HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Տեր-Պետրոսյան։ Ներկա վարչախումբը պարտված է

Այսօրվա հանրահավաքը մեր ընտրարշավի ավարտն է: Ուստի, դա ենթադրում է որոշ ամփոփում կատարել այն պայքարին, որը մենք անցել ենք: Քարոզարշավի ընթացքում ես եղա Հանրապետության բոլոր մարզերում, հանրահավաքներ ունեցա նախկին Խորհրդային Հայաստանի բոլոր շրջկենտրոններում, բացի Աշոցքից եւ Ամասիայից, որտեղ մենք չկարողացանք լինել եղանակի պատճառով: Ես ներողություն եմ խնդրում այդ տարածքների բնակիչներից եւ խոստանում առաջին իսկ առիթով այցելել այդ շրջաններ:

Ինչ հիմնական եզրակացություն կարելի է անել այս ընտրարշավից: Ես չեմ խոսում Երեւանի մասին, ես չեմ խոսում Երեւանին կից չորս մարզերի մասին՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի: Այստեղ՝ Երեւանում եւ այս չորս մարզերում, ապրում է Հայաստանի բնակչության 2/3-ը: Սա ամենաակտիվ զանգվածն է, ամենատեղեկացված զանգվածը եւ քաղաքականապես այսօրվա պահանջների համար ամենահարմար զանգվածը: Այստեղ որեւէ խնդիր չունենք: Խնդիրներ կային հեռավոր շրջաններում: Համենայնդեպս, տասը տարվա այս բռնապետության մթնոլորտը ստեղծել էր որոշ հոգեբանական վախի մի իրականություն: Այդ մարդիկ մեղավոր չէին: Հինգ տարի՝ 2003թ.-ից հետո, մեր հեռուստատեսությունն այս մարդկանց ներկայացրել է բոլորովին ուրիշ աշխարհ, բոլորովին ուրիշ մի երկիր: Գիշեր-ցերեկ տարվում է վարչախմբի միագիծ քարոզչությունը: Գիշեր-ցերեկ վարկաբեկվել է ընդդիմությունը, ճնշվել ցանկացած բողոքի ձայն:

Կամաց-կամաց Երեւանի հանրահավաքների, Երեւանին հարակից չորս մարզերի ակտիվության շնոհիվ սկսեց բացվել նաեւ հեռավոր շրջանների մարդկանց աչքերը. կամաց-կամաց: Դրան մեծապես նպաստեցին տեսահոլովակների եւ գրքույկների տարածումը, տեղերում արդեն շարժման շտաբերի ձեւավորումը, ակտիվիստների մեծ խմբերի առաջացումը: Բայց մեզ համար զարմանալի էր, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ լինելով, ասենք, Սպիտակում, Ստեփանավանում, մենք տեսանք, որ այդ մարդկանց մտածողության մեջ շատ բան է փոխվել: Ձեզ համար կարող է տարօրինակ թվալ: Մեկ օրինակ բերեմ. Ստեփանավան: Բազմաթիվ ճնշումներ էին բանեցրել իշխանությունները, փակել հիմնարկներ, փորձել խանգարել, որ ժողովուրդը չհավաքվի: Բայց հակառակ դրան, հենց այդ քաղաքում, հրապարակում շուրջ չորս-հինգ հազար մարդ էր հավաքվել: Հանրահավաքը սկսեց Արամ Սարգսյանը: Դուք գիտեք նրա կրքոտությունը, նրա խոսքի ոգեւորությունը եւ համարձակությունը: Կես ժամ խոսեց Արամ Սարգսյանը, եւ հրապարակում քար լռություն էր: Մեկ ծափ, մեկ ոգեւորիչ հայացք նա չկարողացավ կորզել այդ հրապարակից: Բայց, համենայնդեպս, Արամ Սարգսյանի ելույթն ունեցել էր իր ազդեցությունը: Ինչու՞: Մարդիկ առաջին անգամ հինգ տարվա ընթացքում տեսնում էին, որ կարող է մեկը բարձրանալ հարթակ եւ այս իշխանությունների մասին որեւէ կծու խոսք ասել, որեւէ քննադատական խոսք: Առաջին անգամ:

Բայց Արամը դեռ մեկն էր, առաջինն էր: Դրա համար էլ որեւէ ռեակցիա չկար: Հետո, քանի որ նա արդեն տաքացրել էր ժողովրդին, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց մի քանի ծափ կորզել: Հետո, դրանից հետո, Գրիգոր Հարությունյանն ավելի շատ ծափեր կորզեց, դրանից հետո Ստեփան Դեմիրճյանն արդեն բավականին աշխուժացրեց հրապարակին: Իսկ երբ վերջում ես խոսեցի, նույնպիսի օվացիա էր, նույնպիսի ոգեւորություն, ինչպես այս հրապարակում: Սա տիպական օրինակ է:

Իսկապես այս իշխանությունները կարողացել էին հավատացնել ժողովրդին, որ իրենք ամենազոր են, որ իրենց դեմ խաղ չկա, եւ ինքն է միակ տղամարդը: Կարողացել էին համոզել: Եւ գիտե՞ք, այդ համոզումը դեռեւս պահպանվում է նրանց անմիջական շրջապատում: Այսօրվա իշխանիկները՝ նախարարներ, քաղաքապետեր, թաղապետեր, բոլորը մոլորության մեջ են: Նրանց մի մասը դեռեւս կարծում է, որ սրանք իսկապես անհաղթահարելի են: Դա կամ բթամտության նշան է, կամ իրականության զգացողությունը կորցրած լինելու նշան: Մի ուրիշ մասը ստիպված է կառչել խորտակվող նավի թիմին: Քանի որ նրանք նույնքան հանցագործ են, նույնքան թաղված կոռուպցիայի մեջ, նույնքան անօրինականություններ են գործել, որքան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Բայց նրանք պետք է հասկանան, որ այդ նավն արդեն խորտակված է: Եթե անգամ իրենց սովորության համաձայն խաղադրույք են կատարում կազինոներում, ապա սխալ խաղադրույք է` նրանք պարտված կողմի վրա են խաղադրույք կատարում: Իսկ եթե դա գիտակցելով հանդերձ` շարունակում են կանգնած մնալ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողքին, ապա նրանք դավաճանություն են գործում այս ժողովրդի հանդեպ: Մարզային այցելությունների ժամանակ, մարզից-մարզ, օր-օրի մենք տեսնում էինք ժողովրդի վճռականության եւ գիտակցության աճը: Եթե համեմատենք Արթիկը, որը մեր ընտրարշավի սկիզբն էր, եւ էջմիածինը, որը մարզային շրջագայությունների ավարտն էր, ապա նրանք սար ու ձորի տարբերություն ունեին: Ցանկացած նոր մարզում մարդկանց թիվն ավելանում էր, հզորանում էր, ժողովրդական ալիքը բարձրանում էր:

Սա, կարելի է ասել, արդեն համատարած է: Այն ոգեւորությունը, այն վճռականությունը, քաղաքացիական այն գիտակցությունը, որ այսօր տիրում է մեր հրապարակում, կարելի է ասել, այսօր համատարած տիրում է ՀՀ ողջ տարածքում: ՀՀ ողջ տարածքում ներկա վարչախումբը պարտված է:

Ընտրարշավի ընթացքում մենք ունեցել ենք նաեւ անտեսանելի գործունեություն: Դա մեր արտաքին հարաբերություններն են: Մենք մշտապես հանդիպել ենք օտար երկրների դեսպանների հետ, միջազգային դիտորդական կազմակերպությունների հետ: Մենք արդեն այսօրվա մասին չէ, որ մտածում ենք: Մենք մտածում ենք որպես Հայաստանի հաջորդ իշխանություն, որն այսօրեւեթ պարտավոր է պարզել իր հարաբերությունները արտաքին աշխարհի հետ: Եւ այդ կոնտեքստում պետք է դիտել հինգ օր առաջ Մոսկվա իմ այցելությունը: Այցելելով Մոսկվա՝ ես ունեցել եմ շատ կարեւոր հանդիպումներ, եւ եզրակացությունը, որ կարող եմ անել այդ հանդիպումներից, հետեւյալն է՝ Ռուսաստանը հավատարիմ է 1997թ. Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրին»: Երկրորդ` Ռուսաստանը Հայաստանը դիտում է որպես իր համար չափազանց կարեւոր գործընկեր: Բայց Ռուսաստանի համար երկրորդական չէ, թե ով է այդ գործընկերը: Նա հստակ տարբերում է Հայաստանի պետությունը Հայստանի վարչախմբից: Ռուսաստանին պետք է իրեն պատիվ բերող գործընկեր: Ռուսաստանին պետք է սեփական ժողովրդի վստահությունը վայելող գործընկեր: Այդպիսին Ռուսաստանը Հայաստանի ներկա վարչախումբը չի համարում: Ռուսաստանն այդպիսին կհամարի փետրվարի 19-ին համաժողովրդական քվեարկությամբ ընտրված իշխանությանը, որի թեկնածուն նվաստս է:

Մի քանի խոսք ընտրապայքարի ոճի մասին: Ես անցած հանրահավաքում էլ ասացի՝ այդ ոճն իմ սրտովը չէ: Մենք հարկադրված էինք իշխանություններին կոշտ գնահատականներ տալ, մենք հարկադրված էինք կծու խոսքեր ասել, բայց դա մեր կամքով չէր: Մեզ դրել էին այդպիսի պայմանների մեջ: Եթե 10 տարի մեր մամուլը ազատ լիներ, ընդդիմությունը հնարավորություն ունենար հանդես գալու մամուլով, հեռուստատեսությամբ, ազատ արտահայտվելու իշխանությունների մասին, վերլուծելու քաղաքական իրավիճակը, քննադատելու տնտեսական քաղաքականությունը եւ այլն, այսպիսի կոշտ խոսքերի կարիք չէր զգացվի: Բայց քանի որ այդ ամեն ինչը փակ էր, ժողովուրդը ահաբեկված էր, վախեցած էր, մենք ստիպված էինք մեր օրինակով ժողովրդին ցույց տալ, որ կարելի է չվախենալ այս իշխանություններից, նրանց մասին կոշտ խոսքեր ասել: Գոնե ինձ համար դա ավարտվեց: Այսուհետեւ իմ շուրթերից այս իշխանությունների հասցեին որեւէ կոշտ խոսք, որեւէ անհարգալից արտահայտություն չեք լսի: Մեզ հաջողվեց խոսել մեր ողջ ժողովրդի հետ` մենք այլեւս չունենք դրա կարիքը: Մենք նաեւ չունենք ժողովրդի միջից վախը հանելու կարիքը, որովհետեւ վախեցածն այսօր ոչ թե ժողովուրդն է, այլ` իրենք: Մեզ հաջողվեց ժողովրդին թմբիրից հանել, դարձնել այս երկրի իսկական, ազատ քաղաքացի: Այսուհետ մենք պետք է խոսենք հաղթողի հպարտությամբ եւ զսպվածությամբ:

Այսօր արդեն ժողովրդին ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ մենք ինձ սատարող թիմի հետ` 23 կուսակցություններ եւ տասնյակ հասարակական կազմակերպություններ, անխտիր բոլոր ազատամարտիկները` անկախ նրանից, թե ինչ կուսակցության են սատարում, արցախյան պատերազմի բոլոր վետերանները միահամուռ կանգնած են ժողովրդի կողքին: Ինձ համար դա մեծագույն պատիվ է, քանի որ նրանք ինձ են ընտրել` ներկայացնելու իրենց ձայնը: Ավելին կարող եմ ասել` ոչ թե այդ մարդիկ են ինձ միացել, վերջին հաշվով ես եմ միացել իրենց:

Ես տասը տարի տանը նստած գիտությամբ եմ զբաղվում, հաճելի գործով: Խնդիր չկա, գրքեր եմ գրում, թոռներ մեծացնում, ծառ տնկում: Այս մարդիկ են, որ տասը տարի մղած հետեւողական պայքարով ինձ ամաչեցրին: Ես ամաչեցի Նիկոլ Փաշինյանից, ես ամաչեցի Շողեր Մաթեւոսյանից, Ստեփան Դեմիրճյանից, Արամ Սարգսյանից, բոլոր այն մարդկանցից, որոնք տասը տարի, չթուլացնելով իրենց, պայքարեցին այս վարչախմբի դեմ: Այս պայքարը սկսել են Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը` 1998 թվականից սկսած: Այսօր, փատորեն, առաջիկա ընտրությունները լինելու են 3 ընտրությունների ամփոփումը` 1998թ. ձեզանից կորզված ձեր հաղթանակի, 2003թ. ձեզանից կորզված հաղթանակի... Փետրվարի 19-ի ընտրությունը իրականում ոչ թե մեկ ընտրություն է, այլ երեք ընտրություն, որը սկսվել է 1998թ. Եւ, անկասկած, տարակույսի որեւէ նշույլի բացառությամբ, տեղի է ունենալու փետրվարի 19-ին եւ ավարտվելու է լիակատար հաղթանակով:

Թեեւ ասացի, որ իշխանությունների հասցեին որեւէ թթու խոսք չեմ ասելու, բայց վերջին շրջանում նրանք մի նոր ստորություն են գործում: Ստորությունը մեղմ բառ է: Նրանք փորձում են սեպ խրել հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ: Սեպ խրել հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ: Ավելին, նրանք մի նոր տարր են ավելացնում` փորձում են սեպ խրել վիրահայության եւ հայաստանցիների միջեւ: Վաղվա միտինգում նրանք նախատեսել են Ախալքալաքից ավտոբուսներով մարդիկ բերել Սերժ Սարգսյանի հավաքին: Դա անհեռատես, վտանգավոր խաղ է, որ նրանք խաղում են: Նրանք որեւէ սրբություն չունեն: Կարող են պառակտել մեր ողջ ազգը: Առիթից օգտվելով՝ ես ուզում եմ ասել եւս մեկ բան: ՀՀ-ում ապրում են 100 հազարավոր ղարաբաղցիներ: Նրանք նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիները: Եւ ես համոզված եմ, որ ամենաշատը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պահվածքից դժգոհում են այդ մարդիկ, որոնք հայաստանաբնակ ղարաբաղցիներ են, որովհետեւ այդ երկու մարդիկ բիծ են գցում ողջ ղարաբաղցիների վրա: Ես համոզված եմ, որ հայաստանաբնակ ղարաբաղցիները միահամուռ կերպով միացած են մեր համաժողովրդական շարժմանը եւ նրանք իրենք են ամենաշատը շահագրգռված ազատվելու այս վիրավորանքից, որը նրանց պատճառում են այդ երկու անձնավորությունը:

Ի տարբերություն մեր ժողովրդական շարժման հզորացման, մեր հանդարտեցման, զսպվածության, վարչախմբի ճամբարում լիակատար խուճապ է: Լիակատար խուճապ, որի արտահայտությունն է մեր հեռուստատեսության վերջին մեկ շաբաթվա.. էլի չեմ ուզում կոպիտ խոսք ասել: Լավ, լավ, ասեմ` այդ աղբանոցի վերածված իրականությունը: Դա նշան է այն բանի, որ այս իշխանությունն այլեւս ինքն էլ չի հավատում իր հաղթանակին: Սա հոգեվարքի նշան է: Սա ոչ թե հզորի, ոչ թե հաղթողի, այլ խղճուկի, ողորմելու, փոքրի պահվածք է: Սա «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ» մտածողության տեր մարդկանց պահվածք է: Որոնք խորտակվելուց առաջ ուզում են ոչնչացնել մեր ժողովրդի բոլոր սրբությունները, չթողնել որեւէ լուսավոր կետ մեր երկրում: Խուճապի ավելի նյութական արտահայտություններ էլ կան: Վարչախմբին հարած պաշտոնյաների եւ որոշ գործարարների ընտանիքներ արդեն հեռացել են Հայաստանից: Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանի բանկերից հսկայական գումարներ են տեղափոխվում արտասահմանյան բանկեր, հսկայական գումարներ: Դա ի՞նչ է նշանակում: Դա նշանակում է երկու բան, որ այդ մարդիկ համոզված են արդեն, որ իրենք պարտված են, եւ երկրորդ` այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք բերված գումարներ են: Այլապես, եթե դրանք լինեն օրինական ճանապարհով ձեռք բերված գումարներ, դրանք վտանգի տակ չէին եւ կարիք չէր լինի տեղափոխել Հայաստանից: Եւ երրորդ` դա Հայաստանի հարստությունն է, եւ եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը չկանխեն այդ երեւույթը, ապա կարող է այնպես պատահել, որ փետրվարի 20-ին Հայաստանի պետական գանձարանը դատարկ լինի: Դրա համար ես Մասիսի հանրահավաքում զգուշացրեցի Տիգրան Սարգսյանին, որ նա պարտավոր է կանխել այդ արտահոսքը եւ պարտավոր է յուրաքանչյուր օր հրապարակել Հայաստանի բանկերի նախորդ օրվա հաշվեկշիռը` մուտքն ու ելքը, որպեսզի մեր ժողովուրդը տեսնի, թե ինչ շարժ է տեղի ունենում: Դա արդեն ազդել է դրամի կուրսի վրա: Դոլարն այս վերջին մի քանի օրերին սկսում է արժեւորվել: Դա նշանակում է, որ դոլարը սկսում է պակասել մեր երկրում: Այս պահին ես նորից կրկնում եմ իմ զգուշացումը Տիգրան Սարգսյանին: Եթե նա չկանխի այդ երեւույթը, եթե նա չհրապարակի օրական տվյալները, ապա նա պատասխան է տալու դրա համար:

Հաղթանակ առաջին փուլում

Սիրելի ժողովուրդ, երբ ասում էի՝ դուք արդեն հաղթել եք, չէիք հավատում: Դուք այսօր ցնցեցիք ոչ միայն այս հրապարակը, այլ նաեւ ձեր փառահեղ երթով՝ ողջ Երեւանը, ողջ Հայաստանի անկախ Հանրապետությունը: Քիչ առաջ Արամ Սարգսյանն ասաց, որ եթե այս մարդիկ աբուռ ունենային, այսօրեւեթ պետք է հեռանային Հայաստանից: Ես ուզում եմ դա ձեւակերպել քաղաքական լեզվով: Մենք ՀՀ իշխանություններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ նրա ավազակախմբին տալիս ենք վերջին շանսը՝ իշխանությունից հեռանալու պատվավոր կերպով, չգցելու մեր երկրի վարկը: Վերջապես նրանք մոտ 18 տարի է պետություն են ղեկավարում եւ’ Ղարաբաղում, եւ’ Հայաստանում, ու պետք է հասկանան, թե ինչ բան է պետությունը, ինչ է նշանակում պետության միջազգային վարկը, որքան դա կարեւոր է մեր ապագայի, Հայաստանի անկախության, հզորության ամրապնդման տեսակետից, որքան դա կարեւոր է մանավանդ ԼՂ հարցը արժանապատիվ կերպով լուծելու տեսակետից: Դա կապիտալ է, մեծագույն կապիտալ, որ հեռացող իշխանությունն իրավունք չունի ոչնչացնելու:

ՀՀ առաջին նախագահը նրանց առաջարկեց արժանապատիվ կերպով հեռանալ իշխանությունից: Բայց եթե նրանք շարունակեն այն, ինչ արել են մինչեւ այսօր, եթե նրանք փորձեն կեղծել ընտրությունները, եթե նրանք փորձեն իրենց մականունավոր նվիրյալների (նրանց շրջապատում որեւէ նորմալ անունով մարդ չկա), քրեական տարրերի, իրենց ուժային կառույցների միջոցով բռնանալ մեր ժողովրդի կամքի վրա, կեղծել ընտրությունները, եթե փորձեն օգտագործել իրենց բոլոր ռեսուրսները... իսկ նրանք ունեն նաեւ մի ռեսուրս, որի մասին ես այսօր չխոսեցի, բայց հարկ եմ համարում հիմա խոսել: Դա քաղաքական բանավեճի խնդիր չէ, դա գործնական հարց է: Նրանք ունեն մի ռեսուրս, որը կարող է ժողովրդից խլել նրա հաղթանակը, դա մյուս թեկնածուներն են: Պետք է քաջ գիտակցել՝ քվեաթերթիկում կա ընդամենը մեկ թեկնածու, դա ձեր թեկնածուն է՝ համար 9-ը:

Նրանց իրավունքն է՝ առաջադրվել եւ ընտրվել: Նրանցից ոմանք չարաբաստիկ դեր են խաղացել նախագահի նախորդ երկու ընտրություններում: 1998 թ. այդ չարաբաստիկ դերը խաղաց Վազգեն Մանուկյանը: Նա ստացել էր 13 տոկոս ձայն: Երկրորդ փուլում նա կոչ չարեց իր համակիրներին այդ ձայները տալ Կարեն Դեմիրճյանին: Ի՞նչ ստացվեց: Ստացվեց Ռոբերտ Քոչարյանի համար մի պարզ թվաբանություն եւ լիակատար արդարացում իր ընտրակեղծիքներին: Նա ասաց հետեւյալը. ես ունեի այսքան ձայն, ինձ գումարվեցին Վազգեն Մանուկյանի 13 տոկոսը, եւ ես հաղթեցի: Վազգեն Մանուկյանը Ռոբերտ Քոչարյանին տվեց ալիբի, տվեց արդարացում իր ընտրակեղծիքների համար: Վազգեն Մանուկյանն ինչ հայրենասիրական ճառեր էլ արտասանի, ինչ գաղափարախոսական իդեալներ էլ քարոզի, դրանք ընդամենը ծխածածկույթ են՝ իր դավաճանությունը թաքցնելու համար: Ավելին ասեմ՝ 1996 թ. գրոհելով խորհրդարանի շենքը, մեր պետականության խորհրդանիշը, վայրագություններ գործելով մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, Վազգեն Մանուկյանը դրանով հարթեց Նաիրի Հունանյանի ճանապարհը: Չլիներ 1996թ. խորհրդարանի գրոհը, չէր լինի 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:

2003 թ. նույն չարաբաստիկ դերը խաղաց Արտաշես Գեղամյանը: 2003 թ. Գեղամյանը ստացել էր բավական ձայներ՝ 15-17 տոկոս, եթե չեմ սխալվում, ընդամենը մեկ բան պետք է աներ՝ երկրորդ փուլում պետք է միանար Ստեփան Դեմիրճյանին: Արամ Սարգսյանը նույնպես թեկնածու էր, բայց նա հօգուտ Դեմիրճյանի իր թեկնածությունը հանեց նույնիսկ առաջին փուլից առաջ: Իսկ Գեղամյանը դա չարեց, ու ի՞նչ ստացվեց: Նորից Քոչարյանին տվեց ալիբի, տվեց իր կեղծված հաղթանակն արդարացնելու հնարավորություն: Բայց սա արդեն պատմություն է: Այսօր ո’չ Արտաշես Գեղամյանը, ո’չ Վազգեն Մանուկյանը որեւէ դեր չեն խաղում: Դրա համար նրանց հարցն այժմեական չէ, թող նրանք մնան քվեաթերթիկում, միեւնույն է, նրանք ժողովրդից ձայն չեն ստանալու:

Արթուր Բաղդասարյանը երիտասարդ է, խոստումնալից, մեր պետականության մեջ դեր խաղացած մարդ, քաղաքական հեռանկար ունեցող մարդ, որը կարող է սխալվել: Ես դեռ հույսս չեմ կորցրել... ոչ թե ինձ համար, այլ՝ իր համար: Ես ասում եմ` մենք արդեն հաղթած ենք, մենք նրա օգնության կարիքը չունենք, բայց ես ափսոսում եմ այդ մարդուն՝ իր քաղաքական հեռանկարը չկորցնելու հարցով: Ինձ միացած թիմը երիտասարդ թիմ է, 40-50 տարեկան քաղաքական հայտնի գործիչներ, նրանք արդեն այս համաժողովրդական շարժումը գլխավորելով` ապահովել են իրենց քաղաքական գոյությունը, իրենց քաղաքական հեռանկարը՝ 20-30 տարով: Նույն շանսն ունի Արթուր Բաղդասարյանը: Ուրեմն, Արթուր Բաղդասարյանը կարող է խաղալ նույն դերը, ինչ նախորդ ընտրություններում խաղացել են Գեղամյանը եւ Վազգեն Մանուկյանը: Ես չէի ուզի, որ այս մարդը բռներ դավաճանության ճանապարհը: Իսկ այսօր ժողովրդական շարժման դեմ գնացող մեկը` լինի դա քաղաքական գործիչ, պետական պաշտոնյա, գործարար, պետական մեքենայի պաշտոնյաներ, դա դավաճանություն է այս ժողովրդի դեմ: Ուրեմն, քանի որ սա գործնական խնդիր է, ես քաղաքական գործիչ եմ, մենք ընդհանուր գործ ունենք, ես իրավունք չունեմ վտանգելու այս գործի հաջողությունը: Ուստի, ես Արթուրի հետ ունեցած մի քանի մտերիմ զրույցների ժամանակ ասել եմ՝ «Արթուր, սա է ճանապարհը: Կամ գալիս ես այս ճանապարհով, կամ ես ստիպված եմ լինելու քեզ հետ խոսել քաղաքական խաղի կանոններով: Եթե դու խանգարելու ես այս շարժմանը, ապա ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի դու ոչ մի ձայն չստանաս»: Այո, սա բաց քաղաքականություն է, ոչ մի կոնսպիրացիա, ոչ մի հետին միտք չկա: Ես, մեր թիմը չի կարող վտանգել այս հրապարակը, մեր ժողովուրդը չի կարող վտանգել իր գործը:

Այստեղ, այո, հավաքված է 300 հազար մարդ: 300 հազար համոզված քաղաքացի, որը, ես վստահ եմ, ընտրությունների օրը ոչ միայն ինքը, այլեւ բոլոր ազգականներով, բարեկամներով, ընկերներով մասնակցելու է ընտրություններին եւ ապահովելու է մեր ժողովրդի, մեր երկրի ապագան:

Բայց քվեարկությունը քիչ է, ձեզանից յուրաքանչյուրն իրեն պետք է համարի այս շարժման մարտիկ: Քվեարկությունից առաջ ու հետո յուրաքանչյուր տեղամասի առջեւ պետք է հարյուրավոր մարդիկ հավաքված լինեն մշտապես՝ առավոտից մինչեւ ընտրատեղամասերի փակումը: Սա է միակ ճանապարհը՝ վերահսկելու ընտրությունների օրինականությունը, վստահություն տալու տեղամասերում գտնվող մեր վստահված անձանց ու դիտորդներին:

Ես չեմ կասկածում, որ մենք հաղթելու ենք առաջին փուլում: Սակայն, եթե վարչախումբը փորձի նախկինի նման թվեր նկարել եւ ինչ-որ ընտրությունների արդյունք արձանագրել, որով իբրեւ թե Սերժ Սարգսյանը հաղթել է (սա շատ անհավանական բան է), բայց եթե անգամ նման բան պատահի, ապա այդ դեպքում փետրվարի 20-ին նախատեսված մեր հանրահավաքը դառնալու է տեւական, եւ մենք ձեզ հետ միասին օգտագործելու ենք օրենքով մեզ տրված բոլոր իրավունքները, բոլոր հնարավոր օրինական միջոցները՝ բողոքարկելու, պահանջելու եւ հասնելու այդ արդյունքների վերանայմանը: Մեզանից ոչ ոք տուն չի գնա, մինչեւ մենք տեր չկանգնենք մեր հաղթանակին եւ մեր երկրին:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը ՀՀ քաղաքացիներին

Սիրելի հայրենակիցներ,

Փետրվարի 19-ին դուք հնարավորություն եք ունենալու ձեր կամքի ազատ արտահայտությամբ ազատվելու Հայաստանի ներկա ավազակապետական վարչախմբից եւ դառնալու երկրի իրական եւ արժանապատիվ տերը:

Դրա համար անհրաժեշտ է ընդամենը կատարել ձեր քաղաքացիական պարտքը եւ միահամուռ կերպով մասնակցել ընտրություններին: Ձեր անտարբերությունը կամ հոռետեսությունը, հեշտացնելով վարչախմբի կողմից կիրառվելիք ընտրախախտումներն ու կեղծիքները, կարող են ձախողել համաժողովրդական շարժման բախտորոշ գործը: Որքան ավելի շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան ժողովրդի հաղթանակն ավելի երաշխավորված կլինի: Ձեր ակտիվության պարագայում այն, ինչ չհաջողվեց 1998 եւ 2003 թվականներին, այս անգամ անպայման հաջողվելու է:
Դիմելով իմ աջակիցներին, համակիրներին, ինձ սատարող բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, իմ ընտրարշավային կառույցներում ընդգրկված տասնյակ հազարավոր ակտիվիստներին, վստահված անձանց եւ դիտորդներին` կոչ եմ անում. աչալուրջ կերպով հետեւել քվեարկության ողջ ընթացքին` սկսած ընտրացուցակների ճշտումից մինչեւ ձայների հաշվառումն ու ամփոփումը, օրենքին համապատասխան` տեղում կանխել ցանկացած ընտրախախտում կամ ընտրողների կամքի բռնադատման յուրաքանչյուր փորձ, անմիջապես բողոքարկել եւ արձանագրել բոլոր նման դեպքերը, իսկ քվեարկության ամփոփումից հետո իսկույն պահանջել տեղամասային հանձնաժողովների կազմած արձանագրությունները:

Հարկ եմ համարում կոչով դիմել նաեւ բոլոր մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին, գյուղապետերին, ոստիկանապետերին, ընտրական հանձնաժողովների նախագահներին եւ բոլոր անդամներին.

Ձեր խնդիրն ու պարտականությունն է ապահովել լիովին օրինական, ազատ եւ արդար ընտրությունների անցկացում, ինչը կնպաստի թե’ մեր երկրի հասարակական մթնոլորտի առողջացմանը, եւ թե’ նրա միջազգային վարկի բարձրացմանը: Ընտրությունների ընթացքում ձեր կողմից թույլ տրված ցանկացած օրինազանցություն յուրաքանչյուրիդ համար կունենա լուրջ իրավական հետեւանքներ: Չեմ կասկածում, որ ձեզանից շատերը կգտնվեն իրենց քաղաքացիական պարտքի եւ պաշտոնեական պարտականության գիտակցության բարձրության վրա եւ չեն խանգարի ժողովրդի ազատ կամքի արտահայտմանը:

Փետրվարի 19-ը նշանավորելու է հակաժողովրդական, քրեական վարչախմբի դեմ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի սկսած, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի ու նրանց համախոհների կողմից շարունակված տասնամյա պայքարի հաղթական ավարտը` դառնալով հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների արժանապատվության վերականգնման, ազատության երաշխավորման եւ բարգավաճման ապահովման բախտորոշ մեկնակետը: Ավազակախումբն արդեն պարտված է, իսկ ժողովուրդը` հաղթանակած: Փետրվարի 19-ին մնում է միայն իրավականորեն ձեւակերպել այդ հաղթանակը: Հաղթանա՛կ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter