Արարատի քաղաքապետարանը հարկերը գանձելու լուրջ մեթոդներ է կիրառում
Արարատի մարզի Արարատ քաղաքի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը քաղաքապետի պաշտոնը ստանձնել է 2007 թ. հուլիսի 4-ին:
Նրա ներկայացմամբ` նախկին քաղաքապետն իր գործունեության ընթացքում հասցրել էր հսկայական պարտքեր կուտակել: Միայն աշխատավարձի եւ սոցիալական հատկացումների գծով պարտքը հասել էր 32-33 մլն դրամի: Քաղաքապետարանը չէր կատարել հիմնարկ-ձեռնարկությունների նկատմամբ ժամանակին ստանձնած պարտավորությունները: Պրն Բաբայանի ներկայացմամբ` ընտրվելուն պես ստիպված է եղել դիմել հանրապետության վարչապետի օգնությանը, որն էլ, ընդառաջելով իր խնդրանքին, Արարատ քաղաքին որպես օգնություն հատկացրել է 40 մլն դրամ: Այդ գումարով կարողացել են զրոյացնել աշխատավարձերի եւ սոցիալական հատկացումների պարտքերը: «Այսօր մարդիկ կանոնավոր աշխատավարձ են ստանում»,- ասում է համայնքապետը, բայց եւ հրաժարվում մեկնաբանել, թե ինչպե՞ս է այդչափ պարտք կուտակվել` «անցյալին չեմ ուզում անդրադառնալ»:
Պարզ է, որ պարտքերը կուտակվել էին ոչ միանգամից, տեւական ժամանակամիջոցում: Յուրաքանչյուր տարին քաղաքապետարանը փակել էր «պոչերով», եւ հաջորդ տարում դրան ավելացել էին նորերը: «Պաշտոնավարմանս օրվանից ձեռնամուխ եմ եղել դրանց կրճատմանն ու քաղաքը կարգի բերելուն»,- ասում է պրն Բաբայանը: Վերջինս, խոսելով համայնքի 2007 թ. բյուջեի մասին, նշեց, որ այն մուտքային մասով 265 մլն դրամ էր, որը, մեղմ ասած, խիստ անիրատեսական էր: Նրա ներկայացմամբ` մի քանի ամիս զբաղված են եղել գույքահարկի եւ հողի հարկի առումով ճշտումներ կատարելով, քանի որ բյուջեում լուրջ անճշտություններ են եղել, այդուհանդերձ, մինչ օրս չեն կարողացել բազաները վերջնականապես կարգի բերել: «Թվեր էին գրված, որ իրական չէին կարող լինել: Զարմանում ես` որտեղի՞ց, ի՞նչ տրամաբանությամբ էին վերցրել այդ թվերը: Անճշտությունների վերջը չէր երեւում: Մտածում էինք, որ չենք կարողանալու դրանք վերջնականապես հստակեցնել: Օրինակ` ավտոմեքենաների գույքահարկի մասով նախատեսվել էր 33 մլն դրամ հավաքագրում: Փաստացի գանձումը կազմել էր շուրջ 11 մլն դրամ: Համապատասխան կազմակերպություններից պահանջեցինք անհրաժեշտ փաստաթղթերը եւ պարզվեց, որ հսկայական թվով մեքենաներ ընդհանրապես գոյություն չունեն, դրանց մի մասը 10-15 տարի առաջ վաճառվել եւ քաղաքի բալանսից դուրս էր գրվել: Նման անհամապատասխանությունները բազմաթիվ էին»,- ասաց քաղաքապետը:
Որքան էլ զարմանալի է, այս քաղաքը ոչ մի հեկտար հող չունի: Նույնիսկ քաղաքի հեռանկարային զարգացման համար ոչ մի թիզ հող չեն թողել: Այստեղ է գտնվում ցեմենտի գործարանը, քաղաքում բավականաչափ մանր ու միջին բիզնեսի օբյեկտներ կան, սակայն գործազուրկները բավականին մեծ թիվ են կազմում: Քաղաքապետի ներկայացմամբ` այստեղ «շոգեքարշը» ցեմենտի գործարանն է, մնացածն աշխատատեղերի եւ տնտեսության առումով գրեթե հարց չեն լուծում: Ունեն նաեւ կրի արտադրություն, ոսկու գործարան, որն արդեն տեւական ժամանակ է չի աշխատում: Քաղաքապետի ասելով` ցեմենտի գործարանը հարկային պարտավորությունների առումով շատ բարեխիղճ է: «Բյուջեի մասով էլ իրենց պարտավորությունները շատ պարտաճանաչ են կատարում»:
Քաղաքին աջակցություն ցուցաբերելու համար քաղաքապետը ստեղծել է «Քե՛զ, արարատցի» բարեգործական հիմնադրամը: Բարեգործական գործունեությունից բացի` այն քաղաքի զարգացման ծրագրեր է իրականացնում: Այս հիմնադրամից է ֆինանսավորվում բարեգործական ճաշարանը, որտեղ օրական մեկ անգամ սնվում են քաղաքի 98 անապահով ծերերը: Քաղաքապետը հատկապես վատ էր զգում այն փաստից, որ մինչեւ իր ընտրվելը ծերերի բարեգործական ճաշարանը, ի թիվս այլ կազմակերպությունների, ֆինանսավորել էր նաեւ արտասահմանյան մի կազմակերպություն: Շնորհակալությամբ հրաժարվել էր վերջիններիս աջակցությունից: «Մի քաղաք չի՞ կարող օրական մեկ անգամ 100 ծեր կերակրել, որ դրա համար էլ ենք սպասում դրսի աջակցությանը: Բոլորովին պատվաբեր չէ»,- ասաց նա:
Աբրահամ Բաբայանը բավականին գոհ է քաղաքի ավագանուց. «Իհարկե, բոլորը չէ, որ իրենց տեղում են, բայց կան մարդիկ, որոնք ե՛ւ տնտեսություն են հասկանում, ե՛ւ բյուջե: Շատերն էլ խիստ սրտացավ վերաբերմունք են դրսեւորում քաղաքի նկատմամբ»: Մեր դիտողությանը, թե` եթե բանիմաց են, առավել եւս` սրտացավ, ինչպե՞ս բացատրել նրանց անտարբերությունը, որի արդյունքում քաղաքը հայտնվել է ոչ այնքան ցանկալի վիճակում, քաղաքապետն ասաց, որ, իր ունեցած տեղեկություններով, ավագանու նիստեր հազվադեպ են տեղի ունեցել, հիմնականում ստորագրություններ են դրվել: «Այսօր ավագանու բոլոր անդամները մեկ մարդու նման ներկայանում են թե՛ հերթական, եւ թե՛ արտահերթ նիստերին: Ստիպված ենք հաճախակի նիստեր գումարել, որովհետեւ անելիք շատ կա: Ընդ որում` հաճախ գումարում ենք ավագանու ընդլայնված նիստեր քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների պետերի, դպրոցների տնօրենների, գլխավոր բժշկի, միլպետի եւ այլ պատասխանատուների մասնակցությամբ»,- տեղեկացրեց քաղաքապետը:
Պրն Բաբայանի ներկայացմամբ` այս տարվա բյուջեն արդեն ավելի «զորեղ» է եւ ամեն մի ենթակա ձեռնարկության համար առանձին գումար են նախատեսել, մի բան, որ անցած տարվա բյուջեում չկար: Եվ, որ ամենակարեւորն է, այն իրատեսական բյուջե է: Սակայն քաղաքապետարանի համար լուրջ խնդիր է նախորդ տարիների հարկերը հավաքագրելը: Դրա համար էլ իրավաբան են վարձել, որը հիմնականում զբաղվում է այդ գումարները գանձելով, ընդ որում` ոչ միայն ապառքներով, այլեւ ընթացիկ հարկերով, տուգանքներով, որոնք ուղեկցվում են դատական գործընթացներով: Պրն Բաբայանի համոզմամբ` այսօր մարդիկ կան, որոնք ոչ թե փող չունեն, այլ` մուծելու ցանկություն: Մեր դիտողությանը, թե` հավանաբար չեն պահանջել, դրա համար էլ մարդիկ չեն վճարել, քաղաքապետը որոշ առումով համաձայնեց. «Որ չեն պահանջել, դա հարցի մի կողմն է: Բայց այս ընթացքում համոզվեցի, որ կան ցինիկ պահվածք դրսեւորողներ, որոնք վճարունակ են, բայց հաստատակամ հրաժարվում են վճարելուց: Նման դեպքերում հարցերը պետք է լուծվեն միայն դատական կարգով: Իսկ ընդհանրապես այս ամիսների ընթացքում հավաքագրումները բավականին նորմալ են ընթացել, դրա համար էլ առայժմ հարկերի հավաքագրման առումով դատարան չենք դիմել, բայց առաջիկայում այդ ուղղությամբ շատ ակտիվ կաշխատենք»:
Քաղաքապետն առավել կարեւորեց այն, որ քաղաքը նոր շունչ է առել, եւ բնակչությունը սկսել է հավատալ, որ մոտ ապագայում այն տեսքի է գալու: Բյուջեի միջոցներով արդեն բավականին ասֆալտապատում են կատարել, քաղաքի համարյա բոլոր բարձրահարկերի տանիքները մասնակիորեն վերանորոգել են, եւ քանի որ Արարատի 60%-ը բնական գազ չունի, դիմել են կառավարության օգնությանը եւ գազաֆիկացման հարցն են լուծում: Մագիստրալ խողովակաշարերը քաղաքապետարանի միջոցներով տարվել են եւ ավելի բարակ խողովակներով միացվում են շենքերին: Կառուցվել է հիվանդանոցի տարածքում գտնվող դիահերձարանը, որը չի գործել 1971 թ.-ից: Կիսով չափ վերականգնվել են քաղաքային այգին, քաղաքային ամֆիթատրոնը: Քաղաքային 4 մանկապարտեզները, արվեստի եւ երաժշտական դպրոցները, որ քաղաքապետարանի ֆոնդում են, պայմանավորված ջեռուցման բացակայությամբ` չեն գործել, բայց, քաղաքապետի ասելով, այս տարվանից դրանք գործարկելու բոլոր հիմքերը ստեղծվել են:
Ինչ վերաբերում է հանրապետության գրեթե բոլոր քաղաքների համար անլուծելի աղբահանությանը, այս քաղաքում բոլորովին վերջերս, քաղաքապետարանի ենթակայությամբ, ստեղծել են նոր կոմունալ ծառայություն, քանի որ նախորդ ծառայությունը նախկին քաղաքապետը սեփականաշնորհել է: Անցյալ տարի մարզերի զարգացման ծրագրով Արարատ քաղաքին կառավարության հատկացրած 20 մլն դրամի մի մասը քաղաքապետարանը պատրաստվում է ուղղել քաղաքի կանաչապատմանն ու աղբահանության համար տեխնիկա ձեռք բերելուն: Քաղաքապետը տեղյակ էր, որ առաջիկայում բնապահպանական գումարները միանգամից պետք է փոխանցվեն տեղական բյուջե, որը հնարավորություն կտա էապես փոխել քաղաքի էկոլոգիական մաքրության հարցը: Այդուհանդերձ, նշենք, որ այդ թեմայով խոսում են գրեթե 10 տարի:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին` քաղաքապետը նշեց, որ այս տարի համայնքային բյուջով 4-5 հազար քմ ասֆալտապատում են իրականացնելու, 15 հազար քմ մայթ են սալիկապատելու, գազոններն են կանաչապատելու, քաղաքի բարձրահարկ շենքերի մուտքերն են կարգի բերելու:
Հ. Գ. Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը մեր զրույցի սկզբում նշեց, այնուհետեւ հեռախոսային զրույցում վերահաստատեց, որ նախորդ քաղաքապետից ժառանգված աշխատավարձերի շուրջ 40 մլն դրամի պարտքը իր ընտրվելուց անմիջապես հետո մարել են վարչապետի օգնությամբ, որը գումարը հատկացրել է կառավարության ֆոնդից: Մեզ չհաջողվեց գտնել դրա վերաբերյալ վարչապետի կամ կառավարության կայացրած որոշումը: Ի վերջո, տարածքային կառավարման նախարարության պաշտոնյաները պարզաբանեցին, որ Արարատի ցեմենտի գործարանը բավականին պարտքեր է ունեցել քաղաքին, որը վարչապետի միջամտությունից հետո մարել են: Ստիպված ենք բացատրությունն ընդունել ի գիտություն, սակայն անհրաժեշտ ենք համարում կրկին ընդգծել, որ քաղաքապետը ցեմենտի գործարանի հետ իրենց ունեցած հարաբերությունների մասին խոսելիս հատուկ շեշտեց, որ ցեմենտի գործարանը խիստ պարտաճանաչորեն է կատարում իր հարկային պարտավորությունները:
Խմբագրության կողմից - Այս հրապարակման երկրորդ ոչ պակաս կարեւոր բացահայտումը մեզ համար այն է, որ Արարատի մարզում կա համայնք, տվյալ դեպքում` Արարատ քաղաքը, որը 40 մլն բյուջետային պարտք է ունեցել: Մինչդեռ, Տարածքային կառավարման նախարարությունը ամիսներ առաջ «Հետքին» տված հարցազրույցի ժամանակ հայտնել էր, որ Արարատի մարզը միակն է, որտեղ ոչ մի համայնք բյուջետային պարտք չունի: Գուցե այն պատճառով, որ այս մարզում պարտքերը մարվում են կառավարության ֆոնդից արված հատկացումներո՞վ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել