HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաթողիկոսը օրհնել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին

Գիտելիքի օրվա նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ  տեղի է ունեցել կրթության ոլորտի ներկայացուցիչների օրհնության արարողություն:

Ավանդույթի վերածված միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ բուհերի ռեկտորներ, դպրոցների, քոլեջների, ուսումնարանների և մանկապարտեզների տնօրեններ, ինչպես նաև հանրակարթական դպրոցների աշակերտներ: Եկեղեցական արարողակարգից հետո, Ամենայն Հայոց Հայրապետը օրհնության խոսք է ուղղել ներկաներին և նշել. «Մեծ և պատվական է ձեր կոչումն ու ծառայությունը, ձեզ է վստահված նոր սերնդի կրթությունը, ձեր ձեռքերում է մեր ժողովրդի գալիքը, որը բոլորս ուզում եք տեսնել լուսավոր ու պայծառ։ Դուք գիտելքներով հարստացնում եք մեր զավակներին, կրթում նաև նրանց հոգին ազգային արժեքներով, բարոյական սկզբունքներով` ազնվությամբ, արդարությամբ, մարդասիրությամբ, հայրենասիրությամբ և ամենայն առաքինությամբ, առանց որոնց չի կարող կանգուն մնալ ոչ մի հասարակություն, ոչ մի պետություն»:

Լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ Նորին Սրբությունը գոհունակությամբ նշել է, որ ձևավորվել է գեղեցիկ ավանդույթ: «Ուսումնական տարին սկսելուց առաջ կրթության և գիտության նախարարը կրթական ոլորտի մշակներին առաջնորդում է Սուրբ Էջմիածին՝ բարձրացնելու իրենց աղոթքն առ աստված»,- ասել է հայրապետը և հավելել. «Մենք հավատում ենք, որ այս օրհնության արարողությունը պիտի շնորհներ իջեցնի մեր կրթական մշակների վրա: Եվ նրանք ի գործ կդնեն ամենայն ջանք, որպեսզի կրթեն զավակներ, ովքեր կլինեն արժանի քաղաքացիները մեր հայրենիքի»:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով եկեղեցու դերակատարումը կրթության համակարգում և ընդհանրապես հանրային կյանքում, նշել է. «Դարեր շարունակ, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, հայ երեխայի կրթության խնդիրը լուծում էր Հայաստանյաց Առաքելական եկեղեցին: Անկախ պետության աշխարհիկ կրթական համակարգում ևս եկեղեցու դերը շատ կարևոր է, քանի որ կրթության գլխավոր առաքելությունը գիտելիք հաղորդելուն զուգահեռ արժեհամակարգ ձևավորելն է: Այստեղ հայոց եկեղեցին  ո՛չ մրցակից ունի, ո՛չ  էլ այլընտրանք»:

ԿԳՆ-ի և Մայր Աթոռի համատեղ կրթական  ծրագրերից նախարարը կարևորել է հատկապես միջին և ավագ դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը: Նախարարը նշել է, որ այս առարկայի  ուսուցիչների վերապատրաստումը կատարվում է եկեղեցու աջակցությամբ : 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter