ՆԺԿ-ն հայտարարում է
Այսօր «Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.
Նրանք կոպտորեն, գոռում-գոչյունով ու սպառնալիքներով գետնին են պառկեցրել Արամ Կարապետյանին, ՆԺԿ վարչության անդամ Սամվել Խաչատրյանին, թիկնազորի տղաներին ու վարորդներին, այնուհետև նրանց տարել ՀՀ ԱԱԾ կենտրոնական մասնաշենք:
ՀՀ ԿԱ ԱԱԾ Քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի կողմից նույն օրը կազմված ձերբակալման արձանագրության մեջ նշված է. «Արամ Կարապետյանը կասկածվում է հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու մեջ, որը զուգորդվել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին առանձնապես ծանր հանցագործությունների` պետական դավաճանության եւ տեռորիստական ակտի կազմակերպման մեջ նրանց մեղադրելով»:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՆԺԿ նախագահը թողարկել էր իր երկրորդ լազերային սկավառակը, որում մասնավորապես անդրադարձել էր հանրապետական մամուլում հրապարակված («Հայկական ժամանակ» թիվ 25, 09.02.2008թ.) իշխանությունների այն նախագծին, ըստ որի` Մեղրին պետք է հանձնվեր Ադրբեջանին, ինչպես նաեւ անդրադարձ էր եղել այն տեղեկությանը, ըստ որի` Մեղրին հանձնելու հրեշավոր ծրագրի եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի միջեւ հնարավոր կապ գոյություն ունի: Ավելին, խնդրի շուրջ իր մտահոգություններն Արամ Կարապետյանը նամակների միջոցով հայտնել էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին:
Ավելացնենք, որ ձերբակալման վերոհիշյալ արձանագրության մեջ նշված է նաեւ Արամ Կարապետյանի հայտարարությունը, ըստ որի` ՆԺԿ նախագահն իրեն մեղսագրվող արարքի հետ որեւէ առնչություն չունի, քանզի իր արարքում սուտ մատնության հատկանիշներ չկան:
Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խուզարկել են «Նոր ժամանակներ» կուսակցության կենտրոնական գրասենյակը, կնքել եւ իրենց հետ տարել են համակարգիչները: Մի քանի ժամ տևած խուզարկության արդյունքում նրանք այդպես էլ չեն գտել իրենց կասկածները հաստատող եւ Արամ Կարապետյանի գործունեությունը մերկացնող որեւէ իր կամ փաստաթուղթ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել