Ուսանողներն Ազատության հրապարակում են
Մենուա Բրուտյան
28 տարեկան
«Ոչ մի օրենքով` ո՛չ գողական, ո՛չ մարդկային, ո՛չ ժողովրդավարական օրենքներով չի կարելի մարդուց խլել իր ընտրելու ձայնը: Դա չի վաճառվում: Խաբում են, առնում են փողով: Նենց սոցիալական վիճակ են ստեղծում, որ մարդիկ էդ կոպեկներին են նայել»:
«Մենք պահանջում ենք վերականգնել մեր ազատ ընտրություն կատարելու իրավունքը»:
«Ես Լեւոնի նկատմամբ հատուկ համակրանք ունեմ: Ես տեսնում եմ, որ այսօր միայն նա կարող է համախմբել մարդկանց»:
«Մենք պետք է հասնենք նրան, որ այս ընտրությունները չեղյալ հայտարարվեն: Մենք դա անելու ենք խաղաղ երթերի, նստացույցերի միջոցով, ինչպես ասել է մեր ընտրած նախագահը»:
Լեւոն Բաբաջանյան
17 տարեկան
«1988-ին մեր հայրերը պայքարել են արտաքին թշնամու դեմ, հիմա մեր թշնամին ներսում է, դա ավելի վատ է»:
«Մեզ վիրավորում է, որ ինչ-որ օլիգարխների հպատակներ գալիս ծեծում են վստահված մարդկանց, տանում Սեւան: Այդ օրը ես ինքս տեսել եմ, որ կեղծումներ են եղել, մարդկանց ծեծել են, Արաբկիրի թաղապետը մեր շտաբի պետին ծեծեց իմ աչքի դիմաց: Ի՞նչ իրավունքով»:
«Եթե չհավատայինք, այստեղ չէինք գա: Այսօր բերետավորները մեզ փորձեցին ճամփից շեղել, բայց չստացվեց, մենք եկանք այստեղ, որովհետեւ էս պահին պիտի այստեղ լինենք»:
«Մեր ընկերները զանգում ասում են, որ համալսարանների դռները փակում ու չեն թողնում, որ գան այստեղ»:
«Ես Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆանատիկը չեմ ու չեմ ասում, որ ինքը միշտ ճիշտ է եղել, բայց հիմա ժամանակն է թելադրում, որ մենք այստեղ իր կողքին լինենք»:
«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գա, իշխանափոխություն չի լինի, որովհետեւ Ազգային ժողովում հանրապետականներն են, բայց ես վստահ եմ, որ կառավարման մեխանիզմները կփոխվեն: Հանրապետականների մեջ էլ լավ մարդիկ կան, եթե կառավարման մեխանիզմները փոխվեն, կառավարման որակն էլ կփոխվի»:
«Սերժին ընտրողներ էլ կային, բայց նա չի հաղթել»:
Իշխան Գեւորգյան
18 տարեկան
«Ինձ դուր չի գալիս, որ ամեն ինչ մի քանի մարդկանց ձեռքում է, ու մյուսների բարեկեցությունը նրանցից է կախված»:
«Ինձ համար կարեւոր է այստեղ գալ: Ես զգում եմ, որ այստեղ պիտի լինեմ»:
«Ես քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, ես իմ ու իմ ընկերների ապագայի մասին եմ մտածում: Բոլոր ընկերներս էլ լավ սովորում են, ուզում եմ, որ նորմալ ապագա ունենան»:
Հայկ Խալափյան
19 տարեկան
«Ես չեմ պատկերացնում` ինչ ընթացք կունենա, որովհետեւ ես հավատում էի, որ կեղծումներ չեն լինի, ու ամեն ինչ այլ ընթացք կունենա: Բայց հիմա վստահ եմ, որ կեղծումներ են եղել»:
«Ոզում եմ փոխվի, այստեղ հեռանկար չկա, ամեն ինչ մի քանի հոգի է որոշում»:
«Ես պահանջում եմ երկրորդ փուլ եւ հեռուստաբանավեճ: Ես ուզում եմ, որ հեռուստաալիքները ցույց տան` ինչ է կատարվում այստեղ, որ գյուղերի մարդիկ էլ իմանան»:
«Ցանկացած մեկին փողոցում բռնեն հարցնեն, կասեն` ինչ կեղծիքներ են տեսել, եթե այդ դիտորդները դա չեն տեսնում, այդ դեպքում ես չեմ հասկանում` նրանք ինչի՞ համար են եկել Հայաստան»:
«Ինչու՞ հեռուստաընկերությունները չեն լուսաբանում այս ամենը, որ արդեն երեք օր է տեղի է ունենում, ինչու՞ դիտորդները չեն տեսնում այս ամենը»:
«Իմ կարծիքով` Սերժ Սարգսյանը չի ընտրվել: Ես չեմ կարող ասել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է ընտրվել: Այդ պատճառով էլ պահանջում եմ երկրորդ փուլ»:
Կարեն Հակոբյան
18 տարեկան
«Ես կարծում եմ, որ կեղծիքներ են եղել: Ես ուզում եմ չեղյալ հայտարարվեն ընտրությունները: Իշխանությունները պետք է հաշվի նստեն մեզ հետ»:
«Ես գոհ եմ մարդկանց արձագանքից:
Եթե Սերժ Սարգսյանի միտինգներին բերում ու ներկա-բացակա էին անում, այստեղ մենք մեր կամքով ենք գալիս»:
Մեկնաբանել