Թեկնածուները` հայ-թուրքական հարաբերությունների մասին
Թեկնածուների տեսակետներին անդրադառնալուց առաջ նշենք, որ վերոնշյալ թեման ներառում է մի շարք բաղադրիչներ: Նախ` Հայաստանը եւ Թուրքիան մեր երկրի անկախացումից ի վեր չունեն պաշտոնական հարաբերություններ, 1993-ին` հայերի կողմից Քելբաջարը գրավելուց հետո, Թուրքիան փակել է միջպետական սահմանը: Այժմ դիվանագիտական կապեր հաստատելու եւ սահմանը բացելու համար Անկարան ՀՀ-ի առջեւ դնում է նախապայմաններ: Դրանցից մեկը Ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելն է, մյուսը` ղարաբաղյան գործընթացում զիջումների գնալը: Այնուամենայնիվ, երկու երկրների միջեւ կան ոչ պաշտոնական հարաբերություններ` առեւտրաշրջանառություն, զբոսաշրջիկների հոսք, օդային կապ: Թուրքիայում կա 75.000-ոց հայկական համայնք, վերջերս արտգործնախարար Ալի Բաբաջանն էլ ասել է, որ իր երկրում օրինական եւ անօրիանական աշխատող ՀՀ քաղաքացիների թիվը 40.000-ից դարձել է 70.000: Թուրքիան ձգտում է անդամագրվել Եվրամիությանը, որն էլ նրանից պահանջում է ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավում, բարիդրացիական հարաբերություններ անմիջական հարեւանների հետ: Միջազգային ասպարեզում Թուրքիայի համար ավելի ու ավելի է ծանրանում Հայոց ցեղասպանության ուրացման բեռն ու հայատյացության դրսեւորումները երկրի ներսում:
Ահա այս փոխկապակցված բաղադրիչներն են ընկած հայ-թուրքական ոչ դյուրին հարաբերությունների հիմքում, որոնց կարգավորման ուղիների հարցում ՀՀ նախագահի որոշ թեկնածուներ ունեն մարտավարական տարաձայնություններ:
Այդուհանդերձ, նրանք միակարծիք են այն բանում, որ հարեւան Թուրքիայի հետ Հայաստանը պետք է ունենա նորմալ հարաբերություններ եւ բաց սահմաններ:
«Խնդրի լուծումը, սակայն, չպետք է իրականացվի ազգային խնդիրների եւ արժանապատվության ոտնահարման գնով»,- ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը` ի նկատի ունենալով, որ Հայաստանը չպետք է ընդունի Թուրքիայի նախապայմանները:
Այս տեսակետը կիսում են բոլոր թեկնածուները: Վարչապետ Սերժ Սարգսյանը մասնավորապես գրել է. «Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում` համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ ԼՂ հակամարտության հետ կապված և ոչ էլ այլ նախապայմաններ»:
Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննեսյանը «Հետքի» ընթերցողներից մեկի հարցին ի պատասխան ասել է. «ՀՅԴ-ն չի մերժում հայ-թուրքական սահմանի բացումը, քանի որ Հայաստանը չէ, որ փակել է այն: Թուրքիան է փակել մեր երկրի հետ սահմանը եւ դրանով արդեն խախտել միջազգային բոլոր սկզբունքները: Թուրքիան է, որ պետք է բացի սահմանը»:
Ինչպես միշտ, Դաշնակցությունը եւ նրա թեկնածուն Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ցուցաբերում են առավել կոշտ դիրքորոշում, քան մյուս թեկնածուները. «Թուրքիայի հետ հարաբերությունները մնում են չկարգավորված, քանի որ այս պետությունը շարունակում է Հայաստանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, հայ-թուրքական սահմանը բացելու դիմաց նախապայմաններ է ներկայացնում: Երկկողմ հարաբերություններ կառուցելու նման ոճն անընդունելի է: Հայաստանը պետք է բարձրացնի Թուրքիայի թշնամական վերաբերմունքի, հայ-թուրքական սահմանի եւ Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցերը միջազգային ատյաններում: Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վերջին տարիներին ձեռք բերված արդյունքները հիմք են տալիս այս ուղղությամբ աշխատանք կատարել նաեւ թուրք հասարակության հետ»:
Ինչպես նկատելի է, Հայ դատի ջատագով ՀՅԴ-ն առ այսօր կողմնակից է միջազգային ասպարեզում Հայաստանի կողմից Թուրքիայի վրա ճնշումներ բանեցնելու մարտավարությանը, որի հիմքում ընկած է Ցեղասպանության ճանաչման հարցը: 1998-ից այսպիսի քաղաքականություն է վարում ներկայիս իշխանությունը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդպիսի քաղաքականությունը համարում է վտանգավոր եւ անժամանակ ու ասում, որ այդ պատճառով ինքը նման մարտավարություն չի կիրառել, ինչի համար էլ քննադատների կողմից ստացել է «թուրքամետ» պիտակը: Դեռ 1997-ին վարչապետ Քոչարյանն, ըստ Տեր-Պետրոսյանի, ասել է, որ «եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի Ցեղասպանության ճանաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը։ Բացի այդ, նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ այլեւս ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»։
Սակայն, ինչպես նշում է Տեր-Պետրոսյանը, 1998-ին նախագահ Քոչարյանի կողմից ՄԱԿ-ում բարձրացված Ցեղասպանության ճանաչման հարցը, նմանատիպ պահանջը ամերիկյան կոնգրեսից, սկզբնապես Թուրքիայի առջեւ դրվող Ցեղասպանության ճանաչման նախապայմանը, Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման դեմ բողոքը, Եվրամիություն-Թուրքիա բանակցություններում Ցեղասպանության ճանաչման պայման դնելու կոչերը մնացին անհետեւանք, օդից կախված, եւ ոչ այլ ինչ են, քան «լիակատար ձախողում եւ դիվանագիտական խայտառակ պարտությունների մի ամբողջ շարան»:
Փաստորեն, ներկայիս իշխանությունների ընտրած մարտավարությունը տվեց հակառակ արդյունքը. Թուրքիան ավելի կոշտացրեց իր դիրքորոշումը: Նա ոչ միայն սկսեց կատաղի կերպով հակազդել Ցեղասպանության ճանաչման ՀՀ ջանքերին, այլեւ Հայաստանը շրջանցող գազամուղի, նավթամուղի եւ երկաթգծի կառուցմամբ ՀՀ-ի տնտեսական շրջափակումը հասցրեց աննախադեպ չափերի:
«Մեր երկիրը հիմնականում պարզապես արձագանքում է Հայաստանին առնչվող այս կամ այն իրադարձությանը: Նման քաղաքականությունն արդեն չի ընկալվում Հայաստանի արտաքին քաղաքական գործընկերների շրջանում, որոնք ակնկալում են հստակ դիրքորոշումներ,- ասում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:- Այս ամենի հետևանքով մենք հայտնվել ենք տարածաշրջանային մեկուսացման մեջ` դուրս մնալով քիչ թե շատ կարևոր բոլոր ծրագրերից (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղ, Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցում, ինչի շինարարության պայմանագիրն արդեն ստորագրվել է)»:
«Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան տնտեսական ինտեգրումը վերափոխվում է ռազմավարական նշանակության ռազմաքաղաքական դաշինքի: Ստեղծված այս նոր իրավիճակում մեր պետության հնարավորությունները հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու գործում օբյեկտիվորեն սահմանափակվում են: Դա էլ իր հերթին հրամայական է դարձնում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գերակայությունների հստակեցումը,- իր «Արարման ծրագրում» գրում է Արտաշես Գեղամյանը:- Առաջնությունը պետք է տրվի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը եւ հարստացմանը... Այս գործում կարեւոր կռվան է երկու երկրների տնտեսական ինտեգրացիան եւ միասնական տնտեսական գոտի ստեղծելու համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը... Դրա հետ մեկտեղ չի կարող կասկածի ենթակա լինել այն փաստը, որ համակովկասյան կայունացման առանցքը պետք է լինեն միայն եւ բացառապես Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը: Մյուս շահագրգիռ պետությունները կարող են ներգրավվել Կովկասում առկա վիճահարույց հարցերի կառուցողական, խաղաղ կարգավորման պրոցեսի մեջ` չհավակնելով, սակայն, թելադրել իրենց կամքը: Այս հիմքի վրա կարելի է եւ պետք է է՛լ ավելի խորացնել փոխշահավետ տնտեսական համագործակցությունը Իրանի հետ, ինչպես նաեւ երկխոսություն վարել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների»:
Այդուհանդերձ, փաստ է, որ Կովկասում Վրաստանի եւ Ադրբեջանի միջոցով երկու ոչ կովկասյան երկրներ` Թուրքիան եւ հատկապես ԱՄՆ-ը, աստիճանաբար ամրապնդում են իրենց դիրքերն ու փորձում դուրս մղել Ռուսաստանին` նվազեցնելով տարածաշրջանում վերջինիս ազդեցության ոլորտը:
Նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը համաձայն չէ այսօրվա իշխանությունների` Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությանը:
«Ի՞նչ պիտի անեին Հայաստանի իշխանությունները Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու փոխարեն,- հարցնում է Տեր-Պետրոսյանը եւ պատասխանում։- Պիտի անեին իրենց արածի ճիշտ հակառակը։ Այսինքն՝ պետք է բարի կամք դրսեւորեին եւ ոչ մի կերպ չխանգարեին այդ գործընթացին։ Ավելին, պետք է Բրյուսելից պահանջեին չշահարկել Ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ-թուրքական հարաբերությունների այդ բարդ կնճռի լուծումը թողնելով կողմերին։ Ժամանակն է, վերջապես, հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով` ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը։ Բայց դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջեւ բարիդրացիության, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումից հետո։ Հետեւաբար, զգացմունքները մի կողմ թողնելով, այդ հարաբերությունները պետք է կառուցել` մեկնելով այն իրողությունից, որ 1915 թվականի իրադարձությունները Հայաստանը համարում է Ցեղասպանություն, իսկ Թուրքիան՝ ոչ։ Մեզ համար անընդունելի եւ վիրավորական է հայ եւ թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու մասին արված հայտնի առաջարկը, քանի որ դա նախ՝ կասկածի տակ է դնում մեր համազգային համոզումը, եւ երկրորդ՝ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման կայացած փաստն այլեւս ավելորդ ու ժամանակավրեպ է դարձնում նման հանձնախմբի ստեղծումը»։
Լեւոն Տեր-Պետրոսյանի դեկտեմբերյան այս ելույթից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել իտալական «Լա Ստամպա» թերթին: Վերջինիս հարցին, թե ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստանի ներդրումը Եվրոպայի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման մեջ, վարչապետը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ իմ փոքր երկիրը կարող է շատ բան անել: Բոլորը` Եվրոպան և մնացյալ աշխարհը, Թուրքիայից մեծ սպասելիքներ ունեն: Ակնկալում ենք, որ նրանք կթուլացնեն լարվածությունը»:
«Ի՞նչ կարիք կար ներքաշվել գործընթացների մեջ, որոնք կախված չեն Հայաստանի կամքից, կամ հավակնել դերակատարումների, որոնք վեր են նրա հնարավորություններից։ Այդպիսի անխոհեմության ամենավառ օրինակն է մեր միջամտությունը Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունների կառուցման գործընթացին։ Մի՞թե հասկանալի չէ, որ Հայաստանը ո՛չ կարող է նպաստել, ո՛չ էլ խոչընդոտել Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական Միությանը: Մեր ի՞նչ գործն էր, ուրեմն, նամակներ հղել Բրյուսել՝ պահանջելով չսկսել Եվրամիություն-Թուրքիա բանակցությունները կամ վերջինիս առջեւ նախապայման դնել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը... Եթե Եվրամիությունն այսօր տարբեր պատրվակներով ձգձգում է Թուրքիայի հետ բանակցությունները եւ նորանոր պայմաններ առաջարկում նրան, դա ընդամենը նշանակում է, որ առայժմ պատրաստ չէ իր կազմում ընդգրկել այդ երկիրը։ Երբ պատրաստ լինի, կբավարարվի Թուրքիայի բացատրություններով եւ մի կողմ կդնի սուր տարաձայնությունները, այդ թվում՝ Ցեղասպանության հարցը»,- վերջին հանրահավաքաներից մեկի ժամանակ ասել է Լ.Տեր-Պետրոսյանը։
Ելույթի ժամանակ Տեր-Պետրոսյանը, որն արտաքին քաղաքականության մեջ հայտնի է իր զգուշավորությամբ եւ դիվանագիտությամբ, հայտարարել է. «Այն ամենն, ինչ ասվեց Հայաստանի մասին, բոլորովին չի վերաբերում Սփյուռքին։ Ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն ունի իր ըմբռնումն ու օրակարգը, Սփյուռքը՝ իրենը։ Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի Սփյուռքին թելադրել իր ըմբռնումն ու օրակարգը։ Աշխարհացրիվ հայ ժողովրդի զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացիներ, հարկատու եւ ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա եւ նրանցից պահանջելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին։ Թուրքիան նախ՝ չպետք է Հայաստանը շփոթի Սփյուռքի հետ, եւ երկրորդ՝ չպետք է դժգոհի վերջինիս պահվածքից, քանի որ Սփյուռքը Ցեղասպանության հետեւանքն է։ Թող Ցեղասպանություն չաներ՝ Սփյուռք չէր լինի»։
Այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունները մեծ տեղ են գրավել նախագահի թեկնածուների ծրագրերում եւ նախընտրական ելույթներում: Սակայն չպետք է անտեսել այն հանգամանքը, որ դա նաեւ արդյունք է այն բանի,որ վերջին տարիներին Արեւմուտքը որոշակի ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա Հայաստանի հետ սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել