Դատախազի տեղակալը միացավ հանրահավաքին
Դիմելով հավաքվածներին, գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է տեր կանգնել իրենց ձայներին, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը միայնակ ոչինչ չի կարող անել այս հողի վրա օրենքի իշխանություն հաստատելու համար:
«Ազնիվ չէի լինի, եթե չխոսեի հոկտեմբերի 27-ի մասին»,- ասել է Ջհանգիրյանը եւ հայտարարել, թե միանում է այդ մասով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական գնահատականներին եւ որպես իրավաբան հայտարարում, թե 27-ի գործի անջատված մասով անօրինական կարճված գործը պետք է շարունակվի քննվել: Գագիկ Ջհանգիրյանը կրկին խնդրել է տեր կանգնել ձայներին եւ օգնել Տեր-Պետրոսյանին, եւ այդ դեպքում 27-ի գործը կհասցնեն մինչեւ վերջ:
Այս ելույթից քիչ անց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի` Գագիկ Ջհանգիրյանը կոպտորեն խախտել է օրենքի պահանջը, եւ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է Հանրապետության նախագահին ազատել նրան զբաղեցրած պաշտոնից եւ հեռացնել դատախազության համակարգից:
««Դատախազության մասին» ՀՀ օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ: Օրենքի 7-րդ հոդվածն ուղղակի սահմանում է. «Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատախազը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն»»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել