HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աշտարակ կաթ». «Կաթնամթերքի հումքի գները մինչև 50% աճել են»

«Աշտարակ կաթ» ընկերությունը, արձագանքելով սեփական արտադրության որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը վերաբերող մամուլի հրապարակումներին, անհրաժեշտ է համարում տալ հետևյալ պարզաբանումը:

«Աշտարակ կաթ» ընկերությունը, սերտորեն համագործակցելով կաթ մթերող 6000-ից ավելի ֆերմերի և գյուղացիական տնտեսության հետ, նրանցից 2011թ. ընթացքում կաթ է մթերել մոտ 35%-ով ավելի բարձր գնով, քան 2010 թ. նույն ժամանակաշրջանում:

Անգամ հաշվի առնելով սեզոնային որոշ տատանումներ, որոնք առկա են ամեն տարի (թե աճի, թե նվազման ուղղությամբ)՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մթերման գնի նշված աճը մշտապես պահպանվել է նույն մակարդակի վրա:

Գաղտնիք չէ նաև, որ այդ ժամանակահատվածում 10-50%-ով աճել են ներկրվող հումքի, փաթեթավորման նյութերի և վառելիքի գները: Հատկանշական է, որ ինքնարժեքի նման կտրուկ աճը երկար ժամանակ չի արտացոլվել «Աշտարակ կաթ» ընկերության արտադրատեսականու գների վրա:

Պատճառն այն է, որ ընկերությունը միշտ ուշադրության կենտրոնում է պահել իր սպառողների շահերը՝ գների կայունությունը պահպանելով զուտ իր շահույթի նվազեցման հաշվին, իսկ որոշ դեպքերում նաև՝ վնասներ կրելով:

Կաթնամթերքի ինքնարժեքի նման կտրուկ բարձրացման պայմաններում գների անխուսափելի բարձրացման ցավոտ հետևանքները հնարավորինս մեղմելու համար «Աշտարակ կաթ» ընկերությունը նախընտրեց իր արտադրանքի գների վերանայումն իրականացնել որոշակի փուլերով:

Ընդ որում, ընկերության արտադրանքի գների ներկայիս որոշակի աճը շարունակում է համարժեք չլինել կաթնամթերքի ինքնարժեքի բարձրացմանը:

«Աշտարակ կաթը», լինելով հայրենական արտադրող և խոշոր հարկատու ընկերություն, այսուհետև ևս ջանք չի խնայելու տեղական արտադրության զարգացմանը նպաստելու գործում՝ միևնույն ժամանակ շարունակելով հաշվի առնել թե սպառողների, թե գործընկերների և թե ընկերության շահերը:

«Աշտարակ կաթ» ընկերության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter