդեն ընտրվել է,- ասում էր Կարինե անունով մի կին,- 5000 դրամ է, քիչ փող չի, սկեսուրս ու սկեսրա յ րս ստացել են, մենք էլ ամուսնուս հետ ստանանք, գնանք»։ Խմբվածների հավաստմամբ` հօգուտ ՀՀԿ-ի 5000 դրամներ իրենց ընտրատարածքում սկսել էին բաժանել դեռ նախորդ օրվանից։ Քիչ անց դռան հետեւից կանացի մի ձայն հայտնեց, որ ընտրողները արդեն կարող են գնալ ընտրելու առանց նախապես գրանցվելու։
19:51- «Օրինաց երկիր» կուսակցության վստահված անձ Գոհար Սահակյանը մեր թղթակցին հայտնել է, որ 5/5 ընտրատեղամասում ընտրողներից մեկը տեսել է, որ իր անվան դիմաց արդեն ընտրել են: Երբ վերջինս փորձել է իմանալ ընտրողի անունը, ՀՀԿ վստահված անձինք արգելել են: Գոհար Սահակյանին թուղթ չի տրամադրվել արձանագրություն կազմելու համար:
19։50 - ԱԺԿ Մամուլի հաղորդագրություն - Ազգային ժողովրդավարական կուսակցության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Շենգավիթի #3 հանրակացարանում ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանել: ԱԺԿ վստահված անձանց փոխանցմամբ` բողոքի ալիք է բարձրացել հանրակացարանի այն բնակիչների շրջանում, ում ընտրակաշառք չի հասել:
ԱԺԿ վստահված անձ Աշոտ Կարապետյանը նկատել է, որ Արտաշատ քաղաքի համալսարանում տեղակայված ընտրատեղամասում ՀՀԿ-ի ներկայացուցիչները բացահայտ լցոնումներ են կատարում, տրցակով քվեաթերթիկներ են լցնում ՀՀԿ-ի օգտին: Նա նաեւ նշել է, որ Դաշնակցության կողմնակիցները այլ ընտրատեղամասերից մարդիկ են բերում քվեարկելու: ԱԺԿ վստահված անձը նշում է, որ Արտաշատի այլ ընտրատեղամասերում կատարվում է նույնը:
Արարատի մարզի Ազատավան գյուղում հանձնաժողովի նախագահը բացահայտ քարոզչություն է տանում ՀՀԿ-ի օգտին եւ ուղղորդում բնակչությանը քվեարկության: Իսկ թաղային հեղինակությունները ահաբեկում են գյուղի բնակչությանը:
19:43 - Ալավերդուց մեր թղթակիցը հաղորդեց, որ թիվ 31 ընտրատարածքի տեղամասերում քաղաքացիների հոսքն առանձնապես մեծ չի եղել: Տեղամասերում քիչ են ընդդիմադիր ուժերի վստահված անձինք: 31/44 ընտրատեղամասում, մասնավորապես, 6 վստահված անձանցից ոչ մեկը ընդդիմադիր ուժերից չի եղել: 31/43 տեղամասում «Իմպիչմենթ» դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Թամազյանն ասել է, որ ընդդիմադիրների վստահված անձանց շրջանում վախի մթնոլորտ կա, դրա համար նրանք տեղամասեր չեն ներկայանում, բացի այդ՝ իրենք վստահ են, որ խախտումներ չեն լինելու, քանի որ բոլորն էլ ճանաչում են մեկմեկու:
19:40 - Գյումրու Արագ արձագանքման շտաբի դիտարկումները
19:30 - ՍԴ. Հնչակյան կուսակցության մամլո դիվանի հաղորդագրությունը ընտրա խախտումների վերաբերյալ
18:56 - Մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Հայկ Բաբուխանյանի վստահված անձ Սերժ Խոջոյանը մեր թղթակցին հայտնել է, որ 5/15 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության վստահված անձինք (նրանք մեկից ավելի են) չեն կրում վկայականներ: Մեր թղթակցի դիտարկմամբ` Հանրապետականի վստահված անձինք վկայականներ չեն կրում նաեւ 5/06, 5/16 եւ 5/13 ընտրատեղամասերում:
18:30 - Հանրապետական կուսակցությունից ասացին, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է` ընտրախախտում չի արձանագրվել: «Բարգավաճ Հայաստան»-ի համար նույնպես ամեն ինչ իր հունով է ընթանում` առանց ընտրախախտումների:
18:05 - Մեր թղթակիցը հաղորդում է, որ Ալավերդու 31/38 տեղամասում ՀՀԿ-ի լիազորված անձ Ռուզան Միրզոյանը ընտրողների հետ զրուցում էր մոտ 25 րոպե, իսկ ՀԺԿ-ի վստահված անձ Գոհար Օհանյանին հանձնաժողովի նախագահ Վալենտինա Բաբայանը դիտողություն է արել, որ վերջինս կանգնել է սեղանի մոտ հավաքված ընտրողների կողքին: Բաբայանը մեր թղթակցին ասել է, թե ՀՀԿ-ի ներկայացուցչի եւ ընտրողների երկարատեւ զրույցն ինքը չի տեսել: Թիվ 31 ընտրատարածքում առաջադրված ՀԺԿ-ական Լարիսա Փարեմուզյանը հայտնել է, որ Մարց եւ Լորուտ գյուղերում կոպիտ խախտումներ են տեղի ունենում: Լորուտի ՀՀԿ-ական գյուղապետը ընտրատեղամասի մոտ հավաքված գյուղացիների առաջ հայտարարել է, որ պետք է ընտրեն Կարեն Սարիբեկյանին եւ ՀՀԿ-ին: «Դաշինք» կուսակցության տեղի շտաբի պետն ասել է, որ իրենց վստահված անձինք տեղամասեր չեն գնացել՝ վախենալով ճնշումներից:
18:00 - «Երթուղայինով հանրապետականները մարդիկ էին բերում: Ես փորձեցի նկարել, եւ ինչ-որ մեկը, ես իրեն էլ եմ նկարել, փորձեց խոչընդոտել, փակեց ֆոտոխցիկի օբյեկտիվը: Ֆոտոխցիկը ձեռքիցս ընկավ: Ասացի, որ իրավունք չունի խանգարել ինձ, ասաց, որ վստահված անձ է, հետո անմիջապես մտավ ընտրատարածք, խոսում էր Լեւոն Սարգսյանի վստահված անձ Արամ Սաղույանի հետ: Պնդում եմ, որ ասի, թե ում վստահված անձն է, ասում է, որ խաբել է ինձ, որ ինքը վստահված անձ չի: Ես այս ամենը ձայնագրել եմ: Այդ մարդն անմիջապես դուր ս է գալիս ընտրատարածքից եւ անհետանում: Լեւոն Սարգսյանի ներկայացուցիչներն ազատորեն ելումուտ են անում ընտրատարածքում, բայց օրենքով ամեն մի թեկնածու պետք է ընդամենը մեկ վստահված անձ ունենա: 5/16, 5/15-ում եմ ես, նկարում եմ ընտրությունների ընթացքը, նկարել եմ մարդկանց, ովքեր երկուսով են մոտենում ընտրախցիկին»,- հաղորդում է «Իմ իրավունքը» թերթի լրագրող Հասմիկ Համբարձումյանը:
17:50 - ԱԺԿ-ի մամլո հաղորդագրությունը
17:15 - ՕԵԿ-ից Նոնա Մուրադյանը տեղեկացնում է, որ Սարուխան գյուղում ՏԸՀ նախագահը նախքան քվեաթերթիկը քվեախցիկ գցելը ստուգում է այն: Տեղում կան նաեւ ԱՊՀ դիտորդներ, իսկ Զեյթուն եւ Քանաքեռ համայնքներում հանրապետականները 4000-5000 դրամներ են բաժանում:
17:10 - «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հաղորդել է, որ 1/25 ընտրատեղամասում ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը եւ նրա զինված թիկնազորը փորձել են խոչընդոտել ընտրությունների ընթացքը: Նրանց եւ մյուս կողմից ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի համակիրների միջեւ վեճ է ծագել: Ըստ «Երկիր մեդիա»- ի ՝ վերջիններս ծեծել են Հայրապետյանին ու նրա կողմնակիցներին, որոնք փախուստի են դիմել: Հայրապետյանը «Ա1+»-ին հայտնել է, որ ոչ ոք զենքով տեղամաս չի մտել, եւ ծեծկռտուք էլ չի եղել. պարզապես վեճ է ծագել ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի վստահված անձանց միջեւ: Իսկ Հայրապետյանին մոտ կանգնած աղբյուրը մեզ հայտնեց, որ իրենք են ծեծել դաշնակներին: ՀՅԴ կենտրոնական շտաբի լրատվության համակարգող Գայանե Մանուկյանը մեզ հայտնեց, որ ՀՅԴ-ն դեռեւս ընտրարշավի ժամանակ հայտարարել է կեղծիքների ու խախտումների դեմ հաստատուն պայքարի մասին, եւ իրենց ներկայացուցիչներին կարգադրվել է ամենայն ուշադրությամբ հետեւել ընտրությունների ընթացքին: Գ. Մանուկյանը ոչ հերքեց եւ ոչ էլ հաստատեց լուրերը՝ նշելով, որ իրենք խախտումների մասին առանձին հանդես կգան ընտրություններից հետո:
17:05 - Խոչընդոտել են լրագրողի աշխատանքին - Դավիթաշենի 5/16 ընտրատեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության համակիրները «Իմ իրավունքը» թերթի եւ «Panorama.am» ինտերնետային կայքի լրագրող Հասմիկ Համբարձումյանին արգելել են լուսանկարել քվեարկության ընթացքը եւ վերցրել են ձայնագրիչը: Դավիթաշենի ԸԸՀ նախագահ Էդուարդ Բարսեղյանի միջամտությունից հետո միայն լրագրողին վերադարձրել են ձայնագրիչն ու լուսանկարչական ապարատը:
16:55 - Ազգային ժողովրդավարական կուսակցությունից հայտնում են, որ Գյումրիում ՄԱԿ-ի անդամները 4.000-ական դրամներ են տալիս երիտասարդներին եւ պահանջում, որ նշանի կողքը փոքր կետ դնե ն : 11/32 (Շենգավիթ) ընտրատեղամասում կանաչ գրիչով քվեախցիկի մոտ հերթ է գոյացել, մյուս երկու քվեախցիկներին, որտեղ դրված են կապույտ գրիչներ, մարդիկ գրեթե չեն մոտենում: Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի 100 քվեաթերթիկների «Ազգային Միաբանություն» կուսակցության տողում փոքր կետեր են դրված եղել: Ազգային ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Դուստրիկ Մխիթարյանը հայտնում է, որ այս խախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:
16:30 - «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից տեղեկացանք, որ Արաբկիրի 5/22 տեղամասում գրանցվել է կարուսելի դեպք, տեղամասի դիմաց կուտակվել են մեքենաներ՝ բազմաթիվ երիտասարդներով: Շենգավիթի 12/26 ընտրատեղամասում «Ժառանգության» թեկնածու Լարիսա Ալավերդյանն արձանագրել է, որ մարդկանց տեղամաս են բերում ավտոբուսներով, տիկին Ալավերդյանը պահանջել է միջազգային դիտորդների ներկայություն: Նույն այդ տեղամասում ճնշումներ են կիրառվում տեղացի դիտորդների նկատմամբ: Արաբկիրի 4/3 տեղամասում վստահված անձանցից մեկին փորձել են դուրս հանել: Հ. Խուրշուդյանի փոխանցմամբ՝ ընտակաշառքների բաժանման դեպքեր են արձանագրվել Նոր Հաճընում, Զովունիում, Քանաքեռավանում: Մալաթիա-Սեբաստիայի 7/1 եւ 7/20, Կենտրոնի 9/29, 9/30, 9/31 տեղամասերում մարդկանց մեծ կուտակումներ են առաջացել, ստեղծվել է անվերահսկելի վիճակ: Արաբկիրի 4/7 տեղամասում խառնաշփոթ վիճակ է եղել, քվեարկությունը հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ դադարեցվել է որոշ ժամանակով ու նորից վերսկսվել: Մի շարք տեղամասերում կանաչ գրիչի փոխանցումներ եւ տարբեր գունային երանգների քվեաթերթիկներ են նկատվել: Նոր-Նորքի 62 դպրոցում՝ 1/25 տեղամասում, 13:30-14:30-ի հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ըստ Խուրշուդյանի՝ ոստիկաններն առանձնապես չեն միջամտել:
16:25 - «Էրեբունի» բժշկական կենտրոնում չեն քվեարկել
Հայաստանի Հանրապետության Կ ենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 28-Ն որոշման համաձայն՝ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար քվեարկությունը կարող է կազմակերպվել ստացիոնար բժշկական հաստատությունում՝ քվեարկության օրը մինչեւ ժամը 18-ը:
16:00 - Մեր թղթակիցը հաղորդում է, որ 5/15 եւ 5/16 ընտրատեղամասերում ( Դավիթաշեն ) հանձնաժողովների նախագահները արգելել են «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների վստահված անձանց ազատ տեղաշարժվել ընտրատեղամասում: Կուտակումներ են արձանագրվել նույն համայնքի 5/06 ընտրատեղամասի առջեւ: Մեր թղթակցի դիտարկմամբ` կողմնակի մարդիկ ազատ ելումուտ են արել 5/06 ընտրատեղամաս, սուրճ խմել, ապա դրսում «զրույց կազմակերպել» ընտրողների հետ:
15:35 - Ընտրությունների քվեարկության ընթացքին Գյումրիում հետեւելու համար ստեղծվել է Արագ արձագանքման շտաբ: Ստորեւ ներկայացնում ենք այդ շտաբի դիտարկումները:
15.30 - ԱԺԿ-ից տեղեկացրին, որ Արաբկիրի ընտրատեղամասերում վստահված անձանց չեն թողնում մոտենալ գրանցման եւ քվեաթերթիկների բաժանման սեղաններին, որոնց մոտ մեծ կուտակումներ են լինում: Էրեբունու թիվ 17 դպրոցում (13/12 եւ 13/13 տեղամասեր) նկատել են, որ քաղաքացին ստորագրել է ուրիշի փոխարեն, սակայն չեն հասցրել ճշտել, թե ում տեղը: Կենտրոնում եւ Արարատի մարզում տեղի գրանցում չունեցող մարդիկ մտնում եւ քվեարկում են, բայց կոնկրետ տվյալներ դեռեւս չկան: Վանաձորից ԱԺԿ-ն ահազանգ է ստացել, որ ընդդիմադիրների համակիր մի շարք ընտանիքներ հայտնվել են այլ տեղամասերի ցուցակներում եւ իրենց իրավունքները վերականգնելու համար պետք է դիմեն դատարան:
15:25 - «Դաշինք» կուսակցությունից Մարինե Ավանեսյանը տեղեկացնում է, որ 4/18 ընտրատեղամասում հանձնաժողովի քարտուղարը գրանցամատյանով դուր ս էր եկել եւ 10-15 րոպե բացակայել ընտրատեղամասից: Երբ վստահված անձինք արձանագրություններ են կազմել, հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ստորագրել: Բացակայության ընթացքում քվեարկությունը դադարեցվել է:
15.20 - «Զարմացած եմ աշխուժությունից, հոսքը բավականին մեծ է. ժամը 13.30-ի դրությամբ արդեն 500 ընտրող ունենք մոտ 1600 հոգուց: Սա մեծ առաջընթաց է: Ցուցակներում կան մարդիկ, որոնք այստեղի գրանցում ունեն, բայց գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ էլ այլ երկրներում, բնականաբար նրանց ցուցակներից հեռացնելու իրավունք չունեն»,- ասում է 9/7 ընտրատեղամասում ԲՀԿ-ի վստահված անձ Արայիկ Հարությունյանը:
«Նորմալ, բնականոն, ակտիվ մասնակցութուն է ընթանում, ընտողների հոսքը բավականին շատ է: Մեկ անձ տեղի գրանցում ուներ, բայց ցուցակում չկար, ուղարկել եմ դատարան, վճիռը կբերի, կգրանցվի եւ իրավունք կունենա ընտրելու: Առայժմ միայն այդ դեպքն է արձանագրվել»,- ասում է 9/7 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հակոբ Պապոյանը (ՀՀԿ): Իսկ հարցին, թե արդյոք նա իրավունք ունի՞ արգելել երթուղայիններով մարդկանց տեղափոխումը ընտրատեղամաս, Պապոյանը պատասխանեց. «Եթե տեսնեմ, բնական է, կարգելեմ, բայց ես իրավունք չունեմ տեղամասից դուրս գալ, բացակայել: Այլապես, մեծ սիրով, եթե օրենքի խախտում է, ապա չի կարելի»:
14:30 - «Հանրապետություն» կուսակցությունը մեկ տասնյակ ընտրախախտում է գրանցել: Կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցը հայտնում է, որ Սիսիանի էլեկտրացանցի աշխատողները Հանրապետական կուսակցության օգտին կաշառք են բաժանում: Երեւանի 5/33 ընտրատեղամասում գրանցվել է, որ մարդկանց մի խումբ մի քանի տեղ է քվեարկում: «Աջափնյակի մի շարք ընտրատեղամասերում մեր վստահված անձանց մերժել են ընտրողների մասնակցության վերաբերյալ քաղվածք տալ,- ասում է Սուրենյանցը,- իսկ Մասիվի 2-րդ եւ 5-րդ զանգվածների բնակիչներին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավտոբուսներն են տեղափոխում, ականատեսները վկայում են, որ դա նույնիսկ ստիպողաբար է արվում, 101 երթուղայինի գծից Հանրապետականը երթուղային տաքսիներ է հանել մարդկանց տեղափոխելու համար: Եղվարդի 1,2,3 ընտրատեղամասերում բաց քվեարկության դեպքեր են արձանագրվել»:
14:25- Մեր թղթակիցը 11/20 եւ 11/21 (Շենգավիթ համայնք, Ֆրունզե փողոց, երկու տեղամասերը գտնվում են միեւնույն դպրոցում ) ընտրատեղամասերից հայտնեց, որ 10 համարի երթուղային տաքսիով (պատկանում է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբորը` Սայադ Զախարյանին), որին ուղեկցում է 77- SL-777 «Մերսեդես» մակնիշի մեքենան, ընտրողներին բերում են տեղամաս քվեարկելու: 11/20 ընտրատեղամասում «Ժառանգության» վստահված անձ Ցոլակ Հակոբյանը հայտնել է, որ առավոտյան ժամը 10-ին ընտրողներից մեկը փորձել է ուրիշի անձնագրով քվեարկել, սակայն փորձը կանխվել է: Այս երկու ընտրատեղամասեր այցելած ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, հոլանդացի պատգամավոր Լեո Պլատվոետը քվեարկության ընթացքի վերաբերյալ մեր թղթակցին ասել է. «Առավոտյան 8-9-ը քվեարկության ընթացքը նորմալ էր, սակայն 11-12-ն արդեն առկա էր ընդհանուր լարվածություն: Եվ ընտրատեղամասերի ներսում, եւ դրսում անկառավարելի ամբոխ կա, ինչը հեշտացնում է ընտրակեղծիքների իրականացումը: Այս ընտրատեղամասում մարդկանց մեքենաներով բերում եւ տանում են, եւ սա տարածված երեւույթ է»։ Իբրեւ դրական երեւույթ Պլատվոետը նշել է այն հանգամանքը, որ ընտրողները հետեւողական են, որպեսզի իրենց ընտանիքի բացակա անդամների փոխարեն ուրիշները չքվեարկեն:
14։20 - Մայիսի 12-ին` ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկության օրը, հնարավոր ընտրախախտումներին արագ արձագանքելու համար ՀՀ գլխավոր դատախազությունում սահմանվել է հերթապահություն: Այդ նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով գլխավոր դատախազությունում ձեւավորվել են աշխատանքային խմբեր:
«Խախտումներ նկատած անձինք կարող են անմիջապես ահազանգել աշխատանքային խմբերին հետեւյալ հեռախոսահամարներով` 511-576, 511-524, ինչպես նաեւ շուրջօրյա գործող հերթապահության բաժին` 511-648 հեռախոսահամարով»,- տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Մամլո քարտուղարը հայտնեց, որ ստացված ահազանգերը հիմնականում վերաբերում են ընտրացուցակնեում եղած անճշտություններին: Այս պահի դրությամբ, ըստ գլխավոր դատախազության, որեւէ լուրջ խախտում չկա:
13.30 - Խաչատուր Սուքիասյանի նախընտրական շտաբից տեղեկացրին, որ մինչ այժմ ոչ մի խախտ ո ւմ չեն արձանագրել, եւ ընտրազանգվածը նոր-նոր է ակտիվանում:
13:25 - «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց, որ Աջափնյակի 111 դպրոցում կապոցներով քվեաթերթիկներ են գցում արկղերի մեջ: Վստահված անձինք դրա վերաբերյալ արձանագրություն են կազմել:
13:15 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանը եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանը ասացին, որ մինչեւ հիմա ոչ մի խախտում չեն արձանագրել:
12:45 - «Օրինաց երկիր» կուսակցությունից Նոնա Մուրադյանը տեղեկացրեց, որ 10/3 եւ 10/6 ընտրատեղամասեր մարդիկ ներկայանում են անձնագրերի պատճեններով: «Մեզ հայտնեցին նաեւ, որ 12 ընտրատեղամասում (Չարբախ) Վերսանդ Հակոբյանի եղբորորդին կաշառք է բաժանում: Կապանի 38 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության մարդիկ են կուտակված մուտքի մոտ: Դրա վերաբերյալ ՕԵԿ-ի թեկնածու Գագիկ Ալավերդյանը տեղեկացրել է ԿԸՀ եւ դատախազություն: «12/7 եւ 12/8 ընտրատեղամասում համատիրության ղեկավարը ընտրակաշառք է բաժանում»,- հայտնում են ՕԵԿ-ից:
12.30 - Կենտրոնի թիվ 9 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի շտաբի դիմաց, որը կից է 9/7 տեղամասին, առավոտից հավաքվել են 27 համարի երթուղայինները, որոնք, վարորդներից մեկի ասելով, տեղափոխել են ընտրողների:
12:30 - «Նոր ժամանակներ» կուսակցության լիազորված ներկայացուցիչ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ Չարբախի 12/24 տեղամասում մարդիկ իրենց գրիչներով են գալիս ընտրության: Կուսակցության վստահված անձ Վազգեն Դավթյանը տեղեկացրեց, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի 14/20 ընտրատեղամասում նախագահ Հայկ Սարգսյանը մի քանի հոգու օգնել է ընտրություն կատարել, եւ դրա վերաբերյալ արձանագրություն է կազմվել:
12:15 - 4/30 ընտրատեղամասում (Արաբկիր) «Իմպիչմենթ» դաշինքի վստահված անձինք արձանագրել են, որ քվեաթերթիկները կնքելու համար կնիքը թաց է եղել: «Սա նշանակում է, որ այն արդեն օգտագործվել է»,- տեղեկացրեց «Իմպիչմենթ» դաշինքի վստահված անձ Կարեն Մակեյանը: Բացի այդ, ընտրատեղամասում առավոտյան անկիզելի գանձապահարանը չի բացվել եւ ստիպված կոտրել են: Հիմա քվեաթերթիկները պահվում են բաց գանձապահարանում:
11:45 - «Դաշինք» կուսակցության մամուլի պատասխանատու Մարինե Ավանիսյանը 11:45 հայտնեց, որ Դավիթաշենի 5/3 ընտրատեղամասում ընտրողը փորձել է արդեն քվեարկված քվեաթերթիկով ներս մտնել: Մեծամասնական քվեաթերթիկում նշված էր Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածու Լեւոն Խաչատրյանի անունը: Խախտումը կանխել են, սակայն ընտրողը հասցրել է փախչել:
10:30 - Ազգային Ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ) տեղեկացրեց, որ Արարատի մարզի Տափերական գյուղի 18/21 տեղամասում ընտրատեղամասի նախագահը թույլ չի տվել կուսակցության վստահված անձ Հովակիմ Գեւորգյանին ընտրատեղամաս մտնել` պատճառաբանելով, որ նա գրանցված է կուսակցության համամասնական ցուցակում: Կուսակցությունը դիմել է ԿԸՀ եւ միջնորդել վերականգնել նրա իրավունքը: Բացի այդ, ժամը 10:15-ի դրությամբ նույն տեղամասում դեռեւս երեկ ստացված քվեաթերթիկների քանակը գրանցված չէր գրանցամատյանում, մինչդեռ դա դեռ երեկ պետք է արվեր: Կուսակցությունը բողոք է ներկայացնելու ԿԸՀ:
10:00 - «Հետքը» բազմաթիվ նամակներ է ստացել արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներից, ովքեր բողոքում են ընտրելու իրենց իրավունքի սահմանափակումների կապակցությամբ` հայտնելով, թե դեսպանատներում իրենց տեղեկացնում են, թե ցուցակները պատրաստ չեն, կամ էլ նրանք ընդհանրապես չեն զբաղվում քվեարկության կազմակերպմամբ: Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակներից մեկը: Կներկայացնենք նաեւ այլ տեսակետներ:
9:00- «Ժառանգություն» կուսակցության Շենգավիթի գրասենյակի ղեկավար Մարտին æուհարյանից տեղեկացանք, որ ժամը 9:00-ին 12/17 ( Չարբախ ) ընտրատեղամասում կուսակցության դիտորդը հայտնաբերել է կանաչ գույնի գրիչով քվեարկված թվեաթերթիկներ, ինչի մասին հայտնել է հանձնաժողովի նախագահին: Ըստ նրա` դա արվել է հետագայում այդ քվեաթերթիկները տարբերակելու եւ վերահսկելու նպատակով: Դիտորդի ասելով` դրանից հետո քվեարկության գրիչները փոխվել են եւ բերվել են կանաչ գրիչներ, որպեսզի քվեաթերթիկները չտարբերակվեն:
8։30- Այսօր առավոտյան ժամը 8:00-ին 41 ընտրատարածքների 1923 ընտրատեղամասերում սկսվեց Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:
Ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն եւ մեկ դաշինք .
Ազգային ժողովրդավարական կուսակցություն
«Ազգային համաձայնություն» կուսակցություն
«Ազգային միաբանություն» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Դաշինք» կուսակցություն
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն
Ժողովրդական կուսակցություն
«Ժողովրդավարական ուղի» կուսակցություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Հայաստանի երիտասարդական կուսակցություն
Հայաստանի ժողովրդական կուսակցություն
Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Հայաստանի մարքսիստական կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
Միավորված աշխատանքային կուսակցություն
Միացյալ ազատական ազգային կուսակցություն
«Նոր ժամանակներ» կուսակցություն
Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»
«Օրինաց երկիր» կուսակցություն
«Իմպիչմենտ» դաշինք
Մեծամասնական ընտրակարգով քվեաթերթիկներում ընդգրկված են 119 թեկնածուներ:
Ոստիկանության հրապարակած ճշտված տվյալների համաձայն` Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 285 հազար 830:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել