HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը համագործակցության կոչ է անում

Այսօր հանրապետության հրապարակում հանրահավաք էր կազմակերպել վարչապետ Սերժ Սարգսյանը:

«Ես ողջունում եմ բոլորիդ եւ շնորհավորում նախագահի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ»,- ասաց վարչապետը` նշելով, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է իրար ետեւից երկու ընտրություն կազմակերպել եւ երկու դեպքում էլ ստանալ դրական գնահատականներ:

Պետական տարբեր գերատեսչությունների, դպրոցների աշխատակիցներ, նույնիսկ աշակերտներ ավտոբուսներով հանրապետության տարբեր մարզերից բերվել էին Երեւան` Ս. Սարգսյանին լսելու համար: Սակայն վերջինիս ելույթի ժամանակ մարդիկ, կոլեկտիվներով խմբված, ջերմորեն զրուցում էին:

«Այսօր մեզ մեկտեղել է թե՛ հաղթանակի բերկրանքը, թե՛ մտահոգությունը մեր երկրի ապագայի համար,- շարունակելով ելույթը` նշեց վարչապետը,- այս պահին, երբ ես ասում եմ այս խոսքերը, մեր երկրի սահմանային դիրքերում մեր զինվորները պաշտպանում են հայրենիքը, մեր դպրոցներում ուսուցիչները սերունդ են կրթում, այս պահին մեր բժիշկներն ամոքում են մեր եղբայրների ու քույրերի վերքերը»:

Ս. Սարգսյանի խոսքով` Հանրապետության հրապարակում հավաքվելու նպատակը մեկ այլ վերք բժշկելն է. «Այն վերքը, որ մեր ժողովրդի մարմնի վրա բացեցին այս ընտրությունները»:

«Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին եւ նրանց սատարած քաղաքական ուժերին: Եկե՛ք համագործակցենք, ընդհուպ մինչեւ կոալիցիոն կառավարության ձեւավորում»,- ասաց վարչապետը եւ շեշտեց, որ իր նպատակներից մեկը բոլոր կառուցողական ուժերին օգտագործելն է` ի նպաստ Հայաստանի զարգացման:

«Այսօր, սակայն, մենք ականատեսն ենք այլ երեւույթի: Ականատեսն ենք հասարակության բաժանման ու տրոհման, թե ինչպես է ագրեսիվ խմբավորումը ցանկանում ամեն գնով հասնել իր նպատակին, իր իսկ բնորոշմամբ` «հարամել»: Մենք հաղթելու ենք նաեւ այս բաժանումը»,- վստահեցրեց վարչապետը:
Նա հորդորեց չարությամբ չլցվել «Ազատության» հրապարակում հավաքվածների նկատմամբ: Քանի որ նրանք «մեր քույրերն ու եղբայրներն են» եւ հրապարակ են դուրս եկել ավելի լավ Հայաստան ունենալու ցանկությամբ: «Ավաղ, նրանց արդեն թույլ չեն տալիս նկատել, թե ինչպես են ակամա դարձել մի քանիսի վրեժխնդրության ու աթոռապաշտական նկրտումների գործիքը»:

«Ես գիտեմ, թե դուք որքան եք վրդովվել այս օրերին` հետեւելով այն ամենին, ինչ կատարվում է: Ես գիտեմ` որքան շատ են մարդիկ, որ պատրաստ են փողոց դուրս գալ` պաշտպանելու իրենց տված քվեն: Ես այդ ամենը շատ լավ գիտեմ: Բայց ես խնդրում եմ ձեզ զսպել հույզերը: Թե խոսք ունեք ասելու, ապա խնդրում եմ միայն իրականությունը տեսնելու հորդորներ թող լինեն դրանք: Եթե գործողություններ եք ուզում ձեռնարկել, ապա թող որ դրանք լինեն բարիքի ու հանդուրժողականության քայլեր: Խնդրում եմ, միշտ ու անընդհատ հիշեք` մյուս հրապարակում մեր քույրերն ու եղբայրներն են»:

Թեեւ Ս. Սարգսյանի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցների համար հայ աստղերը պատրաստվում էին համերգ տալ, սակայն հավաքվածների մեծամասնությունը շարժվեց դեպի «Ազատության» հրապարակ` միանալով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter