Պետության վերադարձը
Արմեն Գրիգորյան
Դեռևս 1997թ.-ին «Էկոնոմիստ» պարբերականը հրապարակեց մի զեկույց, որում կանխատեսվում էր պետության վախճանը[1]: Արևմուտքում ընթացող մի շարք գործընթացներ թույլ տվեցին սխալ կանխատեսումներ կատարել պետության և նրա դերի մասին: Դեռևս 1980-ականներին Մարգարետ Թետչերը և Ռոնալդ Ռեյգանը սկսել էին կառավարության փոքրացման նպատակով մի շարք գործառույթներ լիազորել մասնավոր սեկտորին, որպեսզի վերջիններս կատարեն այդ պարտավորությունները: Բազմաթիվ ընկերություններ սեփականաշնորհվեցին[2]:
Կառավարության փոքրացման և մասնավորեցման գլխավոր փաստարկը հենված էր այն գաղափարի վրա, որ մասնավոր սեկտորը գրեթե ցանկացած գործառույթ ավելի լավ է կատարում, քան իշխանությունը, որն էլ իր հերթին հիմնված էր այն հիպոթեզի վրա, որ մասնավոր շուկաները միշտ ավելի լավ ներդրումային որոշումներ են կայացնում ու առավել արդյունավետ են գործառույթներ կատարում, քան հանրային սեկտորի պլանավորողները, այսինքն` կառավարությունը[3]: Այս գործընթացը շարունակվեց Բիլ Քլինթոնի և Թոնի Բլեյրի օրոք: Նրանք իրենց կառավարման շրջանը հայտարարել էին «մեծ կառավարության վերջին ծեսերի ժամանակաշրջան»[4]:
Այս և մի շարք այլ գործընթացների ու գաղափարների վրա հիմնվելով` ներկայիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր աշխատություններից մեկում կանխատեսեց պետության վախճանը: Աշխատության, որը վերնագրված էր «Պետության վախճանը», հիմնական նպատակն էր ապագայի Հայաստանի նոր տեսլական առաջարկելը:
Հեղինակը փորձում է մարդկային էության փոփոխություն տեսնել և դրա հիման վրա կառուցել հոդվածի տրամաբանությունը: Նախ հղում կատարելով Տ. Սակաիյաին` հեղինակը վկայում է, որ հետինդուստրիալ հասարակությունում արդեն առկա են նյութական բարիքների տիրանալու երբեմնի անհագուրդ ձգտման հետզհետե մարումը:
Սակայն Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի, Berkshire Hathaway ներդրումային ընկերության տնօրեն Ուորեն Բաֆեթի, Facebook-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Զուկերբերգի, ինչպես նաև նմանատիպ գործարարների փորձը և սպառման վրա հիմնված արևմտյան տնտեսությունների մոդելները նման միտումների որևէ նշույլ կարծես թե ցույց չեն տալիս:
Այնուհետև հեղինակը պնդում է, որ «հետինդուստրիալ հասարակության ձևավորման ավարտին բյուրոկրատական պետությունն իր հիմնական դրսևորումներով կվերանա»: Նա այս պնդումները կատարում է` ելնելով երեք հիմնական գործընթացներից: Առաջինը այն է, որ պետությունն անընդհատ բարդացող աշխարհում կորցնում է որոշումներ կայացնելու իր ունակությունը, քանի որ մարդը ակտիվ գործունեություն է ծավալում ավելի շատ ոլորտներում: Հաջորդը գլոբալիզացիան է, իսկ երրորդ գործոնը հիմնականում վերաբերում է միջազգային հարաբերություններում տեղի ունեցող միտումներին:
Այս երեք գործոնների հետճգնաժամային դիտարկումները լիովին այլ պատկեր են ցույց տալիս: Կառլ Մարքսը կարծես թե ճիշտ էր գուշակել, որ գլոբալիզացիան, ֆինանսական միջնորդությունները և եկամուտների վերաբաշխումը կարող է հանգեցնել կապիտալիզմի` ազատ շուկաների, ինքնաոչնչացման:
2008 թ. համաշխարհային ճգնաժամը, որը սկսվել էր «Ուոլ Սթրիթի անկումով»[5], մարտահրավեր նետեց ոչ միայն վերը նշված գաղափարներին, այլ նաև մերօրյա գերիշխող համաշխարհային տնտեսական ինստիտուտներին ու գաղափարախոսություններին: Washington Post պարբերականը 2008 թ. հոկտեմբերին հանդես եկավ հարցադրումով, թե արդյո՞ք Ամերիկյան կապիտալիզմը վախճանվեց: Ավելի ուշ Newsweek-ը իր հոդվածներից մեկը վերնագրեց «Այժմ մենք բոլորս սոցիալիստ ենք»[6]: Իսկ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարեց, որ ճգնաժամի հիմնական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն վերադարձրեց պետությունը ու վերջ դրեց հասարակության անզորությանը[7]:
Ազատ շուկանների կամ մասնավոր սեկտորի արդյունավետության հիպոթեզը չկարողացավ արդարացնել սպասումները: Մասնավոր շուկայի արդյունավետության գաղափարին մարտահրավեր նետվեց: Այդ քաղաքականությունը հիմնականում ձախողվեց 21-րդ դարում: Մի շարք աղմկահարույց սեփականաշնորհումներ, ներառյալ Air New Zealand-ի և Railtrack-ի դեպքերը Մեծ Բրիտանիայում, հակառակ արդյունքը տվեցին: Այսինքն` չկարողացան ավելի արդյունավետ սպասարկել հասարակությանը և լուծել առկա խնդիրները:
Այնուհետև համաշխարհային ճգնաժամի ընթացքում այնպիսի մասնավոր հսկաններ, ինչպիսիք են General Motors-ը և American International Group-ը, փնտրում էին պետական սեփականության պաշտպանությունը[8]: Ճգնաժամից հետո պետությունները ստիպված էին ավելի շատ ուղղակի կամ անուղղակի ձևով ղեկավարել խոշոր ընկերություններ: 2009 թ. Forbes Global 2000-ի ցուցակում առաջատար 25 ընկերություններից 4-ը պետական սեփականություն էին[9]:
Հեղինակի պնդումներին հակառակ գլոբալիզացիան մի շարք ոլորտներում բարձրացրել է մարդկանց կախվածությունը պետությունից` աշխատանքի կորստի վտանգը ստիպել է միջին խավին ավելի շատ պահանջել սոցիալական անվտանգության երաշխիքներ, իսկ մեծ շուկաների ստեղծած անհավասարության պատճառով ընտրողները ավելի շատ վերաբաշխումներ են պահանջում: Կամ ահաբեկչության վտանգը, որը ստիպել է պետություններին ավելի շատ ռեսուրսներ ուղղորդել դեպի անվտանգության ոլորտ: Իսկ Հարվարդի պրոֆեսոր Ստեֆան Ուոլտը շատ ճիշտ է նկատել, որ «սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ ոչ մեկ Բիլ Գեյթսին կամ Բաց Հասարակության Ինստիտուտ չի զանգել»[10]: Նաև գլոբալ տաքացման վտանգն ակնհայտ օրինակ է, թե ինչպես կառավարության միջամտությունը անհրաժեշտ է աշխարհը գերտաքացումից փրկելու համար[11]:
Ի դեպ, ճգնաժամը ցույց տվեց, որ իրավասու պետական տեխնոկրատները մի շարք երկրներում արդյունավետ ձևով կարողացել են պետությունը ներգրավել տնտեսության կառավարման և զարգացման գործընթացներում: Օրինակ, Բրազիլիան օգտագործեց պետության կողմից հովանավորվող զարգացման բանկերը` արագ ուղղորդելու վարկային միջոցները տնտեսության անհրաժեշտ սեկտորներ: Չինաստանը կատարեց նույնը` պետական բանկերի միջոցով: Եթե Ռեյգան-Թետչեր վարդապետությունը, ինչպես նաև հոդվածի հեղինակը, այն համոզմունքին են, որ ազատ շուկանները կարող են հանդիսանալ պետության փոխարինողը, ապա ճգնաժամը ցույց տվեց, որ պետության կողմից վատ կարգավորվող կամ ընդհանրապես չկարգավորվող շուկանները կարող են ստեղծել արտակարգ ծախսեր[12]:
Ինչ վերաբերվում է վերազգային, վերպետական ինստիտուտներին դոմինանտ դառնալու փաստարկին, ապա կարելի է նշել միայն այն հանգամանքը, որ Արժույթի միջազգային հիմնադրամը ճգնաժամից հետո ինքնաֆինանսավորման խնդիրների պատճառով սկսել է կրճատել իր աշխատակազմը[13], որը հուշում է այն մասին, որ միջազգային կառույցներն ունակ չեն նույնիսկ ինքնակառավարման առանց պետությունների ակտիվ մասնակցության:
Դեռևս 2008 թ.-ի հոկտեմբերին Խաչիկ Տեր Ղուկասյանը և Արա Խանճյանն իրենց պատասխան հոդվածն էին գրել «Պետության վախճան»-ին, որը վերնագրված էր «Պետության վախճանը» (կամ` ազատ շուկայի ութոփիան): Նրանք հստակ ցույց են տալիս, թե ինչու ազատ շուկանները գործում են հիմնականում կապիտալը իր ձեռքում կուտակած դասակարգերի օգտին: Այնուհետև ցույց են տալիս, թե ինչպես է տնտեսության զարգացումը բերում համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետության ծախսերի աճի: Նրանք փաստարկում են, որ բազմաթիվ պարագաններում ու բնագավառներում պետությունը պետք է միջամտի շուկայի գործունեությանը, քանի որ այդ դեպքերում շուկան ձախողում է անհրաժեշտ քանակությամբ ապրանքներ ու ծառայություններ արտադրել:
Ընդհանրապես պետությունը մեծ ազդեցություն ունի մարդկան կյանքի վրա: Մարդկանց բարեկեցությունը ավելի շատ կախված է պետությունից, որտեղ նրանք ապրում են, քան այդ տարածքում առկա բնական պաշարներից, մշակույթից կամ էլ կրոնից[14]: Այն հարցումները, որոնք չափում են մարդկանց երջանկությունը, հաշվի են առնում ոչ միայն իշխանության որակը, այլ նաև կրթությունը, եկամուտները և առողջությունը, որոնք ևս կախված են կառավարությունից[15]:
Հետճգնաժամային աշխարհում պետությունը նորից հետ է եկել նոր, ավելի շատ պարտավորություններով: Գլոբալիզացիան ստիպել է պետություններին ավելի շատ խնդիրներ լուծելու երաշխիքներ իր վրա վերցնել: Արևմուտքը կորցրել է երբեմնի զարգացման մոդելների կենտրոն հանդիսանալու իր դերը: Մեր օրերում տնտեսական զարգացման հիմնական մոդելներից և ոչ մեկը պետության դերի կրճատման սցենար չեն նախատեսում: Չինաստանում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Սինգապուրում պետությունը ոչ միայն ակտիվորեն մասնակցում է տնտեսության կազմակերպման և ճգնաժամից դուրս բերելու գործընթացին, այլ նաև տնտեսական ռեսուրսների վերաբաշխման աննախադեպ դեր է ստանձնել: Այս գործընթացները ավելի շատ պետությանը նոր որակ ու պարտավորություններ են հաղորդում, քան հուշում վերջինիս վախճանի մասին:
[1] The Economist “The growth of the state: Leviathan stirs again” January 21, 2010 http://www.economist.com/node/15328727?story_id=15328727
[2]The Economist, “A special report on the future of the state: Taming Leviathan”
March 17, 2011 http://www.economist.com/node/18359896
[3] John Quiggin, “Five Zombie Economic Ideas That Refuse to Die” Foreign Policy Magazine, OCTOBER 15, 2010 http://www.foreignpolicy.com/articles/2010/10/15/five_zombie_economic_ideas_that_refuse_to_die?page=full
[4] The Economist “The growth of the state: Leviathan stirs again” January 21, 2010 http://www.economist.com/node/15328727?story_id=15328727
[5] Nathan Gardels, “Stiglitz: The Fall of Wall Street Is to Market Fundamentalism What the Fall of the Berlin Wall Was to Communism,” Huffington Post, September 16, 2008, http://
www.huffingtonpost.com/nathan-gardels/stiglitz-the-fall-of-wall_b_126911.html.
[6] Newsweek, February 16, 2009.
[7] Տես, Նիկոլա Սարկոզիի ելույթը «New World, New Capitalism» միջազգային կոնֆերանսում, Փարիզ, Հունվարի 9, 2009 թ. http://www.colloquenouveaumonde.fr
[8] John Quiggin, “Five Zombie Economic Ideas That Refuse to Die” Foreign Policy Magazine, OCTOBER 15, 2010 http://www.foreignpolicy.com/articles/2010/10/15/five_zombie_economic_ideas_that_refuse_to_die?page=full
[9] The Economist “The growth of the state: Leviathan stirs again” January 21, 2010 http://www.economist.com/node/15328727?story_id=15328727
[10] Տես, The Economist, “A special report on the future of the state: Taming Leviathan”
March 17, 2011 http://www.economist.com/node/18359896
[11] The Economist “The growth of the state: Leviathan stirs again” January 21, 2010 http://www.economist.com/node/15328727?story_id=15328727
[12] Nancy Birdsall and Francis Fukuyama, “The Post-Washington Consensus: Development after the Crisis” 03.03.2011 http://www.cgdev.org/content/publications/detail/1424882/
[13] Nancy Birdsall and Francis Fukuyama, “The Post-Washington Consensus: Development after the Crisis” 03.03.2011 http://www.cgdev.org/content/publications/detail/1424882/
[14] Տես, Geoff Mulgan “Good and Bad Power” Pinguin Books (2006)
[15]The Economist, “A special report on the future of the state: Taming Leviathan”
March 17, 2011 http://www.economist.com/node/18359896
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել