Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը Ազատության հրապարակում
Թանկագին բարեկամնե՛ր, համաքաղաքացինե՛ր,
Ազգային իրավատիրության այս հրապարակը, անտարակույս, իրացնելու է մեր հավաքական, քաղաքացիական եւ ազգային իրավունքը:
Իրացնելու է ազգային միասնության այս թեւածող ոգով, ինչպես նաեւ առավել հստակ, առարկայական գնահատականներով ու զուսպ բառապաշարով: Յուրաքանչյուրս իրավունք ունի սխալվելու կյանքի ընթացքում` թե՛ այս հարթակում կանգնածները, թե՛ ժողովուրդը, թե՛ այստեղից բացակայողները: Բայց ոչ ոք չի կարող դատավոր կանգնել հայ ժողովրդի ազատ ընտրության արգասիք հանդիսացող քվեին:
Մի քանի օր առաջ մենք միասին նշեցինք Արցախյան ազատամարտի պաշտոնական մեկնարկի 20-ամյակը, մի քանի օր անց նաեւ ոգեկոչելու ենք Սումգայիթյան եղեռնի զոհերի հիշատակը: Եվ ահա այստեղ` այս հրապարակից մինչեւ ցանկացած սահման եւ Ստեփանակերտ, տիրող ազգային միասնությունն էր, որ մեզ տարավ դեպի հաղթանակ: Ներկա էր Հայաստանի առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը: Անուրանալի է սպարապետ Վազգեն Սարգսյանի, մեր պանծալի հրամանատարների, գեներալների, պաշտպանության բոլոր նախարարների ավանդը: Արցախյան ազատամարտում իրենց կյանքը տվեցին հերոսացած հազարավոր հայ տղաներ ու աղջիկներ` երկրապահներ, ՀՀՇ-ականներ, հանրապետականներ, դաշնակցականներ, կոմունիստներ, անկուսակցականներ: Ժողովուրդը մեկ էր, եւ այս հաղթանակն էլ աներկբայորեն կդարբնվի, եթե ժողովուրդը մեկ դառնա` մեկ կամք եւ մեկ բռունցք: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք վառ հիշատակը միասնական ժառանգությունը հետնորդներին փոխանցած մեր մեծերի` սպարապետների, զորավարների եւ բազմահազար շարքային հայորդիների, ովքեր անվարան մեծ հաղթանակի զոհասեղանին դրեցին իրենց կյանքը` հանուն հայրենիքի, հավատի եւ ազատության:
Այդ տոնը նաեւ գործող վարչապետ Սերժ Սարգսյանինն է, ով նույնպես արժանի ավանդ է ունեցել Արցախի ազատագրական պայքարի մեջ, իսկ այսօր կանգնած է իր կյանքի ամենավճռորոշ ջրբաժանի առջեւ: Նա խոսում է արդարամտությունից, հրապարակավ ներողություն է հայցում 17 տարիների ընթացքում կատարված սխալների համար: Դա մեծ արժանիք է, իհարկե, բայց հարկ չկա հայտարարել, թե միայն ուժեղն ունակ է ներողություն խնդրելու: Այստեղ ներողության ուժը սոսկ նախընտրական խոստման մեջ չէ, այլ արարքի, մարդու օրինակելի վարքագծում, թե ինչպես է նա կյանքի կոչելու իրապես բարձր մարդկային այդ արժեքը` ներողամտությունը: Ով-ով, բայց նա հրաշալի գիտե, որ հազարավոր հայաստանցիներ իրավազրկվել են սեփական երկրում, բազմաթիվ քաղաքացիներ եւ գործիչներ հետապնդվում են իրենց համոզմունքների համար: Ընտրությունները խեղաթյուրվում են, ժողովրդից խլվում է ազատ կամարտահայտության բնատուր իրավունքը:
Այսօր նա պետք է հարց տա իրեն` արդյոք սա՞ է այն հաղթանակը, որին ինքն արժանի է, արդյոք սա՞ է այն քվեարկությունը, որով ընտրվելու է օրինավոր երկրի օրինավոր նախագահը եւ հնարավո՞ր է արդյոք ժողովրդի վստահության քվեն ստանալ լցոնումների, բռնությունների եւ փաստագրված այլեւայլ իրավախախտումների միջոցով: Ուրեմն` ինչպես ես իրենից ներողություն խնդրեցի, երբ խորհրդարանում վիրավորեցի իր զգացմունքները, այնպես էլ ինքը թող անձնական օրինակով ու վարքով ներողություն խնդրի եւ միանա ընտրական գործընթացին ու արդյունքների վերանայման այս շարժմանը: Նա պետք է հաղթահարի իր խորհրդատուների, գուշակների եւ այլ «պայծառատեսների» թելադրանքը, վերանա նրանց մեծարումի թմբիրից եւ, ի վերջո, վերադառնա հայաստանյան ու արցախյան արժանահիշատակ գործերի ակունքներին: Սա, թերեւս, նրա կյանքի մեծագույն փորձությունն է:
Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք բոլորս, սիրելի հայրենակիցներ, այսօր հաղթած ենք. Հայաստանում թափ է առնում քաղաքացիական կամքի, քաղաքական հանձնառության, տիրոջ իրավուքի գիտակցման շարժումը: Դուք ապացուցեցիք, որ այո՛, տեր եք մեր ընտրությանը, տեր եք մեր հաղթանակին, տեր եք մեր երկրին:
Մեզ միացնում է անցյալի ժառանգությունն իր նվաճումներով ու սխալներով հանդերձ վերաիմաստավորելու եւ նորովի հունավորելու հրամայականը, մեր ազգային ապագան առաջընթացի ճշմարիտ մայրուղի դուրս բերելու անհրաժեշտությունը: Ապագային միտված այդ մեծ վերադարձի գլխավոր պատգամախոսը դարձավ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հավաստիացնում ենք, որ «Ժառանգությունը», ինչպես ի սկզբանե, այնպես էլ մինչեւ հաղթանակ եւ անգամ նոր իշխանության ձեւավորումից հետո կանգնելու է ոչ թե հարթակում, այլ տարրալուծվելու է ժողովրդի մեջ` առաջին շարքից մինչեւ վերջինը: Մենք միասին կազմելու ենք այն հավաքական խիղճը, համակշիռը, ուղեգիծը, ողնահարը, որոնցով ժողովուրդն այլեւս երբեք թույլ չի տալու, որ մեզանում որեւէ ընտրություն կեղծվի, որ Հանրապետության քաղաքացու իրավունքը որեւէ կերպ խախտվի սեփական տանը: Այնպես կանենք, որ ոչ մեկը` երկրի ներսում, թե դրսում, հետայսու չհանդգնի հարվածել կամ կասկածի ենթարկել Հայաստանի պետական ինքնիշխանությունը, ազգային շահը, քաղաքացու ազատությունն ու արժանապատվությունը:
Որովհետեւ առանձին վանկարկված անուններից, կարգախոսներից, կուսակցություններից, կոչումներից վեհ ու վսեմ կա տիեզերական մի սեր, Աստվածատուր մի հավատամք, ժառանգական մի առաքելություն, հրաշակերտ մի արժեք` մեր Հայրենիքը, որը պատկանում է բոլորիս, եւ որի անունն է` այսօր եւ առհավետ, Հայաստան:
Հա-յաս-տա՛ն, Հա-յաս-տա՛ն, Հա-յաս-տա՛ն:
22 փետրվարի 2008թ.
Երեւան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել