HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Ներսես Կապրիելյանը պատասխանում է

«Հետքը» Նյու Յորքից նամակ է ստացել՝ «Ֆեդեքս» փոստային ծառայության միջոցով: Թեեւ այն շարադրված է 3-րդ դեմքով ու հոգնակի թվով, այնուամենայնիվ, ստորագրված է սփյուռքահայ Հրաչ Ներսես Կապրիելյանի կողմից, եւ իբրեւ հեղինակ պետք է դիտարկել հենց նրան: Դրանում մասնավորապես նշված է.

«Այս հոդվածը պատասխանն է վերջերս «Հետք online» կայքէջում (18.02.2011թ.) տպագրված «Ինչու սփյուռքահայ Կապրիելյանը Հայաստան չի վերադառնում» հոդվածի: Սա ոմանց կողմից կամ դեսից-դենից հավաքած տեղեկություններ չի պարունակում, այլ մեր խոսքը փաստերով ներկայացնելու միջոց է ծառայում:

Ասեք խնդրեմ, մարդ, որը հանդիսանում է «Արցախբանկի» խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, Ֆրանկ Մյուլլեր շվեյցարական ժամացույցի գործարանի, «Էյ Դաբլյու Այ Գրուպ» ՓԲԸ-ի, «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի, «ՍիրԿապ Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետեր, ինչպե՞ս կարող է չլինել խոշոր ներդրող Հայաստանում: Ի՞նչ է, այդ ընկերությունները օդից մանանայի ձեւով հայտնվեցին Հայաստանում ու սկսեցին գործել ու ապահովել մինչեւ հազարի հասնող աշխատատեղեր ՀՀ-ում եւ Արցախում` ապահովելով աշխատակիցներին միջինից բարձր աշխատավարձով եւ համապատասխան հարկային վճարումներով:

Այն, որ պետության նկատմամբ հանձն է առել մի շարք պարտավորություններ, անհերքելի փաստ է, ինչպես նաեւ այն, որ մինչեւ այսօր այդ պարտականությունների մի մասը կատարված է, իսկ մնացած մասը ընթացքի մեջ է:

Սկսենք խոսել անհերքելի փաստերով, որոնք հիմնավորված են փաստաթղթերով եւ կատարված արդյունքներով:

«Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ն պարտավորություն է ստանձնել կատարել 3.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում` կառուցելով բնակելի շենք Սեւակի 9 հասցեում: Այժմ ներդրվել է 1.8 մլն ԱՄՆ դոլարի գումար Հրաչ Կապրիելյանի եւ Վարդան Սիրմաքեսի կողմից, շինարարությունն ամբողջ թափով ընթանում է, եւ պատրաստի շենքը շահագործման կհանձնվի 2012 թ. կեսին:

Անցնենք բազմիցս արծարծված, բազմաչարչար ու բազմաթիվ մարդկանց ախորժակ գրգռող, Հայաստանում նախադեպը չունեցող Ձորաղբյուրի մարզաառողջարարական համալիրին: Նախագծի վրա ներդրվել է 4.5 մլն ԱՄՆ դոլար: Շենքն ավարտված է, գոյություն ունի ավարտական ակտ: Ներքին հարդարման աշխատանքները չեն սկսվում, շենքը շահագործման չի հանձնվում, քանի որ ներդրողները շենքի շահագործման կոնցեպցիա դեռ չեն մշակել:

«ՍիրԿապ Արմենիա» ՓԲԸ-ն Արցախում` Վ. Սարգսյան փողոցում, իրականացնում է Բիզնես Կենտրոն նախագիծը, որը հինգ ամսից կհանձնվի շահագործման: Արցախում կառուցվում է նաեւ Գրանտ Հոթել հյուրանոցային համալիրը: Շենքը կանգնած է, պատվիրվել է ներքին դիզայնի նախագիծը: Նախատեսում են շենքը շահագործման հանձնել մեկ տարուց:

Դեռ չենք խոսում Հայաստանում միակը հանդիսացող հայկական արտադրություն ունեցող AWI (Էյ Դաբլյու Այ) ժամացույցների մասին, որն իսկապես հպարտանալու առիթ է:

Իսկ այն, որ հայտնի շվեյցարական Ֆրանկ Մյուլլեր ժամացույցները Հայաստանում ունեն գործարանային արտադրամաս, միայն ու միայն Հրաչ Կապրիելյանի եւ Վարդան Սիրմաքեսի նախաձեռնությունն է: Բոլոր չհավատացողներին հրավիրում ենք այցելության:

Այս ամենը ներկայացրինք, որպեսզի հասարակությունը պատկերացում կազմի, թե Կապրիելյանի գործունեության ոլորտն ինչ դաշտեր է ներառում:

Պատճառաբանել, թե Կապրիելյանը Հայաստանում չէ, եւ այդ պատճառով մեղադրանք չի հարուցվում, ուղղակի անհեթեթություն է: Վերջիվերջո, գոյություն ունի հետախուզում: Կապրիելյանն առանց թաքնվելու ապրում է իր մշտական բնակության վայրում:

Հրաչ Կապրիելյանը մեղադրվում է Նունե Սահակյանի եւ Ստեփան Ախոյանի հետ խաբեությամբ պայմանագիր կնքելու եւ «Շինտրաստ» ՓԲ ընկերության առուվաճառքի պայմանագրում նշված գումարը չվճարելու, ավելի ճիշտ` կես մասը չվճարելու մեջ:

Մեղադրանքը լիովին անհիմն է, քանի որ գույքը ձեռք է բերվել ոչ թե Հրաչ Կապրիելյանի, այլ «Իտարկո Քոնսթրաքշն» ՓԲԸ-ի կողմից, որի տնօրենն այդ ժամանակահատվածում եղել է այժմ պատգամավոր Արագած Ախոյանը, որը Ստեփան Ախոյանի հարազատ եղբայրն է: Ախոյանն ուներ ողջ լիազորությունները գործարքը կատարելու եւ վճարելու համար: Կապրիելյանը ոչ մի կերպ չէր կարող մասնակցել այդ գործարքին դե յուրե, քանի որ միայն 35% բաժնետեր էր:

Այս քրեական գործի կապակցությամբ Կապրիելյանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում մասնավորապես ներկայացվել է մտահոգությունն անհիմն քրեական գործի վերաբերյալ, եւ խնդրել է, որ նախագահն անձամբ վերահսկի այս հարցը:

Հետագայում սիրով կներկայացնենք փաստեր` այս գործի հետ կապված»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter