
Զ.Փոստանջյանի հաշվետվությունը ապրիլի 11-15-ը ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքների մասին
11 ապրիլի - ԵԽԽՎ գիտության, կրթության և մշակույթի լրատվամիջոցների ենթահանձնաժողովում ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է «Խոսքի ազատությունը էլեկտրոնային լրատվամիջոցներում» զեկույցի նախագիծ: 2011 թ. մայիս ամսին տեղի կունենա «Խոսքի ազատությունը էլեկտրոնային լրատվամիջոցներում» զեկույցի նախնական քննարկումը:
11 ապրիլի - Հարց ԵԽ գլխավոր քարտուղար Թ. Յագլանդին. http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/Records/2011/E/1104111500E.htm
Տիկին Փոստանջյան - Պարոն Յագլանդ, Հայաստանում բնակվող ժողովուրդը շուրջ 20 տարի լսում է, որ իշխանությունները իրականացնում են բարեփոխումներ, որոնց աջակցում են միջազգային կազմակերպությունները, այդ թվում նաև` Եվրոպայի խորհուրդը: Սակայն մեր ժողովուրդը այդպես էլ չզգաց բարեփոխումների մուտքը իր կյանք: Հատկապես 2008 թ. ընտրություններից և դրանց հաջորդած ողբերգական դեպքերից հետո մեր հասարակության մեջ սկսում է արմատանալ այն գաղափարը, որ բարեփոխումներով այլևս հնարավոր չէ հասնել փոփոխությունների, և միայն հեղափոխական ճանապարհով է հնարավոր ինչ-որ բան փոխել: Դուք բացառո՞ւմ եք իրական և խորքային բարեփոխումներ չիրականացնող ռեժիմների տապալումը ժողովրդավարական ուժերի ընդվզման միջոցով:
Պարոն Յագլանդ - Ես եղել եմ Հայաստանում վերջերս, և այնտեղ ղեկավարության հետ քննարկել եմ բարեփոխումների անհրաժեշտությունը: Ես ասել եմ, որ բարեփոխումների համար խորագիրը պետք է լինի, որ մենք կարող ենք իրականացնել իրավունքի գերակայությունը բոլոր անդամ պետությունների համար այս տասը տարվա ընթացքում: Ահա թե ինչու մենք պետք է ուժեղացնենք մեր աջակցության ծրագրերը: Մենք, հետևաբար, ուժեղացնում ենք Եվրոպայի խորհրդի ներկայությունը անդամ երկրներում, օրինակ` Երևանում` շարժվելով բարեփոխումների ուղղությամբ` հիմնված մարդու իրավունքների և ժողովրդավարության վրա:
12 ապրիլի - Հարց Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուին. http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/Records/2011/E/1104121500E.htm
Տիկին Փոստանջյան - Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան օկուպացրել է Արևմտյան Հայաստանը, Հյուսիսային Կիպրոսը և այլ տարածքներ` թողնելով բնիկ ժողովուրդներին` առանց հայրենիքի, և թուրքական օկուպացիան հանգեցրել է միակ Մեծ հայրենազրկման, որի ժառանգներից մեկն էլ ես եմ: Օսմանյան կայսրությունը նաև Ցեղասպանության է ենթարկել հայ, հույն և այլ ժողովուրդների: Այսօր մարդկության և քաղաքակրթության դեմ գործած հանցագործությունները քողարկելու և շարունակականությունն ապահովելու համար Ձեր կառավարությունը նաև օգտագործում է քրեական օրենսգրքի 301 հոդվածը: Թուրքիան ե՞րբ է ճշմարտորեն պատրաստվում առերեսվելու պատմական իրականության հետ, որի առաջին քայլերից մեկը կլինի հայերի Ցեղասպանության ճանաչումը և 301 հոդվածի վերացումը:
Պարոն Դավութօղլու - Նորից ես ստիպված եմ պատասխանել որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարար, բայց ես չգիտեմ, թե ինչպես պատասխանել: Սա միակողմանի հայտարարություն է` կարդացված թղթից, կրկնելով նույն մեղադրանքները: Ես կարծում եմ, որ ավելի լավ է, որ դուք սովորեք միջազգային իրավունքը` ինչպիսին են այս նշանավոր մարմնի գործառույթներն ու տարբերությունը մեղադրանքի, անհիմն պնդման և փաստերի:
Սա ինտելեկտուալ բանավեճ է: Եթե ցանկանում եք ունենալ այդ բանավեճը, ես պատրաստ եմ` որպես ակադեմիկոս, անցկացնել բանավեճ` պատմության մասին: Բայց այս ֆորումը ֆորում չէ այդ բանավեճի համար: Մենք ունենք որոշակի արժեքներ, որոնց վրա այդ հաստատությունները հիմնված են, և կան որոշակի մեխանիզմներ, որոնցով դուք կարող եք բերել այս հարցերը օրակարգ: Մենք կարող ենք ունենալ քննարկումներ` պատմական փաստերի կամ այլ հարցերի մասին ցանկացած պահի, սակայն ավելի լավ է ուսումնասիրել այդ հարցը և հասկանալ միմյանց:
Ավելի լավ է թուրք և հայ մարդկանց համար գալ և ստեղծել պատմաբանների հանձնաժողով` քննարկելու այս հարցերը: Մենք առաջարկել ենք դա 2005 թ., իսկ 2005-ից մինչև այժմ մենք արդեն սպասում ենք դրական պատասխանի մեր կոչին` հետազոտել բոլոր պատմական իրադարձությունները միասին կամ երրորդ կողմերի հետ` հիմնված պատմական արխիվների, այլ ոչ թե միակողմանի հիշողությունների վրա:
Մի օր, ես վստահ եմ, որ նոր սերունդը երկու ազգերի (և մենք հուսով ենք` դա կլինի մեր սերունդը) կգա միասին կիսելու ու քննարկելու բոլոր պատմական տեքստերը, այլ ոչ թե մեղադրելու միմյանց և օգտագործելու խնդիրը քաղաքական նպատակների համար: Սա մեր կոչն է որպես Թուրքիայի. խնդրում եմ, եկեք և ընդունեք մեր առաջարկը` ստեղծել հանձնաժողով` ուսումնասիրելու բոլոր իրադարձությունները: Հռետորության օգտագործումը միայն կվնասի մեր ժողովուրդներին: Ավելի լավ է լինել արդար և ուսումնասիրել բոլոր իրադարձությունները շատ ավելի արդարացի ձևով, գլոբալ մոտեցման ոգով:
12 ապրիլի - Զարուհի Փոստանջյանը ելույթ է ունեցել Վրաստանի կողմից պարտավորությունների կատարման զեկույցի քննարկման ժամանակ. http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/Records/2011/E/1104131000E.htm
Հարգելի գործընկերներ,
Ներկայիս Վրաստանը բնիկ ժողովուրդներից կազմված, բազմազգ հանրապետություն է: Այդ տարածքի բնիկ ժողովուրդներից է նաև ջավախահայությունը, որը կազմում է Սամցխե-Ջավախքի նահանգի բնակչության շուրջ 60 տոկոսը, իսկ ամբողջ Վրաստանում բնակվում է շուրջ 250 հազար հայ:
Տասը տարի լինելով Եվրոպայի խորհրդի անդամ և չմիանալով «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիային»` Վրաստանի իշխանությունները այդ կերպ խուսափում են երկրում ապրող հայ բնակչության մի շարք իրավունքների իրացումից:
Լեզվական, կրթամշակութային և կրոնական խնդիրները, ինչպիսիք են Հայ Առաքելական եկեղեցու` որպես հանրային իրավունքի սուբյեկտի գրանցված չլինելը, մայրենի լեզվի հիմքի վրա բարձրագույն կրթություն ստանալու հնարավորության բացակայությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգում և կրթական, առողջապահական կամ այլ բնագավառներում աշխատող մասնագետներին վրացերենի չիմացության պատճառով աշխատանքից ազատելը և այլն, առավել մտահոգիչ են և հրատապ լուծում են պահանջում:
Վերոնշյալ խնդիրները հետևողականորեն բարձրաձայնող և Ջավախքի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար պայքարող գործիչներից Վահագն Չախալյանի դեմ վրացական իշխանությունները հետապնդումներ սկսեցին, այնուհետև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտմամբ 2008 թ. շինծու մեղադրանքներով նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: Նրա բողոքը գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Հանուն մարդու իրավունքների պաշտպանության և տարածաշրջանում կայունության հաստատման` այս բարձր ամբիոնից կոչ եմ անում ակտիվացնել ջանքերը Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու ուղղությամբ և իրականացնել ներքոթվարկվածները.
1. Անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին, դադարեցնել ջավախահայ հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումները:
2. Վավերացնել «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան»:
3. Տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին հայերի համախումբ բնակության շրջաններում:
4. Իրավական կարգավիճակ տրամադրել Հայ առաքելական եկեղեցուն` վերադարձնելով նրան պատկանող սեփականությունը` հայկական եկեղեցիները և եկեղեցապատկան տարածքները:
12 ապրիլի - Զարուհի Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել Ադրբեջանի կողմից պարտավորությունների չկատարման մասին Գրավոր հռչակագիր (Doc. 12583), որին միացել են ԵԽԽՎ 25 պատվիրակ. http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/WorkingDocs/Doc11/EDOC12583.htm
Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից հրադադարի հաստատվելուց հետո Ադրբեջանն ուժեր չի խնայում փխրուն իրավիճակը սրելու համար և դրանով վտանգի է ենթարկում ԼՂ խնդրի խաղաղ լուծումը:
Մենք խորը անհանգստություն ենք հայտնում Ադրբեջանի` հակամարտության ռազմական լուծմանը դրդող շարունակական քաղաքականության վերաբերյալ, որի համար Ադրբեջանն օգտագործում է ռազմական քարոզչություն, մեծացնում է ռազմական ծախսերը, խախտում սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիրը, նաև սպառնում ուժ կիրառել:
1989 թ.-ից Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ պահող Ադրբեջանի ռազմատենչ հռետորության մեկ այլ անհանգստացնող օրինակ է վերջին թշնամական հայտարարությունները` Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում թռչող օդանավերը խոցելու մասին: Դրա հետ կապված մենք կրկին ընդգծում ենք, որ Ադրբեջանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ է և պարտավորություն է ստանձնել չգրոհել քաղաքացիական օդանավերի վրա:
Հայաստանը հետևողականորեն առաջարկում է հետ քաշել դիպուկահարներին շփման գծից, մինչդեռ Ադբրեջանն ընդգծված կերպով հրաժարվում է դրանից: Իսկ երեխայի մահվան մեջ հայկական կողմին մեղադրելը Ադրբեջանի ծուղակն է` ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր պարտավորություններից հրաժարվելու համար, և ծառայում է որպես casus belli (պատերազմ հայտարարելու հիմնավորում), ինչպես նաև վստահության հաստատման համար միջոցներ ձեռք առնելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու առիթ:
13 ապրիլի - Հարց ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Համարբերգին. http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/Records/2011/E/1104131500E.htm
Տիկին Փոստանջյան - Հարգելի պարոն Համարբերգ, Հայաստանում գործող իշխանությունը կրկին պատրաստվում է ցանկացած գնով վերարտադրել իրեն: Նոր որակի հետապնդումներ են սկսվել ընդդիմության նկատմամբ: Փետրվար-մարտ ամիսներին ոստիկանները խոչընդոտեցին «Ժառանգության» պատգամավորների գործունեությունը, բազմիցս հարձակվեցին ինձ և իմ գործընկերների վրա` կոպտորեն խախտելով պատգամավորական անձեռնմխելությունը և մինչև օրս պատասխանատվության չկանչվելով դրա համար: Այդ կերպ չհասնելով արդյունքի` փետրվարի 23-ին կալանավորեցին եղբորս` նրան պահելով որպես քաղաքական պատանդ: Մինչ այդ էլ իշխանություններն ինձ խոչընդոտում էին Վեհաժողովի նիստերին մասնակցել: Ես հասկանում եմ, որ ազատությունը նվեր չեն ստանում` այն նվաճում են: Կխնդրեի հայտնել, թե, ըստ Ձեզ, ո՞րն է ազատության նվաճման բանաձևը:
Պարոն Համարբերգ - Մայիսի սկզբին մենք կհրապարակենք Հայաստանի մասին զեկույց, որը կսահմանի խնդիրները և կգտնի որոշ առաջարկություններ:
14 ապրիլի - ԵԽԽՎ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովը մինչև հաջորդ նստաշրջան է հետաձգել Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Հայաստանի լեռնաարդյունաբերական հանքերի ներկայիս և նոր հանքավայրերի սպասվող շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա աղետալի ազդեցությունը» վերտառությամբ բանաձևի նախագծի քննարկումը. http://assembly.coe.int/Main.asp?link=/Documents/WorkingDocs/Doc11/EDOC12515.htm
«Հայաստանի լեռնաարդյունաբերական հանքերի ներկայիս և նոր հանքավայրերի սպասվող շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա աղետալի ազդեցությունը»
Բանաձևի նախագիծ
Հայաստանի Հանրապետությունում գործում են բազմաթիվ լեռնաարդյունաբերական հանքեր, և առկա են այդ արդյունաբերության հետևանքով գոյացած տասնյակ մեծածավալ պոչամբարներ, որոնք ահազանգող խնդիրներ են առաջացրել բնակչության առողջության և անվտանգ ապրելու իրավունքի համար:
Այն բնակավայրերում, որտեղ գտնվում են այդ հանքերը, բնակչության հիվանդության (նորագոյացություններ, շնչառական հիվանդություններ, անոմալ ծնունդներ, չբերություն, վիժումներ և այլն) ցուցանիշն ակնհայտ մտահոգիչ բարձր է հանրապետական ցուցանիշների համեմատությամբ: Հանքավայրերին մոտ բնակավայրերի շրջակա միջավայրում (հողում, օդում, ջրում, սննդամթերքում և մարդկանց օրգանիզմում) ծանր մետաղների և այլ վտանգավոր նյութերի առկայությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը:
ՀՀ կառավարությունը, խախտելով ազգային օրենսդրությունը և մի շարք միջազգային նորմեր, լիցենզիաներ է տրամադրել նոր լեռնաարդյունաբերական հանքերի շահագործման և հետախուզման (ապագա շահագործման) նպատակով, որոնցից են Թեղուտի և Կապան քաղաքի Շահումյանի հանքավայրերը, ինչպես նաև ՀՀ ողջ տարածքում ուրանի հետախուզման և ապագա շահագործման նպատակով. Այդ աշխատանքներն արդեն մեկնարկել են Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում` մեծ անհանգստություն պատճառելով հատկապես մարզի բնակչներին, ովքեր հետևողականորեն պայքարում են ուրանի հետախուզման և շահագործման հայ-ռուսական ծրագրի դեմ:
Հաշվի առնելով, որ անվտանգ սննդամթերք օգտագործելը և շրջակա միջավայր ունենալը մարդու հիմնարար իրավունք է` Վեհաժողովը պետք է Հայաստանի լեռնաարդյունաբերությունից շրջակա միջավայրին և բնակչությանը հասցվող վնասների վերաբերյալ համապատասխան զեկուցող նշանակի և հանձնարարականներ ներկայացնի Հայաստանի իշխանություններին:
14 ապրիլի - Տեղի է ունեցել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվել են Հայաստանի ստանձնած պարտավորությունները, և ներկայացվել փաստաթուղթ տեղեկատվական նշում (AS/Mon(2011)12 rev. 14 April 2011amondoc12r_2011)` 2011 թ. մարտի 16-17-ը Երևան այցելած համազեկուցողներ Աքսել Ֆիշերի և Ջոն Պրեսկոտի փաստահավաք առաքելության մասին:
Փաստաթղթում հիմնականում ասվում է. «Երկու հիմնական չլուծված հարց կա. 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված` անձանց բանտերում մնալը և 10 զոհերի վերաբերյալ պատշաճ քննության և պատասխանատվության կանչելու բացակայությունը շարունակում են գերակայել քաղաքական օրակարգում և թունավորում են քաղաքական մթնոլորտը: Այս խնդիրներն են հիմնական խոչընդոտը` նորմալացնելու քաղաքական միջավայրը, և հնարավոր ռիսկեր են պարունակում` առաջիկա` 2012թ., խորհրդարանական ընտրությունների վրա բացասական ազդեցություն թողնելու իմաստով»:
Անդրադարձ է կատարվել բարեփոխումների իրականացման գործընթացին:
Փաստաթղթում ասվում է, որ միայն օրենսդրական փոփոխությունները չեն կարող հանգեցնել ցանկալի բարեփոխումներին, հետևաբար պետք է ոչ թե կենտրոնանալ օրենսդրական փոփոխությունների վրա, այլ փոխել ըստ էության գոյություն ունեցող պրակտիկան և մենթալիտետը: Եվ եթե դրսևորվի համապատասխան քաղաքական կամք, ապա հնարավոր է հասնել թե պրակտիկայի և թե մենթալիտետի փոփոխության:
Չնայած նրան, որ համազեկուցողները ողջունում են բարեփոխումների բազմաթիվ նախաձեռնությունները` շեշտում են, որ այժմ դրանք պետք է իրագործվեն, վերածվեն կոնկրետ գործողության: Այդ առումով կարևոր է նշել, որ միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, և դրանք պետք է ուղեկցվեն քաղաքական կամքով` միտված կիրառվող պրակտիկայի և մենթալիտետի փոփոխությանը: Սա հատկապես կարևոր է դատաիրավական բարեփոխումների ոլորտում:
Ներկայիս ստատուս քվոն, ընթացիկ քաղաքական բևեռացումը, վատթարացող սոցիալական ու տնտեսական իրավիճակը կարող են հանգեցնել սոցիալական ընդվզման. http://assembly.coe.int/CommitteeDocs/2011/amondoc12rev_2011.pdf :
Մեկնաբանել