HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քիչ վերահսկող ունենք, հիմա էլ բնակչությունը պիտի մեզ վերահսկի»,- ասում է Մարմարաշենի համայնքապետը

Նարեկ Խաչատրյան

Առաջինը, որ աչքի զարնեց Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական մեծ պաստառն էր համայնքապետարանի ճակատին, որն օրենսդրորեն անթույլատրելի է։

Համայնքապետ Էդվարդ Հակոբյանն այդ մասին լավ գիտեր եւ, իմանալով հանդերձ, նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի պետն էր։ Շտաբն էլ, կարծես թե, համայնքապետարանում էր։ Նախագահի թեկնածու վարչապետի առաջիկա այցի հետ այս գյուղում մեծ հույսեր էին կապում։ Համայնքապետը չթաքցրեց, որ առիթն անպայման օգտագործելու են` վարչապետի աջակցությունը խնդրելու գյուղում մսուր-մանկապարտեզի նոր շենքի կառուցման համար, որը, ըստ նախագծա-նախահաշվարկային տվյալների, արժենալու է 170 մլն դրամ։ Օրերս տեղեկացանք, որ համայնքապետին հաջողվել էր վարչապետից խոստում կորզել։ Դա բոլորովին էլ զարմանալի չէր, քանզի այս համայնքապետն, ի տարբերություն շատ-շատերի, այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 21 տարի։ Եվ, որպես տեղական ինքնակառավարման գործընթացի նախաակունքներում կանգնած մարդ, վերջինս ինքնակառավարման առաջին տարիները, պայմանավորված 90-ականների անցումային ժամանակահատվածով, բնորոշեց որպես անիշխանության, անկառավարելիության,  օրենքների չգոյության տարիներ։  

Հիմա, համայնքապետ Էդվարդ Հակոբյանի ներկայացմամբ, ինքնակառավարման առումով ամեն ինչ իր տեղն է ընկել։ Գյուղում համեմատական կայունություն է, ինչն, ըստ նրա, պայմանավորված է գյուղացիների զբաղվածությամբ. «Աշխատում են Երեւանում կամ իրենց հողերն են մշակում»։ Գյուղի հիմնական զբաղմունքը հողագործությունն է։  Ովքեր էլ դրա հնարավորությունը չունեն, մեկնել են արտագնա աշխատանքի։ «Արտագաղթ ներկայումս էլ կա, բայց ոչ 90-ական թվականների չափով»,- բացատրում է  համայնքապետը։ 

Մարմարաշենն ունի 370 հա հողատարածք, որի հիմնական մասը վարելահող է, մնացածը` պտղատու եւ խաղողի այգիներ։ «Վարելահողը դժվարությամբ են մշակում։ Եկամուտ չկա։ Մի քանի տարի առաջ գյուղում մինչեւ 220 հա ցորեն են մշակել, հիմա ամբողջ գյուղում հազիվ 20 հա ցորեն է ցանվում։ Մնացած 200 հա-ի կեսն ընդհանրապես չեն մշակում, չեն կարողանում մշակել։ Այս առումով անմխիթար վիճակ է»,- խոստովանում է համայնքապետը։ Հողերն անմշակ թողնելու հետեւանքով հողի հարկը հավաքագրելու հետ կապված խնդիրներ են առաջանում։ Այդուհանդերձ, 2007 թ. կարողացել են հողի հարկի գրեթե 90%-ը հավաքագրել։ Մարմարաշենում, համայնքապետի ասելով, հաշվարկային հողի հարկը մեկ տարում կազմում է 5.5 մլն դրամ, բայց, որպես կանոն, բյուջեում նախատեսվում է 7 մլն դրամի հավաքագրում` հույս ունենալով մասամբ հավաքագրել նաեւ նախորդ տարիներից մնացած պարտքերը։

Համայնքապետը պարտքերի կուտակումը բացատրում է մարդկանց անվճարունակությամբ։ «Հրաժարվողներ չկան, պարզապես չունեն, որ տան։ Տույժ ու տուգանք չենք կիրառում, առավել եւս` դատարան չենք դիմում»,- ասում է համայնքապետը` չմանրամասնելով, թե այդ դեպքում ի՞նչ միջոցների են դիմում հարկերը հավաքագրելու համար։ Մարմարաշենի 2007 թ. վարչական բյուջեն կազմել է 28 մլն 280 հազար դրամ, կատարել են 28 մլն 382 հազար։ Ընդհանուր բյուջեն 41 մլն 795 դրամ է, որից 18 մլն դրամը եղել է պետության տված դոտացիան։  Համայնքապետարանը պարտքեր չունի։ Ավելին, վարչական բյուջեում ունեցել են 4.5 մլն դրամ գումար, որը տեղափոխվել է ֆոնդային բյուջե։ Որպես կանոն` ամեն տարի բյուջեում շուրջ 2 մլն դրամ նախատեսում են սոցիալական հատկացումների համար։ Օգնում են սոցիալապես անապահով ու վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին, պատերազմի վետերաններին։ Անցած տարվա բյուջեում ուսանողների վարձավճարների համար նախատեսել են 400 հազար դրամ, որոշակի գումար հատկացրել են թաղման ծախսերին (յուրաքանչյուր դեպքում` 40-50 հազար դրամի չափով), որոշ գումար էլ` բուժման ծախսերի համար (20-30 հազար դրամի չափով)։ Ընթացիկ օգնությունն էլ տրամադրում են 10-30 հազար դրամի չափով։

Բյուջեի քննարկումը, համայնքապետի ներկայացմամբ, արվում է բաց ու թափանցիկ` մեկ շաբաթ առաջ իրազեկում են ավագանու անդամներին։ Քննարկմանը պարտադիր մասնակցում են նաեւ համայնքապետարանի աշխատակիցները։ Բայց համայնքի բնակչությանն ավագանու նիստերի, «քննարկումների» մասին չեն իրազեկում, հայտարարություն չի արվում։ «Քիչ վերահսկող ունենք, հիմա էլ բնակչությունը պիտի մեզ վերահսկի»,- մեր դիտողությանը հեգնանքով պատասխանում է նա։ Թերեւս այդ տրամաբանությամբ էր համայնքապետն անարձագանք թողել տարեկան բյուջեի քննարկմանը մասնակցելու մեր գրավոր ցանկությունը։ Ինչեւէ, այս տարվա բյուջեն արդեն հաստատվել է, եւ մեզ տրամադրված օրինակի ուսումնասիրությունը որոշ հոդվածների մասով մտորելու տեղիք է տալիս։ 

Մասնավորապես, համայնքի ավագանին համայնքապետ Էդվարդ Հակոբյանի առաջարկով 2007 թ. միաձայն որոշել էր «գյուղի սոցիալապես անապահով» որոշ բնակիչների` թվով 15 անձանց, ազատել գույքահարկից։ Բարեգործությունն, իհարկե, վատ չէ, բայց համայանքապետը ոչ մի փաստաթղթով կամ փաստարկով չի հիմնավորել նրանց սոցիալապես անապահով լինելը։ 

Մեկ տարվա ընթացքում երեք անձանց, մեկին` նվիրատվության իրավունքով, երկուսին` անվարձահատույց, սեփականության իրավունքով, հողամասեր են հատկացրել։ Այս անգամ համայնքապետը նշել է, որ նրանք կարիքավոր են եւ նախկինում տնամերձ հողամաս չեն ստացել։ Բոլոր դեպքերում էլ ավագանու անդամները հարցի վերաբերյալ տեսակետ չեն արտահայտել, ինչը դարձյալ մտորելու տեղիք է տալիս համայնքապետի արդարացիության առումով։ Բացի այդ, հիմնավորում չկա, թե ինչու՞ է նրանցից մեկին 400 քմ հողամաս հատկացվում, մյուսին` 1500 քմ, մեկ ուրիշին` 1000 քմ։ Մինչդեռ, եթե ավագանու նիստի օրակարգը եւ կայացրած որոշումները հրապարակվեին, գյուղացիները կամա-ակամա մասնակից կդառնային անցուդարձին եւ անկախ իրենցից կվերահսկեին համայնքապետի ու ավագանու գործողություները։ Այդ դեպքում համայնքի ղեկավարը հարկադրված կլիներ առաջարկված նախագծին փաստաթղթային հիմնավորումներ կցել։

Համայնքապետի ներկայացմամբ` եթե պահուստային ֆոնդի հողերից գնելու ցանկություն է լինում, այն օրենքի տառին համապատասխան ներկայացնում են աճուրդ-վաճառքի` նախապես այդ մասին թերթում հայտարարություն տալով (սա օրենքի պահանջն է, առանց որի կադաստրը գրանցում չի կատարում)։ Սակայն, գյուղում այդ մասին «ոչ մի խոսք», համենայնդեպս, հայտարարություն չի լինում։ Եվ չնայած Էդվարդ Հակոբյանը հավաստիացրեց, թե իրենց համայնքում աճուրդ-վաճառքով տարեկան իրացվում է 1000-2000 քմ հողամաս (1 քմ հողի կադաստրային արժեքը կազմում է 810 դրամ, աճուրդ վաճառքի համար ավագանին որոշում է նվազագույնը` 50%), համայնքապետարանի  տեղեկանքով 2007 թ. Մարմարաշենում իրացվել է ավելի քան 2.5 հա հողատարածք, որից մուտքերը կազմել են 8 մլն 31 հազար դրամ։ Այսինքն` իրացված յուրաքանչյուր 1000 քմ համար վճարվել է 1000 դոլարից քիչ ավել։  Մինչդեռ գյուղի կենտրոնում 1000 քմ հողամասն արժե 15-20 հազար դոլար, իսկ ծայրամասային ամենաէժան հողակտորն արժե 3 հազար դոլար։ Գնողները հիմնականում գյուղացիներն են։ 

Անդրադառնալով համայնքապետարանի կատարած աշխատանքներին` համայնքապետը տեղեկացրեց, որ նոր թաղամասերն ապահովվել են խմելու ջրով, համենայնդեպս, ներքին ցանցը շահագործվել է։ Սակայն խմելու ջրի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ գյուղը։ Մի կողմից` խմելու ջրի մատակարարումը շատ անկանոն է, մյուս կողմից` չմատակարարված ջրի դիմաց վարձ են պահանջում գյուղացիներից։ Գյուղում որոշ թաղամասեր ընդհանրապես խմելու ջուր չեն ստացել եւ, բնականաբար, ջրի վարձ չեն տվել։ Ջրային տնտեսությունն էլ դատարան է դիմել` յուրաքանչյուր տնտեսությունից պահանջելով նվազագույնը 150 հազար դրամ։ Գյուղացիները ծանուցագիր ստացել են, բայց դատարան չեն ներկայացել։ Դատարանն էլ վճիռը կայացրել է հօգուտ դիմողի։ Հիմա ԴԱՀԿ-ն գյուղացիներից այդ գումարներն է պահանջում։ «Ջրմուղը լավ էլ տեղյակ է, որ այդ մարդիկ ջուր չեն ստանում։ Այդ հարցը բազմիցս է բարձրացվել ամենատարբեր ատյաններում։ Ոչ մի արդյունք։ Եռամսյակը մեկ Մարմարաշեն գյուղից 5-10 հոգու ջրի համար դատարան են կանչում։ Ես Մասիսի ջրմուղի պետին բազմիցս ասել եմ այդ մասին, բայց նա պատճառաբանում է, որ դա իր գործառույթներից դուրս է, ինքը վերադաս ունի»,- դժգոհում է համայնքապետը։

Նշենք, որ համայնքապետարանն այս հարցում չի կատարել օրենքով իրեն վերապահված կարեւոր գործառույթներից մեկը` համայնքի բնակիչների շահերի պաշտպանությունը։ Համայնքապետը, խնդրին լավատեղյակ լինելով, իրավաբանական օգնության առաջարկ չի արել բնակիչներին կամ նրանց իրավունքները դատարանում պաշտպանելու միջոցներ չի ձեռնարկել։ Եվ իրավական գիտելիքներից զուրկ բնակիչները դատարան չներկայանալը հարցի լուծում են համարել։

Հուլիս-օգոստոս ամիսներին, ի թիվս մարզի այլ գյուղերի, Մարմարաշենը նույնպես լուրջ խնդիրներ է ունենում ոռոգման ջրի հետ կապված։ Լինում են տարիներ, երբ ջուր չստանալու պատճառով մարդկանց բերքը փչանում է։ 2005 թ. գետնի տակից հանել-տարել են ոռոգման ջրի հսկա խողովակները (թե ովքե՞, համայնքապետը չհայտնեց), ինչի հետեւանքով գյուղի 100 հա հողատարածք դարձել է անջրդի։ Երկար պայքարից հետո հողատերերը փակել են մայրաքաղաքը հարավին կապող մայրուղին, որից հետո նախկինների համեմատ շատ փոքր տրամաչափի խողովակներ են տեղադրել, բայց այսօր էլ այդ տարածքում կան հողակտորներ, որոնց ջուր չի հասնում։ Համայնքապետարանը, թերեւս հաշտվելով կատարվածի հետ, հարցի լուծումն այն է համարել, որ նմաններից հողի հարկ չի գանձում։ Իսկ կառավարությունը գյուղի ներտնտեսային ցանցի վերականգնումը ներառել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում։ Գյուղում 85 հազար դոլարի ներդրում պետք է կատարվի։

2007 թ. գյուղում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել։ Մասնավորապես վերականգնել են գարնանային վարարումների հետեւանքով փլված գյուղամիջյան կամուրջը, որի համար համայնքապետարանը մոտ 1 մլն դրամ է ծախսել։ Գյուղի բուժամբուլատորիայի շենքը վթարային վիճակում է։  Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով այն պետք է այս տարի հիմնովին վերանորոգվի։ Համայնքն իր հասանելիք 10 % գումարն արդեն փոխանցել է։ 100 երեխայի համար մսուր-մանկապարտեզի շենքի շինարարության նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի պատրաստումն արժեցել է 5 մլն դրամ, որը հատկացվել է համայնքի բյուջեից։ Գործող մանկապարտեզի շենքը վթարային է եւ, ջեռուցմամբ պայմանավորված, ձմռան ամիսներին չի աշխատում։ Ծրագրվում է առաջիկայում գազաֆիկացնել գյուղի նոր թաղամասերը։

Գյուղի համար, ի թիվս մյուս առաջնահերթությունների, կա նաեւ փողոցների լուսավորության հարցը։ Եվ չնայած նրան, որ համայնքապետարանն առայժմ միջոցներ չի հատկացնում գրադարանը նոր գրքերով համալրելու համար, այդուհանդերձ, գյուղին 1000 կտոր գրականություն են նվիրել։ Իսկ գյուղին արված ամենամեծ «նվերը», համայնքապետի գնահատմամբ, նորակառույց եկեղեցին է, որի օծումից հետո գյուղի երիտասարդները մի քիչ հանդարտվել են, այլապես մինչ այդ չափից դուրս տաքարյունության համար այս գյուղը «Չեչնիա» էին անվանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter