HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Նրանք պատերազմից անբուժելի հիվանդություն են «ժառանգել»

Արամ Կոստանդյանի առողջական վիճակի վրա արցախյան պատերազմն իր ամենադաժան հետքն է թողել։ Երբեմնի ազատամարտիկն այժմ հայտնվել է Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսերում։

Արամի հանգիստ ու վստահ հայացքը զրույցի հենց սկզբից հուշեց, որ նա քչախոս է։ Միայն պատմեց, որ Ղարաբաղի տարբեր բնակավայրերի ազատագրմանն է մասնակցել, ինչպես նաեւ` Լաչինի միջանցքի համար մղվող մարտերին։

39-ամյա Արամը, ով արցախյան պատերազմի ակտիվ մասնակիցներից էր, դիսպանսերում հայտնվեց այն ժամանակ, երբ հերթական նոպան արդեն շատ լուրջ էր։ Նա, բժշկի խոսքերով, տառապում է շիզոֆրենիայով։

Արամի պես նախկին ազատամարտիկներ էլի կան դիսպանսերում։ Իսկ թե հաշվառված 2000 հիվանդներից քանի՞սն են նախկին ազատամարտիկ, դիսպանսերի գլխավոր բժիշկ Էռնեստ Գրիգորյանը չկարողացավ ասել, քանի որ նման տվյալներ չունեն, միայն նշեց, որ 2000 հիվանդների մեծամասնությունը հոգեկան խանգարումներ ունի։

Նախկին ազատամարտիկի ծնողները` Արուսյակ եւ Ռաֆայել Կոստանդյանները, պատմում են, որ մարտական գործողություններից մեկի ժամանակ Արամը վիրավորվել էր ոտքերից, եւ մինչեւ հիմա բեկորները ոտքերում են, իսկ որոշ ժամանակ անց նրա մոտ արկ պայթեց ու նրան մի քանի մետր շպրտեց։ «Արդյունքում Արամս գլխի վնասվածք ստացավ, ինչն էլ հասցրեց կանտուզիայի ու հոգեկան խանգարումների»,- լացակումած հիշում է մայրը։ Նրա խոսքերով` Արամը դրանից հետո էլ աշխատում էր պաշտպանության բանակի զորամասերից մեկում, սակայն, օրերից մի օր գործընկերները նրան բերեցին տուն, քանի որ վիճակը շատ լուրջ էր` հերթական նոպան էր ունեցել։

Հայրը լավ է հիշում այն օրը, երբ գնաց Արամին Չիտայից բերելու։ Խորհրդային բանակում էր ծառայում։ «1990-ին էր, երբ գնացի նրա հետեւից, ենթասպա էր Արամը։ Այստեղ կադրերի կարիք կար, որոշեցի նրան հայրենիք բերել։ Դա միայն իմ որոշումը չէր, Արամն ասում էր, որ պետք է վերադառնալ Ղարաբաղ, քանի որ հայրենիքում արդեն մարտական գործողություններ էին սկսվել»,- պատմում է Ռաֆիկ քեռին։

Եկան Ստեփանակերտ։ Արամը ծառայությունը նախ շարունակեց խորհրդային բանակի` Ստեփանակերտում տեղակայված զորամասում, իսկ հետո միացավ իր հասակակից ազատամարտիկներին։ «Հեռատես մարդիկ այդ ժամանակ տղաներին հանում էին Ղարաբաղից, իսկ ես Արամին բերեցի, եւ արդյունքում...»,-արցունքները հազիվ զսպելով` ասում է հայրը։

«1995 թվականին էր, երբ հերթական նոպայից հետո ընկերները Արամին տուն բերեցին։ Դրանից հետո նրան տարանք Հայաստան` Նորքի հոգեբուժարան, որտեղ նա մեկ ամիս բուժում ստացավ։ Հետո եկանք տուն, սակայն որոշ ժամանակ անց Արամի վիճակը նորից վատացավ, ու ստիպված եղանք նրանք տանել Ստեփանակերտի հոգեթմրաբանական դիսպանսեր, որտեղ նա մշտապես չի մնում։ Հաճախակի տուն է գալիս, բայց երբ վատանում է, նորից տանում ենք դիսպանսեր»,- պատմում է Ռաֆիկ քեռին։ Բացի Արամից` նա երկու տղա էլ ունի, երկուսն էլ` երաժիշտներ։

«Արամս էլ էր երաժշտություն շատ սիրում։ Երաժշտական ուսումնարանն է ավարտել ու մինչեւ բանակ գնալը տարբեր քեֆերում կլառնետ էր նվագում։ Շատ ուրախ ու կենսախինդ տղա էր։ Ո՞վ կմտածեր, որ անբուժելի հիվանդություն կստանա Արամս»,- արցունքները սրբելով` շարունակում է մայրը` տիկին Արուսյակը, ով երկու օրը մեկ Արամի համար ուտելիք է տանում դիսպանսեր։ «Այնտեղ կերակրում են, ուղղակի Արամը տնական ճաշ է սիրում»,- ասում է մայրը։

Ծնողների խոսքերով` տղան նոպաների ժամանակ ավելի ագրեսիվ է դառնում եւ կարող է ջարդել տարբեր իրեր, նույնիսկ խփել նրանց։ «Դրա համար էլ հերթագրվել ենք, որ Արամին առանձին բնակարան տրամադրեն։ Այսպես հնարավոր չէ, երկու տղա ունենք, հարս ու թոռներ, ինչ-որ չափով վտանգավոր է»,- ասում է Ռաֆիկ քեռին, ով, հոգու խորքում չհաշտվելով տղայի հիվանդության հետ, ամեն կերպ փորձում է ապահով ու լավ կյանք ստեղծել նաեւ մյուս տղաների ու թոռների համար։

Ի տարբերություն Արամի, դիսպանսերի հիվանդներից մեկը` Նվեր Գասպարյանը, ավելի անհանգիստ էր զրույցի ժամանակ։ Նա ինձ երկար նայելուց հետո տվեց իր առաջին հարցը. «Ինձ կօգնե՞ս այստեղից դուրս գամ»։

1974 թվականին ծնված Նվերն էլ է պատերազմի մասնակից։ Նա մասնակցել է Կարմիրավան գյուղի, ինչպես նաեւ` Ճիլոտ կոչվող տեղամասի մարտական գործողություներին։ «Պատերազմի ժամանակ կանտուզիա եմ ստացել։ Արդեն 10 տարի է այստեղ եմ։ Ամեն ինչ նորմալ է, ուզում եմ տուն գնալ»,- կցկտուր խոսում է Նվերը, որը նույնպես շիզոֆրենիայով է տառապում։

Նույն հիվանդությունը պատերազմից «ժառանգեց» նաեւ 39-ամյա տղամարդը, որը չցանկացավ իր անունը տալ։ Միայն ասաց, որ Ասկերանի շրջանում է ապրում եւ հերթական անգամ եկել է դիսպանսեր` դեղեր ստանալու։ «1992-ին Ֆիզուլիի մոտ ականի վրա եմ պայթել։ Մեկ սուտկա առանց գիտակցության պառկած էի, հետո պարզվեց, որ կանտուզիա եմ ստացել»,- պատմում է տղամարդը, ով ամեն կերպ փորձում էր թաքցնել իր հայացքը, մի քիչ կարմրած աչքերը։

Նա ասում է, որ նոպաներ է ունենում տարբեր պատճառներով` ցրտից, խմիչք օգտագործելուց (թեկուզ կես բաժակ), աղմուկից, ջղայնանալուց։ «Իսկ թե ի՞նչ է կատարվում ինձ հետ, ես չգիտեմ։ Դա պետք է կնոջիցս հարցնեք, նա է այդ ամենը տեսնում ու երբեք ինձ չի պատմում»,- ասում է 39-ամյա տղամարդը, որն արդեն 4 տարի է դեղեր է օգտագործում։ «Այս դեղերով եմ յոլա գնում, եթե սրանք չլինեն, շատ վատ կզգամ ինձ»,- հավաստիացնում է նա։

Հիվանդներից չկարողացա պարզել` նրանց հետ հոգեբաններ աշխատո՞ւմ են, թե՞ ոչ։ Հարցը հնչելուց հետո նրանք զարմացած ինձ էին նայում։ Միայն ասացին, որ դիսպանսերում հատուկ սենյակ կա, որտեղ զբաղվում են` նկարում են, կարդում եւ այլն։

Իսկ դիսպանսերի գլխավոր բժիշկը տեղեկացրեց, որ հատուկ սենյակ ունեն ու հոգեբան, որն աշխատում է հիվանդների հետ։ «Բայց դա կատարվում է միայն հիվանդների ցանկությամբ։ Նա պետք է ցանկանա, որ հոգեբանը նրա հետ աշխատի, ստիպողաբար չենք կարող դա անել»,- ասում է գլխավոր բժիշկը, որի հավաստիացմամբ` նախկինում դրսից մասնագետներ էին գալիս, բայց արդեն մի քանի տարի է ոչ ոք չի այցելում նրանց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter