Հաղորդում հանցագործության մասին
23 փետրվար 2008թ.
2008 թվականի փետրվարի 23-ին Երեւան քաղաքի Դավիթաշեն համայնքի 5-րդ ընտրատարածքային հանձնաժողովի նիստում տեղամասային հանձնաժողովներից ստացված վերահաշվարկի դիմումների քննարկումը ՀՀ ընտրական օրենսգրքի 40.2 հոդվածի համաձայն պետք է հրավիրվեր ժամը 9:00-ին, սակայն նիստը հրավիրվեց միայն 10:30-ին հանձնաժողովի հետեւյալ անդամների` Ծատուրյան Արտյոմի, Բարֆյան Ռազմիկի, Գեւորգյան Էդիկի, Գաբրիելյան Գրիգորի, Մկրտչյան Լիլիթի ուշանալու պատճառով: Ի դեպ երեկ փետրվարի 22-ին, խախտելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 40.2 հոդվածի 7-րդ կետի պահանջները վերոնշյալ անձինք միտումնավոր չեն ներկայացել հանաձնաժողովի նիստին:
Հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ըստ գործավարության մատյանում նշված հերթականության առաջնահերթ վերահաշվարկման պետք է դրվեն 5/05 տեղամասի քվեարկության արդյունքները: Հաշվարկման ընթացքում հանձնաժողովի նախագահը վատառողջ լինելու պատրվակով լքել է նիստը, որը շարունակել է վարել նախագահի տեղակալը: Պատշաճ կարգով վերահաշվարկն ավարտելուց հետո կազմվել է արձանագրություն, այնուհետեւ ՀՀ ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը գործավարության մատյանում հայտնաբերել է, որ վերահաշվարկը ըստ գրանցման հերթականության պետք է իրականացվեր 5/27 տեղամասի պարկերի վերաբերյալ, այդ պահից սկսած հանձնաժողովի անդամները տարբեր պատրվակներով լքել են տեղամասը: Իրենց վարքագծով նրանք փաստորեն փորձել են կազմալուծել հանձնաժողովի նիստը` վերահաշվարկի գործընթացը:
Ղեկավարվելով ՀՀ ԿԸՀ-ի կանոնակարգի Գլուխ 7, 43 ժբ կետում նշված պահանջով Զոյա Թադեւոսյանը հորդորել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյոմ Ծատուրյանին շարունակել հանձնաժողովի նիստը: Նիստում որոշվել է հաջորդը վերահաշվարկել թիվ 5/21 տեղամասի քվեարկության արդյունքները: Ապա ստանալով մի շարք հեռախոսազանգեր` Ա.Ծատուրյանը ակնհայտորեն ահաբեկված էր, որից հետո, օրենքի կոպիտ խախտմամբ, առանց որեւէ պատճառաբանության, հրաժարվում էր շարունակել նիստը: Այդ ընթացքում նա շարունակ հեռախոսազրույցներ էր ունենում մեզ համար անհայտ անձանց հետ: Հեռախոսով խոսելիս այլ արտահայտությունների շարքում նա թույլ տվեց նաեւ հետեւյալը. «Ինչ է, ես պետք է ուրիշի արածի պատասխանատվությունը ինձ վրա՞ վերցնեմ»: Այդ պահին հանձնաժողովի անդամներից ներկա էին «ՕԵԿ» անդամ Մեդորա Չախմախչյանը, «Ժառանգության» անդամ Անահիտ Ներսեսյանը, Հանրապետական կուսակցության անդամներ Ռազմիկ Բարֆյանը, Էդիկ Գեւորգյանը, Լիլիթ Մկրտչյանը: Վերահաշվարկի գործընթացը սկսելուց հետո ԸԸՀ անդամներ Ռազմիկ Բարֆյանը, Էդիկ Գեւորգյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գրիգոր Գաբրիելյանը դուրս են եկել տեղամասից, նրանցից հետո Ա.Ծատուրյանը փորձել է գողանալ քվեակության արդյունքերի պարկը, ինչը կանխվել է հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Ներսեսյանի կողմից: Կրկին ստանալով հեռախոսազանգ` Ա.Ծատուրյանը դադարեցրել է իր ապօրինի գործողությունները եւ դուրս եկել տեղամասից: Քիչ անց ներս է մտել հանձնաժողովի քարտուղար Ռազմիկ Բարֆյանը, որը հափշտակել է գործավարության մատյանը: «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Քալանթարյանը հանձնաժողովի անդամններ Անահիտ Ներսեսյանին, Մեդորա Չախմախչյանին եւ ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանին հայտնել է, որ ընտրատեղամասին հարակից սենյակում Լիլիթ Մկրտչյանը, Գրիգոր Գաբրիելյանը, Արտյոմ Ծատուրյանը պատրաստում են ինչ որ բողոքներ հանձնաժողովի մյուս անդամների վերաբերյալ:
Այդ ընթացքում ընտրատարածքի դռան մոտ, Ա.Ծատուրյանի հրավերով խմբվել էին ավելի քան 50 մարդ, որոնցից մի մասը ներկայանում էին որպես ՀՀ ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցներ` առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու: Տվյալ անձանց մեջ էր նաեւ Դավիթաշենի թաղապետի տեղակալ Արթուր Գեւորգյանը:
Հանձնաժողովի երկու անդամները` օգտվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 39 հոդվածի 6-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված լիազորություններից, փորձել են շարունակել նիստը` իրականացնելով վերահաշվարկի գործընթաց, սակայն ոստիկանության քննչական բաժնի աշխատակիցներ ներկայացող անձիք խոչընդոտել են հանձնաժողովի բնականոն աշխատանքը: Նրանք հանձնաժողովի անդամներին դուրս են հրավիրել տեղամասից` հիմնավորելով, որ պետք է իրականացվի քննչական տեղազննություն: Հանձնաժաղովի անդամների պահանջին` ներկայացնել գրավոր հիմքեր ընտրատեղամաս ներխուժելու եւ քննչական գործողություններ իրականացնելու վերաբերյալ, նշված անձիք շուրջ մեկ ժամ որեւէ կերպ չէին պատասխանում, փոխարենը նրանք սպառնում էին հաշվեհարդար տեսնել հանձնաժողովի, լրագրողների, դիտորդների եւ վստահված անձանց հետ: Այդ սպառնալիքները արագ իրականացվեցին: Տեղամաս ներխուժեցին 50-ից ավել սափրագլուխներ` ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի եւ ՀՀ Նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի օգնական Լեւոն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Սափրագլուխները սկսեցին ծեծել լրագրողներին, դիտորդներին, հանձնաժողովի անդամններին, վստահված անձանց: Նրանք ջարդեցին լրագրող Գագիկ Շամշյանի տեսախցիկը, «Ա1+» լրատվական ծառայության տեսախցիկը, հարձակվեցին «Առավոտ» թերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանի վրա: Փաստորեն, հանձնաժողովի անդամները, ԿԸՀ ներկայացուցիչը, լրագրողները, դիտորդները եւ վստահված անձիք հայտնվեցին ՀՀ ոստիկանության աշխատակիցների եւ մի խումբ սափրագլուխների պատանդի կարգավիճակում: Ապօրինություններին ականատես եղան Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանը, ԵԱՀԿ-ի երկու դիտորդներ, լրագրողներ, ԱԺ «ՕԵԿ» խմմբակցության անդամ պատգամավորներ` Հովհաննես Մարգարյանը եւ Արտաշես Ավոյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ` Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, որոնք ներկա էին որպես դիտորդ եւ ներկայացրել էին համապատասխան փաստաթղթեր, ինչպեսեւ այլ դիտորդներ: Ծեծկռտուքի եւ քաշքշուքի արդյունքում, հանձնաժողովի անդամները, վստահված անձիք, դիտորդները եւ լրագրողները բռնի կերպով դուրս մղվեցին ընտրատեղամասից սափրագլուխների կողմից` առանց փակի տակ դնելու առկա փաստաթղթերը, պարկը եւ այլ պարագաները:
Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում ենք համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը, հարուցել քրեական գործ եւ պատժել մեղավորներին:
ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյան
թիվ 5 ԸԸՀ անդամ Անահիտ Ներսիսյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, դիտորդ Արմեն Մարտիրոսյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ, դիտորդ Զարուհի Փոստանջյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել