Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների ցույցը Լոս Անջելեսում
Լ.Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-Ի կենտրոնի լրատվական ծառայությունը հաղորդում է.
2008թ փետրվարի 24-ին Լոս Անջելեսի Լիթըլ Արմենիա թաղամասում տեղի ունեցավ բողոքի ցույց-հանրահավաք, որին մասնակցում էին 15 հազարից ավելի մարդ։
Հանրահավաքի նպատակն էր առաջին հերթին զորակցել Հայաստանում թափ առած համաժողովրդական շարժմանը եւ կոչ անել ԱՄՆ-ի Պետդեպարտեմենտին լինել հետեւողական Հայաստանում ժողովրդավարության սկզբունքների պահպանման խնդրում, չճանաչել նախագահական ընտրությունների արդյունքները, դատապարտել հայաստանյան իշխանությունների կողմից սանձազերծված բռնություններն ու ապօրինի ձերբակալությունների շարքը եւ պահանջել նրանցից վերջ տալ քաղաքական հետապնդումներին։
Հանրահավաքում ելույթ ունեցողները դատապարտեցին ընտրակեղծիքներով, բռնություններով, ահաբեկումներով ու այլ տեսակի ապօրինի գործողություններով անցկացված ընտրությունները։ Հանրահավաքը արձանագրեց, որ ընտրությունների արդյունքները չեն համապատասխանում իրականությանը և միացավ Լ. Տեր-Պետրոսյանի պահանջին՝ անվավեր ճանաչելու ընտրությունները։
Հանրահավաքը Հայաստանի կառավարությունից պահանջեց անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, անմիջապես դադարեցնել քաղաքական հետապնդումները եւ վերջ տալ տեղեկատվական շրջափակմանը։
Հանրահավաքը ավարտվեց պայքարը շարունակելու պատրաստակամությամբ եւ իր տրամաբանական ավարտին հասցնելու վճռակամությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել