HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» «Հայլուրից» պահանջում է ընթերցել իր հաղորդագրությունը

Մարտի 29-ին «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

ք. Երեւան, 29 մարտի 2008թ.: Ս.թ. մարտի 27-ին ՀՀ դատախազություն է հրավիրվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Մարտի 1-ին ժամը 15:00-ի մատույցներում ոստիկանական մեքենայի` մեծ արագությամբ ցուցարարների մեջ մխրճվելու արդյունքում ենթադրյալ զոհերի մասին հասարակության մեջ շրջանառվող տեղակատվությունը հերքելու նպատակով Անահիտ Բախշյանն իր տված խոստմանը հավատարիմ ԶԼՄ-ներին տված հարցազրույցների միջոցով հանգստացրել է հասարակությանը, առ այն, որ նշված միջադեպի արդյունքում վրաերթ եւ մարդկային զոհեր չեն եղել: Այդ հարցազրույցներից հատվածաբար մեջբերումներ արած իշխանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես «Հայլուր» հեռուստահաղորդումը, փորձել են փոխելով տիկին Բախշյանի ասածների շեշտադրումները` ծառայեցնել դրանք իշխանությունների քարոզչական նպատակներին: 

Անահիտ Բախշյանը հարցաքննության ժամանակ փորձել է մանրամասն վկայություններ տալ այն բոլոր փաստերի կապակցությամբ, որոնց ինքն ականատես է եղել 2008թ. մարտի 1-ին եւ որոնք, եթե մարտիմեկյան իրադարձությունների քննությունն իրոք անաչառ ընթացքով վարվեր, մեծապես նպաստելու էին ժողովրդի վրդովմունքի եւ քաղաքացիների մարդկային արժանապատվության վիրավորվածության պատճառների բացահայտմանը: Մասնավորապես, տիկին Բախշյանը ցանկացել է պատմել, թե ինչպես, դեռ մինչեւ ժողովրդի մեջ ոստիկանական մեքենայի մխրճվելը` ոստիկանները չհրահրված հարձակում են գործել խաղաղ ցուցարարների վրա, մահակներով ծեծել նրանց, ինչը շարունակությունն էր նույն օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած խաղաղ ցուցարարների ոստիկանական ծեծուջարդի, եւ որոնք էլ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված քաղաքացիների վրդովմունքի, կրքերի շիկացման հիմնական պատճառներն էին:

Սակայն քննիչները հրաժարվել են լսել տիկին Բախշյանի համալիր ցուցմունքները իրադարձությունների պատճառահետեւանքային կապի մասին, եւ պնդել միայն «վրաերթի բացակայության» հանգամանքը: Տիկին Բախշյանը ասել է հարցաքննության ժամանակ, ապաեւ հաստատել ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներում, որ «վրաերթ», բառիս բուն իմաստով, իսկապես, չի եղել: Այսինքն մեքենան որեւէ մեկի վրայով չի անցել: Սակայն անգամ «Հայլուրի» ռեպորտաժի ընթացքում ցուցադրված կադրերը հաստատում են, որ ոստիկանության «Վիլիս» ավտոմեքենան.

1. անհասկանալի պատճառներով ուղղվել է ոչ թե «Մետրոպոլ» հյուրանոցի ուղղությամբ, ուր տանող ճանապարհն ավելի ազատ էր, այլ հենց ցուցարարների հիմնական զանգվածի` մարդկային հոծ բազմության վրա,
2. մեքենան իրապես հարվածում է մի քաղաքացու, որը սակայն հարվածից հետո հասցնում է ետ քաշվել, այսինքն այդ մարդու վրայով մեքենան չի անցնում,
3. մեքենայի վարորդը քշել է անթույլատրելի արագությամբ, եւ մարդիկ հազիվ են մազապուրծ եղած փախել դրա առջեւից:

Այս ամենից ակնհայտ է, որ ոստիկանական մեքենայի հետ կապված միջադեպը ցուցարարների կրքերը շիկացնելու դրվագներից միայն մեկն էր եւ իսկապես, բարեբախտություն է, որ այդ պահին ոչ-ոք չզոհվեց եւ չվիրավորվեց: Սակայն սա չի ազատում գործող իշխանություններին մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգության պատասխանատվությունից, իսկ դատախազությանը` համակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելու պարտականությունից:

Պահանջում ենք սույն հաղորդագրությունն ամբողջությամբ ընթերցել «Հայլուր» լրատվական ծրագրում` սույն հաղորդագրության տարածման օրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter