Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը
Ցավոք սրտի, մեր կողմից հնչեցված եւ ոչ մի ահազանգ չի արժանացել համարժեք գնահատականի, որն ավելի է խորացրել ընտրական գործընթացներում տիրող անվստահության մթնոլորտը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անտարբերությունը հանգեցրել է նրան, որ արդարության վերականգնման վերջին հնարավորությունը, այն է` քվեարկության արդյունքների բողոքարկման պատասխանատու փուլը նույնպես ուղեկցվում է առանձին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ապօրինի կամայական գործողություններով:
Մասնավորապես, բազմաթիվ ընտրատարածքային հանձնաժողովներում` թիվ 3, 8, 21, 23, 24, 38, մերժել են ընդունել Արթուր Բաղդասարյանի վստահված անձանց դիմումները քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին: Ընդունված դիմումներն արհեստականորեն խոչընդոտել են քննարկել թիվ 5, 12, 24, 34, 35 եւ այլ ընտրատարածքներում, իսկ բազմաթիվ դեպքերում վերահաշվարկի սկսված գործընթացը ձախողել են հանձնաժողովների մեծամասնության կողմից քվորում չապահովելու միջոցով:
Միայն Երեւանի թիվ 9/31 ընտրատեղամասում Արթուր Բաղդասարյանի վստահված անձի վերահաշվարկի պահանջի վերաբերյալ դիմումի հիման վրա, քվեարկության արդյունքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հանցագործության ճանապարհով Արթուր Բաղդասարյանի ձայները նվազեցվել են 50-ով: Համանման դեպքեր են արձանագրվել նաեւ թիվ 34, 35, 38 ընտրատարածքներումի, թիվ 24/18, 24/19, 11/04, 11/15 եւ բազմաթիվ այլ ընտրական տեղամասերում: ԸԸՀ-ների կողմից ակնհայտ կերպով արհեստականորեն ձգձգվում է մեր կողմից մատնանշված ընտրական տեղամասերի արդյունքների վերահաշվարկի գործընթացը` առաջնահերթության կարգով քննարկելով այն տեղամասերի արդյունքները, որտեղ իրենց տեղեկություններով ընտրական կեղծիքների ծավալը տպավորիչ չէ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաղը, փետրվարի 24-ին լրանում է քվերակության արդյունքների վերահաշվարկի վերջնաժամկետը, կոչ ենք անում ԿԸՀ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել եւ հանձնարարել ԸԸՀ-ներին պատշաճ վերահաշվարկ իրականացնելու միջոցով վերականգնել ընտրությունների արդյունքների իրական պատկերը, հակառակ դեպքում լուրջ կասկածի տակ կառնվի ընտրությունների լեգիտիմությունը, ինչը հղի է ոչ միայն հասարակական առճակատումների վտանգով, այլ նաեւ լուրջ վնաս է հասցնում երկրի միջազգային վարկին` խոցելի դարձնելով ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունը:
Այս կապակցությամբ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը դիմել է ԿԸՀ:
23 փետրվարի 2008թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել