HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտե են դիմել 442 անհայտ կորածի հարազատներ

Երեկ ԼՂՀ Մարտունի քաղաքում Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհայտ կորածների օրվա կապակցությամբ հանդիպում էր կազմակերպել:

Միջոցառմանը, ըստ Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առեքելության ղեկավար Ռոման Պարամոնովի, հրավիրվել են Մարտունու շրջանում և Ստեփանակերտում ապրող 27 անհայտ կորածների ընտանիք:

Ռ.Պարամոնովի խոսքով, միջոցառման նպատակն է ևս մեկ անգամ ընդգծել անհայտ կորածների ընտանիքների ֆինանսական, սոցիալական և ինչու չէ նաև հոգեբանական դժվարությունները:

«Մեզ համար չկան մեղավորներ ու մեղադրողներ, մեզ համար կա միայն հումանիտար խնդիր, որը տեղի կառավարության հետ երկխոսության միջոցով փորձում ենք լուծել: Մինչ այսօր Լեռնային Ղարաբաղի Կարմիր խաչի միջազգային առաքելության գրասենյակ 442 անհայտ կորածների հարազատներ դիմել են օգնության համար, և բոլորը գրանցվել են մեզ մոտ: Ցավոք սրտի, այս չոր թիվը չի կարող արահայտել այն ամբողջ ցավը, որն ունեն անհայտ կորածների հարզատները`չունենալով ոչ մի լուր իրենց սիրելիների ճակատագրի մասին»,- ասում է առաքելության ղեկավարը:

Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության փորձագետների կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ղարաբաղում անհայտ կորածների ընտանիքների մեծամասնությունն ապրում է սոցիալապես անապահով վիճակում:

Իրավիճակն ինչ-որ չափ բարելավելու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախում սկսում է միկրոտնտեսական նախաձեռնության օգնության ծրագիր: Այս տարի այն իրականացվելու է միայն Մարտունու, Հադրութի և Ասկերանի շրջաններում:

«Նպատակը, անհայտ կորածների ընտանիքներին օգնելով, դառնալ ֆինանսապես անկախ: Ծրագիրը իրականացվելու է տարբեր եղանակներով. մի դեպքում կարող է լինել մեր կողմից տրամադրված կովը: Խոսելով տարրական լեզվով` կասեմ, որ մենք այդ մարդկանց տալիս ենք այն կարթը, որով նա կորսա իր ամենօրյա ձուկը»,-ասում է Ռ.Պարամոնովը:

Այս ծրագրին զուգահեռ սեպտեմբերից կսկսվի ևս մեկ նախագիծ, որը ենթադրում է 55 անհայտ կորածների սոցիալապես անապահով ընտանիքներին տարին երեք անգամ նյութական օգնության տրամադրում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի տեսքով:

Մարտունու շրջանի Սոս գյուղից Ռայա Գաբրիելյանի ամուսինը` Գեորգի Գաբրիելյանը 1991 թ.-ին անհայտ կորել է: Կինը պատմում է, որ ամուսինը 28 տարեկան էր, երբ Ամարասի դիրքերից նրան գերի են վերցրել ու մինչ այսօր ոչ մի տեղեկություն չկա:

«Սումգայիթի դեպքերի ժամանակ հազիվ փախել ենք Ղարաբաղ, այստեղ էլ ամուսինս է անհետացել: Ես որբ էի և 17 տարեկանում ամուսնացել եմ: Քանի որ ամուսինս լավ ռուսերեն ու ադրբեջաներեն գիտի, ինձ թվում է` դա նրան օգնում է և հուսով եմ, որ նա մի օր անպայման կվերադառնա»,- արտասուքն աչքին ասում է տիկին Ռայան:

Նա մեծ դժվարությամբ միայնակ երկու զավակ է դաստիարակել: Այսօր աղջիկն իր ընտանիքն ունի: Տիկին Ռայան խոստովանում է, որ խնդիրներ շատ կան, տունը անմխիթար վիճակում է: Աշխատատեղ չկա գյուղում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ծրագրի շրջանակներում նրան կով են խոստացել տրամադրել:

Մարտունու շրջանի Ղավախան գյուղից Անյա Պետրոսյանի 18-ամյա որդի Մերուժանը մոր ծննդյան օրը` 1992թ. օգոստոսի 6-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի դիրքերից անհատ կորել է:

Տիկին Անյան ասում է, որ ամեն տեղ դիմել են, բայց ապարդյուն: Իսկ վերջերս էլ իմացել է, որ դեռ 2002 թ.-ին որդուն գրանցել են որպես զոհված:

«Մինչ այդ ես խնդրել էի ինձ մի մահվան վկայական տալ, քանի որ այնքան էլ հույս չունեմ, որ որդուս մի օր կտեսնեմ: Հիմա իմնանում եմ, որ զոհվածի կարգավիճակ են տվել, ու մինչ այսօր ինձ ոչ մի օգնություն չեն տվել: Պատրաստվում եմ գնալ Ստեփանակերտի զինկոմիսարիատում ամեն ինչ պարզել»,-ասում է տիկին Անյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter