
«Հենց շորերս փոխում եմ, զոհ եմ տալիս տղաներիս»
«Գիշեր էր լինում, որ տուն չէր գալիս, հիմնականում Ղարաբաղում էր լինում: Արդեն մենակ էինք ամեն տեղ գնում: Երբ գալիս էր, որ տեղ էլ պետք է գնայինք, ինքը համազգեստը չէր հանում: Ասում էինք. «Քաղաքացիական ինչ-որ բան հագիր, գնանք տեղ», չէր հագնում: Ասում էր. «Հենց շորերս փոխում եմ, զոհ եմ տալիս տղաներիս»»,- հիշում է կադրային զինվորական Վլադիմիր Կարապետյանի կինը` Փայլուն Պետրոսյանը:
Վլադիմիր Կարապետյանը Արցախյան պատերազմի ժամանակ եղել է Հատուկ գնդի հրամանատարը: Թեեւ հրամանատարությունը տեւել է 6 ամիս` 1992 թ. հունվարից մինչեւ հունիսի 17-ը, սակայն եւ կինը, եւ ընկերները նշում են, որ այդ ընթացքում թե Վլադիմիրը շատ նվիրվեց Հատուկ գնդին, թե Հատուկ գնդի տղաները` Վլադիմիրին:
Վլադիմիր Կարապետյանը ծնվել է 1956 թ. Սեւանում: Աշխատել է Հոկտեմբերյանի ուղեկալում, այնուհետեւ 6 տարի` Էջմիածնում` որպես ուղեկալի պետ: Սովորել է Մոսկվայի Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիայում: 1989 թ. ընտանիքով` կնոջ եւ երկու աղջիկների հետ, տեղափոխվել է Հայաստան, նորից աշխատանքի անցել ռուսական բանակում` սահմանապահ զորքերում: Իսկ 1992-ին Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Հատուկ գնդի հրամանատար:
Դիպուկահար-հետախույզ Տիգրան Կարապետյանը Վլադիմիրի հետ ծանոթացել է դեռ 90-ականներին, Մոսկվայում: Գնդի հրամանատար նշանակվելուց հետո Վլադիմիրը Տիգրանին, ով արդեն մարտական գործողությունների փորձ ուներ, իր օգնական նշանակեց: Տիգրանը նշում է, որ լինելով կադրային զինվորական` Վլադիմիրը շատ արագ ընդունվեց Հատուկ գնդի ֆիդայիների կողմից եւ ապրեց ամեն մի զինվորի ցավով: Հատուկ գնդի հրամանատարը շատ ծանր տարավ, երբ հոկտեմբերյանցի 3 ազատամարտիկներ զոհվեցին Շահումյանում:
Ադրբեջանցիները անարգել էին ազատամարտիկների աճյունները: «3 հաղթանդամ տղերք, ու էն տղերքը, որոնք կյանքի գնով պահել էին հենակետը: Բերեցինք, եկավ, մեկ-մեկ նայեց, ու աչքերից արցունքը գնում էր»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Վլադիմիրի վրա ծանր ազդեցություն են թողել նաեւ Շահումյանի նահանջը եւ անկումը: Նա չկարողացավ մոտ 20 հազար շահումյանցիներին անպաշտպան թողնել հարձակված ռուսական ՕՄՕՆ-ի ու ադրբեջանցիների դեմ եւ դուրս գալ Շահումյանից:
«Պատկերացնում եք` 20 հազար մարդ դուրս է գալիս` կին, երեխա, ու ինքը ականատես է էդ ամեն ինչին` երեխեքը ոնց են ճչում, լացում: Ու ամենացավալի պահերից մեկն էլ այն էր, որ էդ գիշերը Շահումյանում չգիտեմ ոնց եղավ, թե ինչ-որ մեկը կրակ վառեց, ու էդ ուղղությամբ սկսեցին ծանր հրետանիով գնդակոծումը»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Շահումյանի նահանջը տեւել է ավելի քան մեկ շաբաթ: «Այդքան մարդու հետ 7 օր անտառով նահանջել է: Եթե ինքը կարողանար իրեն փրկել, իրեն չէր փրկրի, կողքինին կփրկեր: Հետո եկան պատմեցին` «արդեն ձայնը կտրված` գոռում էր անընդհատ, հոգնած, քանի գիշեր չէր քնել, կոշիկները նույնիսկ մաշվել էին ոտքին, այդքան քայլել էր էդ անտառներով»»,- ասաց Վլադիմիր Կարապետյանի կինը:
Տիգրան Կարապետյանը պատմեց, որ Շահումյանից դուրս գալուց հետո գնացել են Մատաղիս, այնուհետեւ` Հակոբ Կամարիի ուղղությամբ: «Հակոբ Կամարիում արդեն դրվեց շտաբը: Հետո էլ արդեն ուղղությունները սկսեցինք մշակել, թե որ ստորաբաժանումը որ ուղղությամբ պիտի աշխատի: Շահումյանի բնակիչները արդեն դուրս էին եկել: Հիմա մնում էր արդեն զուտ մեր զինվորական պաշտպանությունը կազմակերպելը»,- պատմեց Տիգրանը: Նրա խոսքերով` Շահումյանի անկումից հետո նույն վտանգը կախված էր նաեւ Մարտակերտի, անգամ Ստեփանակերտի վրա, մանավանդ որ հայերը կորցրին նաեւ Մարտակերտի մի մասը:
Տիգրան Կարապետյանն ասաց, որ վերջին օրը` 1992 թ. հունիսի 17-ին, իրենք գնում էին վերջնական հետախուզման, որ տեսնեն, թե որ վաշտը, որ դասակը որտեղից եւ ինչ ուղղությամբ պիտի աշխատի: Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը պետք է հանդիպեր Ազատագրական բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի հետ. երկու հրամանատարները քննարկելու էին Մարտակերտի շրջանի պաշտպանության հարցը: «Համաձայնություն կար նաեւ Լեոնիդ Ազգալդյանի հետ, որ իրենք ներքեւի հատվածով (Լենինավան) պիտի պահեին, մենք` վերեւի հատվածով (Թալիշ, Մատաղիս) պիտի պահեինք»,- պատմեց Տիգրանը:
Հունիսի 17-ին Հատուկ գնդի վիլիսում էին Վլադիմիր Կարապետյանը, նրա օգնական Տիգրան Կարապետյանը, Մարտակերտի պաշտպանական գումարտակի հրամանատար Վագիֆ Գալստյանը, վերջինի օգնականը, ինչպես նաեւ վարորդը: Մեքենան կանգնում է հակատանկային ականի վրա եւ պայթում: Ողջ են մնում միայն վարորդը եւ Տիգրան Կարապետյանը, ով մեքենայից 30 մ հեռու է շպրտվել, 18 կոտրվածք ստացել ու 11 ժամ վիրահատության ենթարկվել: Վլադիմիր Կարապետյանի հետ չկայացած հանդիպումից 4 օր հետո` հունիսի 21-ին, զոհվեց նաեւ Լեոնիդ Ազգալդյանը: 1992 թ. հունիսին Շահումյանի ու Մարտակերտի մի մասի անկումը համընկավ այդ տարածքներում պայքարող հերոս հրամանատարների զոհվելու հետ, որոնք չէին կարողանա հաշտվել հայրենի տարածքների կորստի հետ:
«Լրիվ տարված էր այն կյանքով, Ղարաբաղի բնությամբ հիացած էր: Ասում է. «Մի անգամ ռումբեր են պայթում, վազում ենք, որ մի տեղ գտնենք, մտնենք, մեկ էլ դուրս եկա, սարի լանջին` ձնծաղիկներ: Այդ պահին ոնց որ մոռանաս, որ գլխիդ վրա ռումբ է պայթում, էդ ինչ գեղեցկություն էր»: Ամեն ինչ հասցնում էր նկատել: Շահումյանցիներին շատ-շատ էր սիրում: Այդ 5-6 ամսում ինքը այնքան սեր, հարգանք գտավ իր գնդի տղաներից, որ զարմացել էի, որ այդքան ուժեղ տղաները մի մարդու նման լաց էին լինում թաղմանը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանի կինը:
Շահումյանից տուն գալիս Վլադիմիրը շատ բան չէր պատմում կնոջը, որպեսզի անհանգստություն չպատճառի: Նույնիսկ վարորդին էր արգելել շատ բաներ պատմել եւ կնոջն առաջարկում էր ամառը երեխաների հետ Արցախում անցկացնել, որ համոզվի, որ ամեն ինչ խաղաղ է: «Վլադիմիրը մի անգամ մի դեպքի մասին պատմեց: Իրենք Շահումյանի գյուղերում էին մնում: Անցնում էին գյուղով, մի պառավ կին տեսնում է, ընկույզ է առաջարկում: Վլադիմիրը ասում է. «Չէ, տատի ջան, ատամներս ցավում են, չեմ կարող կոտրել»: Խաբում է, որ չվերցնի, որ եթե սոված լինեն, այդ մարդիկ ուտեն: Հետ գալիս մեկ էլ տեսնում է` էդ պառավ կինը կոտրել է, ասում է` կեր, արդեն կոտրել եմ: Ասում է` էլ չկարողացա չվերցնել»,- պատմեց Փայլուն Պետրոսյանը:
Վլադիմիր Կարապետյանը հուղարկավորված է Սեւանում, որտեղ ապրում են նրա ծնողները` 82-ամյա մայրը եւ 86-ամյա հայրը: Հատուկ գնդի վետերանների միության նախաձեռնությամբ դպրոցը, որտեղ սովորել է Վլադիմիրը, այժմ նրա անունն է կրում: Դպրոցում նաեւ Վլադիմիր Կարապետյանի անվան թանգարան է բացվել: Այդ դպոցում Վլադիմիրի մայրը 57 տարի դասվար է աշխատել:
Սեւանի հրապարակը եւս կրում է Վլադիմիր Կարապետյանի անունը: 2008 թ. հրապարակում Սեւանի շարքային բնակիչների հավաքած գումարով, ինչպես նաեւ Հատուկ գնդի վետերանների միության օգնությամբ տեղադրվեց հրամանատարի կիսանդրին:
Հատուկ գնդի հրամանատարը պարգեւատրվել է ՀՀ, ինչպես նաեւ ԼՂՀ Երկրորդ աստիճանի մարտական խաչով: «Վլադիմիր Կարապետյանը առաջին բարձրաստիճան սպաներից մեկն է, ով զոհվել է մարտական գործողությունների ժամանակ»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
2-րդ և 3-րդ լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել