HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Զոհված ազատամարտիկի հայրը չհամաձայնեց, որ գյուղը որդու անունով կոչվի

Փետրվարի 20-ին Արագածոտնի մարզի Ուջան եւ Սասնաշեն գյուղերում նշվեց ազատամարտիկ Հենրիկ Հովհաննիսյանի ծննդյան 57-ամյակը: Հենրիկի մարտական ընկերները, համագյուղացիները, ընտանիքի անդամները ծաղիկներ դրեցին Ուջանում նրա հիշատակին կանգնեցված հուշարձանին: Ուջանում իրար կողքի 4 հուշարձան կա` կանգնեցված Արցախյան պատերազմին մասնակցած ուջանցի զոհված ազատամարտիկներ Հարություն Հարությունյանի (Բժիշկ Հարութ), Հենրիկ Հովհաննիսյանի ու Նորայր Հարությունյանի, ինչպես նաեւ Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հենրիկի կինը` տիկին Սվետան, հիշում է, թե ինչպես ամուսինը որոշեց մասնակցել ազատագրական պատերազմին. «88 թվի փետրվարի 20-ին նստած էինք հարսանիքի, հարսանիքի տեղը լսեց, որ հանրահավաք է Արցախյան հարցի շուրջ, լավ եմ հիշում այդ օրը: Ես նստած էի, իսկ ինքը հարսանիքի ժամանակ թողեց գնաց հանրահավաքի: Ու էդտեղից սկսվեց իր շարժումը: Անընդհատ կռիվների մեջ, տանը չէր ուզում մնար: Երբ ասում էինք` մնա, ասում էր` չէ, հանգիստ կյանքով ապրում եք, չգիտեք` էնտեղ ինչ է կատարվում»:

Հենրիկ Հովհաննիսյանը մասնակցել է Մեղրիի, Գորիսի, Երասխավանի, Նոյեմբերյանի սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական կռիվներին, Շուշիի ազատագրմանը: «Տեսաերիզները երբ ցույց են տալիս Շուշիի ազատագրումը, առաջինը, որ ԲՄՊ-ի վրա նստած ձեռքով անելով գնում է, ինքն է: Ես իրեն հիշում եմ, 6 տարեկան էի: Հիշում եմ` որ նստեցնում էր իր գրկին, բեղերի հետ խաղում էի»,- ասաց Տարոնը: Հենրիկ Հովհաննիսյանը նրա հորեղբայրն է:

1992 թ. դեկտեմբերին ազատամարտիկը զինվորագրվել է նոր ձեւավորված ՀՀ առաջին պետական բանակին: Եղել է վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի առաջին տեղակալ: Հենրիկը մասնակցել է Մարտակերտի շրջանի Սարսանգի ջրամբարի, Կուսապատ, Մեծ շեն եւ այլ գյուղերի, Ֆիզուլիի, Հորադիզի ազատագրմանը:

«Սարսանգի ջրամբարի մասին պատմում էր, որ ընկել են ահավոր շրջապատման մեջ: Ինքը մութ գիշերով շրջապատումից հանել է զինվորներին: Բայց ոչ մի անգամ Սարսանգի ջրամբարի շրջապատման մասին չեն էլ պատմում, ոչ մի անգամ»,- ասաց տիկին Սվետան: Նա ապրում է Ուջանում իր միջնեկ որդու, նրա ընտանիքի եւ փոքր որդու հետ: Ասաց, որ աշխատանք լինելու դեպքում հաճույքով կաշխատեր:

Տիկին Սվետան նշեց, որ 3 որդիներից կրտսերը` Դավիթը, ընդամենը 3,5 տարեկան էր, երբ հայրը զոհվեց. «Փոքր տղաս (էստեղ չի Դավիթը` բանակում է, բայց հոր կապակցությամբ Սասնաշեն է եկել) 3 տարեկան էր, կռվի ժամանակ Հենրիկը մոռացել էր դեմքը, ասում էր. «Ինչ անում եմ, չեմ կարողանում էդ երեխու դեմքը բերեմ հիշողությանս մեջ»: Վերջը, էդ վերջին կռվին իր նկարը դրեց անձնագրի մեջ, հետը տարավ»:

Ուջանցի ազատամարտիկ Գրիգոր Ազատյանը մինչ Շուշիի, Լաչինի, Քարվաճառի ազատագրման մարտերին մասնակցելը, Հենրիկի հետ մասնակցել է Նոյեմբերյանի, Իջեւանի, Դիլիջանի, Գորիսի, Մեղրիի շրջանների ինքնապաշտպանությանը: Նա նշեց, որ դեռ հանրահավաքների ժամանակ Ուջանից մոտ 60-70 հոգի է հերթափոխով մասնակցել Հայաստանի սահմանամերձ վայրերի ինքնապաշտպանությանը:

«Այսօր որ ասում են` սրան տվին հերոսի կոչում, բայց դա մի հատ «ջիպավոր» է կամ եսիմ ով է, դրան չարժի տալ: Իսկ Հենրիկի նման մարդկանց կարելի է հերոսացնել եւ մեր փոքր երեխեքին դաստիարակել Հենրիկի ոգով: Մինչեւ Արեւմտյան Հայաստան նպատակն էր տեսնել»,- ասաց Գրիգոր Ազատյանը:

Նա հավելեց, որ Ցեղասպանության կամ ազատագրված հայկական տարածքների հարցում թշնամուն որեւէ զիջում անելը անընդունելի է համարում: «Եթե մեկը կա, որ հող պիտի տա կամ Ցեղասպանություն ուրանա, նա էս ազգի դավաճան է, համար առաջին դավաճանն է: Եթե թուրքին մենք համարում ենք թշնամի, ուրեմն էդ մարդը, էդ հայը, որը կտա էդ տարածքը, ինչ-որ մի բան կանի, թշնամիների թշնամին է, թուրքից առավել է ինձ համար»,- ասաց Գրիգոր Ազատյանը:

Հենրիկ Հովհաննիսյանը զոհվել է 1994 թ. հունվարի 3-ին Մարտակերտի տարածքում` Հակոբ կամարի բարձունքի ստորոտում մարտը ղեկավարելիս:

Նրա ավագ տղան` Արթուր Հովհաննիսյանը, ով 2000 թ.-ից զինվորական է, ասաց, որ եւ ուջանցիները, եւ սասնաշենցիները, ցանկացել են, որ ազատամարտիկը հենց իրենց գյուղում հուղարկավորվի:

«Սկզբից ասեցին` բերենք պապայի դին Ուջանում դնենք, հետո ասեցին` չէ, տանենք Սասնաշեն` ծննդավայրը, մի օր մնա էնտեղ: Պապայի ծննդավայրը Սասնաշենն է: Տարանք էնտեղ, ճանապահը փակեցին գյուղացիները, չթողեցին, ասեցին, որ մեր գյուղի ծնունդն է, մեզ մոտ էլ պիտի հուղարկավորությունը կատարվի: Երեք օր երկու գյուղ իրար հետ բանավիճում էին, թե որտեղ պիտի թաղումը անեն: Պապիի առաջ խնդիր էին դրել սասնաշենցիները` «որ հանկարծ Հենդոյի դին էստեղից տարան, ազգդ կհավաքես, էս գյուղից կգնաս»: Դրա համար ուջանցիները, արդեն այդ պայմանը իմանալով, հետ կանգնեցին: Ու հուղարկավորությունն էլ Սասնաշենում եղավ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Փետրվարի 20-ին ազատամարտիկի հարազատները, մարտական ընկերներն ու համագյուղացիները ծաղիկներ դրեցին նաեւ Սասնաշենում նրա հուշարձանի մոտ: Ազատամարտիկի հայրն ու եղբայրը այժմ էլ Սասնաշենում են ապրում: Տարոնը կարծում է, որ հորեղբոր իսկական վեհությունը Սասնաշենի հուշարձանում է երեւում: Սասնաշենում եւս իրար կողքի մի քանի հուշարձան կա. Հենրիկի հուշարձանի կողքին կանգնեցված են Ցեղասպանության զոհերի, Հայրենական պատերազմում զոհված սասնաշենցիների եւ սասնաշենցի ազատամարտիկ Ստեփան Մելքոնյանի հուշարձանները: Ստեփանը տեղափոխվել էր Քարվաճառ եւ մահացել է պատերազմից հետո` 2002 թ.:

Հուշարձանի տեղում նախկինում Հովհաննիսյանների տունն է եղել: «Ես Սասնաշենում եմ ծնվել: Ու հենց սա հորս տան տեղն է: Էստեղ մեր հին տունը քանդեցին, հուշարձանի համար տեղ արին, ինձ տարածք տվեցին գյուղի էն կողմը»,- ասաց Հենրիկի հայրը` 81-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա նույնպես մասնակցել է Արցախյան պատերազմին, սակայն Հենրիկից առանձին, եւ հայր ու տղա իրար չեն հանդիպել ռազմադաշտում: Իսկ մյուս որդին` Նվերը, պատերազմի ժամանակ կազմակերպել է գյուղից սննդամթերքի տեղափոխումը Արցախ: «Ես սկզբից չեմ գնացել ռազմաճակատ, որ սկսվավ, Հենդոյի նման միշտ չեմ եղել, գնացել-եկել եմ: Հենդոն որ գնում էր, երեխաները փոքր էին, ասում էի. «Հենդո, դու մի գնա, ես գնամ. ես արդեն թոռ ունեմ»: «Չէ,- ասում էր,- դու մի գնա, ես գնամ, դու երեխեքին կպահես»: Դաշնակցության ջոկատում եմ եղել ես: Ես առաջին անգամ գնացել եմ ֆրոնտ, որսորդական հրացաններ էին, էն էլ ոչ բոլորը ունեին: Ու 89 թվի նոյեմբերին գիշերով գնացել ենք Նախիջեւանի սահմանի վրա` Վայքի ռայոնը»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Նա համոզված է, որ եթե Ադրբեջանը կարողանա օկուպացնել Արցախը, ապա հաջորդը արդեն կգրավի Գորիսն ու Հայաստանի մյուս շրջանները: Չնայած մեծ տարիքին` նա անգամ անդամագրվել է Մահապարտների ջոկատին: «Մտա, ընդունվա, մի հատ երեւանցի Կարո կար, ինքն էլ էնտեղ էր: Էդ ժամանակ որ գնացի արդեն մահապարտ գրվա, չէին ընդունում: Կարոն ասեց. «Այ մարդ, 2 հատ ջահել արժի»: Վերջը ընդունեցին: Հետո Հենդոն եկել էր, իմացել, որ ես էստեղ եմ գրվել, էդ Կարոյին էլ համոզել էր, ինձ միջից հանել էին, որ «ես էլ գնամ, պապան էլ գնա` մեր երեխեքին ո՞վ կպահի»»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Հենրիկի զոհվելուց հետո սասնաշենցիները ցանկացել են գյուղը Հենրիկավան վերանվանել, սակայն հայրը չի համաձայնել: «Էստեղ եղավ էդպիսի խոսք, բայց ոչ մեկը համաձայնություն չտվեցին, ես չհամաձայնվեցի: Հենդոն իմ տղան էր, բայց Սասունը մեր բոլորիս հայրենիքն է, մենք սասունցի ենք: Սասնաշեն նշանակում է, որ Սասուն կա, պիտի գնանք Սասուն: Դրա համար չհամաձայնվեցի: Ինչքան խելք մարդ կար, չհամաձայնվեց: Իսկ ով չէր հասկանում էդ խորությունը, համաձայնվեց: Բայց ես ու Հենդոյի փոքր եղբայրը չհամաձայնվեցինք»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Փոխարենը գյուղի դպրոցն է 1994 թ.-ից կրում Հենրիկ Հովհաննիսյանի անունը: Տարոնը, ով այժմ ասպիրանտ է, դպրոց է ընդունվել հենց հորեղբոր զոհվելու տարուն: «Հորեղբորս դպրոցը ռեգիոնի ամենալավ դպրոցն է: Թանգարան, ամեն ինչ կա դպրոցի ներսում` իր նկարով, գործերով: Շրջանում ամենաշատ դիմորդներ մեր գյուղն է տալիս: Լավ, զարգացած գյուղ է: Game zone նույնիսկ ունի երեխեքի համար: Մշակութային բոլոր միջոցառումներին մասնակցում են. էնպես չի, որ հեռու է քաղաքից, ուրեմն բան չկա»,- ասաց Տարոնը:

Փետրվարի 20-ին դպրոցում Հենրիկ Հովհաննիսյանին ԵԿՄ վարչության նախագահի հրամանով հետմահու հանձնվեցին պատվոգիր ու հուշամեդալ:

Պատվոգրով պարգեւատրվեց նաեւ Հենրիկի հայրը` Հովհաննես Հովհաննիսյանը:

Այնուհետեւ դպրոցի աշակերտները ազատամարտիկին նվիրված ցերեկույթ ներկայացրին:

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter