Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին հանձնվեցին բրայլյան տետրեր
Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ին, անակնկալ էր սպասվում Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացված «Բրայլյան տետրերի պատրաստում» ծրագրի շնորհիվ դպրոցի աշակերտներին հանձնվեցին բրայլյան տետրեր:
Թիվ 14 հատուկ դպրոցում սովորում է մոտ 100 երեխա Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Աշակերտների մոտ 50 տոկոսը կույր է, մյուսներն ունեն տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ։ Այստեղ ուսանող երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են։
Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը կարևորեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությունը։ «Առանց բրայլյան տետրերի և դասագրքերի անհնար է կազմակերպել մեր աշակերտների ուսումը։ Մեր դպրոցը հանրակրթական դպրոց է, աշակերտներն այստեղ անցնում են բոլոր առարկաները, և մեր սաները, ավարտելով կրթօջախը, շարունակում են կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում, մասնակցում են առարկայական օլիմպիադաների։ Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի կարողանանք լավագույնս կազմակերպել աշակերտների կրթական գործընթացը։ Մեր հաշվարկները ցույց են տվել, որ յուրաքանչյուր ուսումնական տարի մեր աշակերտների լիարժեք ուսուցումը կազմակերպելու համար հարկավոր է մոտ 5000 բրայլյան տետր։ Այսօր մենք նաև դասագրքերի խնդիր ունենք։ Վերջին տարիներին բավականին հաճախակի են փոխվել դասագրքերն ու ծրագրերը, և ամեն տարի նոր բրայլյան դասագիրք տպագրելը անհնար է»,- նշեց դպրոցի տնօրեը՝ հավելելով, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ տպագրված 1000 բրայլյան տետրերից բացի, տետրերի մյուս խմբաքանակը հատկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ թիվ 14 հատուկ դպրոցին աջակցելու ծրագիրը լինելու է շարունակական։ «Եթե մենք այսօր արձանագրում ենք, որ, այո, բրայլյան տետրերի և գրականության կարիք կա, ապա անպայման ապագայում ևս թիվ 14 հատուկ դպրոցում կիրականացնենք համապատասխան ծրագրեր, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցներով կփորձենք լրացնել այն բացը, որ կա դպրոցում»,- նշեց Կ. Ավագյանը՝ ընդգծելով, որ տեսողության խնդիրներով ոչ մի երեխա չպետք է դուրս մնա կրթական պրոցեսից։
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել