HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոյեմբերյան 1» պոմպակայանը ջրով կապահովի 2400 ջրօգտագործողի 1900 հա հողատարածք

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հաղթանակ համայնքում նա ներկա է եղել «Նոյեմբերյան 1» պոմպակայանի բացման արարողությանը, ծանոթացել կատարված աշխատանքներին:

Պոմպակայանը ոռոգման ջրով կապահովի Տավուշի մարզի մի շարք համայնքների 2400 ջրօգտագործողին պատկանող 1900 հա հողատարածք: Այն վերակառուցվել է ԱՄՆ կառավարության Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ֆինանսավորմամբ՝ Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ -Հայաստան ծրագրի շրջանակում:

Պոմպակայանի աշխատանքները ներառել են նաև ջրաթափային պատվարի վերակառուցումը: Պատվարի և պոմպակայանի վերականգնումից հետո, առաջիկա տարիներին ակնկալվում է ոռոգում ապահովել շուրջ 5000 ջրօգտագործողի 3850 հա հողատարածքներում:

Մարզի մեկ այլ՝ Ոսկեվան համայնքում Սերժ Սարգսյանը ներկա է եղել Ոսկեվան, Ոսկեպար, Բաղանիս և Կոթի համայնքների ոռոգման համակարգի խորհրդանշական գործարկմանը (2011թ. հունիսի 15-ից համակարգում իրականացվել են փորձարկման աշխատանքներ, և ներկայում այն լիարժեք գործում է):

Հանրապետության ղեկավարին ներկայացվել են ջրամատակարարման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Հիշյալ համայնքների 2613 հա հողերը ժամանակին ոռոգվել են Ջողազի ջրամբարից՝ Կոթիի (Շավարշավան) և Ոսկեպարի պոմպակայանների միջոցով: 1991թ.-ից այդ պոմպակայնները չեն գործել և աստիճանաբար շարքից դուրս են եկել, ինչի հետևանքով տարիներով չոռոգված հողերը վերածվել են խոտհարքի:

Խնդիր էր առաջացել վերականգնել հողերի ոռոգումը՝արդեն ինքնահոս եղանակով, որը իրականություն դարձավ ՀՀ կառավարության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վարկային ծրագրի շրջանակում: Կառույցի շինարարության արդյունքում վերականգնվել է 1100 հա հողերի ոռոգման հնարավորությունը:

Այցի ընթացքում նախագահին ներկայացվել են նաև 2011-2012 թթ. Տավուշի մարզի համայնքներում նախատեսվող գազաֆիկացման ծրագրերը, որոնց համաձայն՝ ընթացիկ տարում արդեն մեկնարկել են Ոսկեպար, Բաղանիս, Կոթի և Ոսկեվան, իսկ 2012թ. կսկսվեն Բարեկամավան և Ջուջևան համայնքների գազաֆիկացման աշխատանքները:

Ծրագրի իրականացումը նպատակ ունի բարելավել մարզի սոցիալ-կենցաղային պայմանները, ինչպես նաև լուծել բնապահպանական խնդիրներ՝ նկատի առնելով, որ համայնքների բնակիչները ջեռուցման նպատակով օգտագործում են հարակից անտառային ծածկույթը:

Տավուշի մարզում 2007թ.-ից մինչ այսօր գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվել Աչաջուր, Արծվաբերդ, Վերին Կարմիր աղբյուր և Չինարի համայնքներում:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Տավուշի մարզ կատարած այցի ավարտին Սերժ Սարգսյանը հանդիպել է Ոսկեվանի և հարևան գյուղերի բնակիչների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter