HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինտերֆռոնտ»-ի հնարքը

80-ականների վերջին Խորհրդային Միությունում սկիզբ առած ժողովրդավարական հախուռն շարժումները ժամանակի ընթացքում կազմակերպական ձեւեր ստացան։

Ղարաբաղի հարցի առկայության պայմաններում հայկական կառույցը կոչվեց «Ղարաբաղ» կոմիտե, որը հետագայում դարձավ Հայոց Համազգային Շարժում կազմակերպության կորիզը։ Մերձբալթյան հանրապետություններում, Մոլդովայում եւ Ադրբեջանում այդ կազմակերպությունները կոչվում էին «Ժողովրդական ճակատ» կամ ռուսերեն ասած՝ «Նառոդնի ֆռոնտ»։ Վրացական նմանատիպ շարժումը «Կլոր սեղանն» էր։

Դրանք բոլորն այդ ժողովուրդների առ ժողովրդավարություն ունեցած մղումներն արտահայտող կազմակերպություններ էին, որոնց հիմքում դրված էին ազգային անկախության, ժողովրդավարական կարգերի հաստատման, մայրենի լեզվի եւ մշակույթի պահպանության, ժողովրդագրական տեղաշարժերը (Մերձբալթյան երկրներում՝ ռուսների միգրացիան) կանխելու եւ այլ ազգանպաստ նպատակներ։

Այս կազմակերպությունները ստեղծվում եւ գործում էին որպես սովետական, կոմունիստական իշխանությանն ընդդիմադիր միավորումներ, որոնց դեմ օրինական ճանապարհով պայքարել արդեն հնարավոր չէր, իսկ անօրինական ճանապարհով պայքարելու դեպքում գորբաչովյան պոլիտբյուրոն կկորցներ Արեւմուտքում նոր-նոր ձեռք բերած մարդկային դեմքը։ Մի գիշերում կարելի էր ցրել բոլոր կազմակերպությունները, հաշված ժամերի ընթացքում կարելի էր ձերբակալել ու բանտ նստեցնել դրանց ղեկավարներին ու անդամներին, բայց այդ դեպքում ապագա Նոբելյան մրցանակակիր Գորբաչովը Գորբաչով չէր լինի, դանդաղորեն ազատականացող ԽՍՀՄ-ն էլ ոչնչով չէր տարբերվի բրեժնեւյան «չարի կայսրություն»-ից։

Իշխանությունները հասկանում էին, որ թափ առնող ազգային-ժողովրդավարական շարժումները խարխլում են կայսրության հիմքերը, եւ պետության կյանքը մի քիչ էլ երկարաձգելու համար դիմեցին հասարակությունը պառակտելու այլ մեթոդի։ Մերձբալթյան երեք հանրապետություններում «Ժողովրդական ճակատ»-ների ստեղծումից շատ չանցած` առաջացան պետության հովանավորությունը վայելող հակոտնյա կազմակերպություններ, որոնք կոչվում էին «Ինտերֆռոնտ»։

Գաղտնի ծառայությունների ստեղծած այդ կառույցները պիտի հակազդեին ու խանգարեին ժողովրդի կամքն արտահայտող «Ժողճակատ»-ների գործունեությանը՝ միաժամանակ բազմակարծության պատրանք ստեղծելով Արեւմուտքի համար։

Իսկապես, ինչ կա որ, բնակչության մի մասն ուզում է անկախություն, մյուս մասը դեմ է անկախությանն ու երազում է կյանքը շարունակել հանրակացարան հիշեցնող բազմազգ կայսրությունում։ Ժողովրդի մի մասը ցավում է, որ մայրենի լեզուն կորչում է, մյուսները նեղվում են, որ պետական հաստատություններում աշխատելու համար ստիպված են մեծամասնության լեզուն սովորել։ Մի խոսքով, «Ինտերֆռոնտ» կոչվածը մի կազմավորում էր, որը պլյուրալիզմի դիմակով փոխարինում էր պետության վարչահրամայական մեքենային ու անվտանգության ծառայությանը։

Ռիգայի համալսարանի պատմության դասախոս Մավրիկ Վուլֆսոնն այդ ժամանակ հայտնի մարդ էր ոչ միայն Լատվիայում, այլեւ բալթյան մյուս հանրապետություններում։ Նա գաղտնի արխիվներում պեղել էր «Մոլոտով-Ռիբենտրոպ» պակտի բնագիր տեքստն ու հրապարակել մամուլում։ Մոլոտով-Ռիբենտրոպյան պակտով էին Լատվիան, Լիտվան ու Էստոնիան բռնակցվել Խորհրդային Միությանը։

1989-ին Ռիգայում էի ու որոշեցի հարցազրույց անել Վուլֆսոնի հետ։ Ծանոթներիս միջոցով գտա նրա հեռախոսի համարը։ Երեկոյան զանգեցի ու հայտնեցի նպատակս։ Ընկճված, տագնապոտ մի ձայն պարզապես աղերսեց. «Խնդրում եմ Ձեզ, մի անհանգստացրեք ինձ, ես ոչինչ չգիտեմ պատմության մասին, ես այդ պակտը չեմ տեսել»։ Երբ ընկերներիս պատմեցի իմ ու Վուլֆսոնի խոսակցության մասին, ասացին, որ լատվիական «Ինտերֆռոնտ»-ն ամբողջ ուժով հալածում է նրան։ Պարզվեց, որ Վուլֆսոնին համալսարանից հեռացնելու՝ Մոսկվայից իջեցված հրահանգը Մոսկվայի կողմից էլ կասեցվել էր։ Եւ դա բնական էր։ Պատմաբանին համալսարանից հեռացնելու համար պետք է ժողով անեին։ Ժողովն, ամենայն հավանականությամբ, կորոշեր չհեռացնել։ Դրանից հետո պիտի կամայականության եւ ուժի ցուցադրում լիներ։ Իսկ «Ինտերֆռոնտ»-ով կյանք թունավորելը եւ՛ անվնաս էր, եւ՛ օգտակար, եւ՛ չէր հակասում կարծիք արտահայտելու բոլորի հավասար իրավունքին։

1980-ականների վերջի Հայաստանում նման կազմակերպություն հնարավոր չեղավ ստեղծել։ Հնարավոր չեղավ ոչ թե այն պատճառով, որ մեր երկիրը, ի տարբերություն բալթյան հանրապետությունների, Մոլդովայի ու Ադրբեջանի, բազմազգ չէր, այլ որովհետեւ բոլորի նպատակը մեկն էր՝ նախ Ադրբեջանից ազատագրել Արցախը, ապա անկախացնել Հայաստանը։ Ասել, թե փորձեր չարվեցին, սուտ կլինի։ Ասել, թե այդ սայլին լծվելու պատրաստ մարդիկ չկային, դարձյալ սուտ կլինի։ Կային, բայց այդ օրերի բարոյական մթնոլորտն, այդ ժամանակվա արժեքները նման նախաձեռնությունները դեռ չծնված դատապարտում էին մահվան։

Հիմա էլ, երբ Հայաստանում սկիզբ է առել նոր ազատագրական շարժում, իշխանությունները, խուսափելով ուղիղ բռնարարքներից (սպանություններ, ձերբակալություններ, պատահարներ), դիմում են «Ինտերֆռոնտ» հնարքին։ Բայց այս նոր ինտերֆռոնտի անդամները ոչ թե օտար ազգի մարդիկ են, այլ օտար իշխանության մարդիկ, ովքեր գալիս են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մոտ պիկետ անելու, ովքեր իշխանության թեկնածուի համար ավտոերթ են կազմակերպում՝ ընդդեմ ութ ընդդիմադիր թեկնածուներից մեկի՝ Տեր-Պետրոսյանի, ովքեր տասնյոթ վերահսկելի հեռուստաալիքներով օրնիբուն հայհոյում են ընդդիմադիր միակ թեկնածուին, ովքեր պլակատ ու պոստեր կախելու հնարավոր բոլոր տեղերը զբաղեցնելով` չեն կշտանում ու DVD սկավառակներ են բաժանում ընդդեմ նույն եւ միեւնույն թեկնածուի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի։

80-ականների վերջին «Ինտերֆռոնտը» մեծ հաշվով ոչ մի խնդիր չլուծեց, հակառակը՝ արագացրեց ժողովրդավարական շարժումը։ Հիմա էլ այդպես է լինելու։ Մի քանի օր է մնացել հաղթանակին, որից հետո ինտերֆռոնտականները կհանդարտվեն, երբ հասկանան, որ պատվիրատուներն արդեն անհասանելի են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter